Հա

Քաղաքական

20/08/2018

Իրանի եւ Գերմանիայի յարաբերութիւնների առանձնայատկութիւնը՝ Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցների փուլում

Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելլա Մերկէլը օգոստոսի 23-25-ը կայցելի Հարաւային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան, որոնց ղեկավարների հետ կայանալիք երկկողմ հանդիպումների ընթացքում նախատեսւում են քննարկումներ ինչպէս տնտեսական համագործակցութեան, այնպէս էլ արտաքին քաղաքական, մասնաւորապէս Եւրոպայի հետ յարաբերութիւններին առնչւող թեմաների շուրջ: 

Արմէն Իսրայէլեան

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելլա Մերկէլը օգոստոսի 23-25-ը կայցելի Հարաւային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան, որոնց ղեկավարների հետ կայանալիք երկկողմ հանդիպումների ընթացքում նախատեսւում են քննարկումներ ինչպէս տնտեսական համագործակցութեան, այնպէս էլ արտաքին քաղաքական, մասնաւորապէս Եւրոպայի հետ յարաբերութիւններին առնչւող թեմաների շուրջ: 

Հարաւային Կովկասի երկրներից իւրաքանչիւրն Իրանի հետ ունի տնտեսական սերտ յարաբերութիւններ, այդ համատեքստում ներկայացնենք Իրանի եւ Գերմանիայի յարաբերութիւնների առանձնայատկութիւնը՝ ԻԻՀ նկատմամբ սահմանւած ամերիկեան պատժամիջոցների փուլում:

Իրանի և «5+1 խմբի» միջեւ ստորագրւած միջուկային համաձայնագրից Միացեալ Նահանգների՝ միակողմանի դուրս գալուց յետոյ շուրջ երկու ամիս տեւած բանակցութիւնների արդիւնքում յուլիսի 6-ին Վիեննայում տեղի ունեցաւ նոր՝ «4+1» ձեւաչափով առաջին հանդիպումը՝ մասնակից երկրների արտգործնախարարների մակարդակով: Հանդիպման աւարտին 10 կէտից բաղկացած համատեղ յայտարարութիւն հրապարակւեց, ըստ որի՝ «4+1 խումբը» յանձնառութիւն էր ստանձնում շարունակել Իրանի հետ տնտեսական համագործակցութիւնը:

Վիեննայի հանդիպման նախօրէին ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի եւ Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի միջեւ տեղի ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում, ի պատասխան Ռուհանիի յայտնած մտահոգութիւններին, թէ Եւրոպայի ներկայացրած առաջարկութիւնների փաթեթը հիասթափեցնող էր եւ ներկայացւած առաջարկութիւնների փաթեթում գործողութիւնների ընթացքը յստակ չի ձեւակերպւել, Անգելլա Մերկէլը պատասխանել էր. «Կարեւորն այն է, որ մենք շարունակում ենք հետեւել միջուկային համաձայնութեանը, իսկ գործողութիւնների հետագայ ընթացքի եւ այլ մանրամասների վերաբերեալ պէտք է բանակցել եւ ընթանալ առաջ»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցների մասին հրամանագրի ստորագրումն իրավիճակն աւելի բարդացրեց, սակայն ԵՄ-ն հաւատարիմ մնաց Վիեննայում ստանձնած պարտաւորութիւններին, եւ Թրամփի որոշմանն ի պատասխան ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով բարձր յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եւ «Եւրաեռեակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) արտգործնախարարները համատեղ յայտարարութիւն տարածեցին՝ ափսոսանք յայտնելով Վաշինգտոնի քայլերի առնչութեամբ՝ միեւնոյն ժամանակ յայտարարելով, որ միջուկային համաձայնագիրը ստորագրած երկրները պէտք է Իրանի հետ շարունակեն տնտեսական համագործակցութիւնը:

Բացի այդ՝ Գերմանիայի առեւտրի նախարար Փեթեր Ալթմայերը, քննադատելով Միացեալ Նահանգների նախագահի այդ քայլը, ընդգծել էր միջուկային համաձայնութեան կատարման անհրաժեշտութիւնը եւ յաւելել. «Վաշինգտոնին թոյլ չենք տայ, որ մեզ թելադրի, թէ որ երկրի հետ առտուր անենք, որ երկրի հետ, ոչ»:

Ներմուծման ծաւալների ցուցանիշով ԵՄ անդամ երկրների շարքում Գերմանիան միակն է, որը գտնւում է առաջին հնգեակում (Իրանի 5-րդ առեւտրային գործընկերն է): 7-րդ տեղում գտնւում է Շւէյցարիան, 8-րդ տեղում՝ Ֆրանսիան, իսկ տասնեակը եզրափակում է Իտալիան:

2017թ. Իրանը Գերմանիայից 2 մլրդ. 347 մլն. դոլարի ապրանք է ներկրել: Սա կարեւոր ցուցանիշ է, ուստի միանգամայն բնական է, որ Գերմանիայի առեւտրի նախարարը պէտք է նման կերպ արձագանքեր:

Այդուհանդերձ պէտք է նշել, որ ամերիկեան պատժամիջոցներով պայմանաւորւած մի շարք խոշոր ընկերութիւններ, ինչպիսիք են՝ «Դայմլերը», «Պեժոն», «Տոտալը», «Գերմանական երկաթուղիները» եւ այլն ստիպւած են եղել դադարեցնել Իրանում իրենց գործունէութիւնը:

Աւանդաբար Գերմանիան նշանակալի ներկայութիւն է ունեցել Իրանի շուկայում: Նոյնիսկ Իրանի նկատմամբ սահմանւած ամենախիստ պատժամիջոցների ընթացքում Գերմանիան միշտ վերապահումներ է ունեցել ամերիկեան պատժամիջոցների նկատմամբ՝ փորձելով Թեհրանի հետ պահպանել տնտեսական համագործակցութիւնը:

Ս.թ. մարտին Իրանում Գերմանիայի դեսպանը Թաւրիզ կատարած այցի ընթացքում յայտարարել էր, որ Գերմանիան ցանկութիւն ունի Թաւրիզում հիւպատոսութիւն բացել: Եթէ այդ նախաձեռնութիւնն ի կատար ածւի, ապա Հայաստանի համար եւս մէկ հնարաւորութիւն է բացւում Իրանի հետ տնտեսական յարաբերութիւններն ընդլայնել ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ ձեւաչափով՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Եւրոմիութեան միջեւ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիր է ստորագրւել, Եւրոմիութեան ֆինանսաւորմամբ նախատեսւում է վերանորոգել Մեղրիի անցակէտը, ինչպէս նաեւ Մեղրիի եւ Իրանի «Արաս» ազատ տնտեսական գօտիների միջեւ ակտիւ համագործակցութիւն է ծաւալւում:

Այդ առումով օգտակար կը լինի, որ Երեւանի նախաձեռնութեամբ Իրանի, Հայաստանի, Եւրոմիութեան, ինչպէս նաեւ Վրաստանի մասնակցութեամբ համատեղ հանդիպումներ կազմակերպւեն՝ քննարկելու տնտեսական համագործակցութեանն առնչւող հարցեր, ծանօթանալու խնդիրներին:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցներին եւ դրանց նկատմամբ Գերմանիայի դիրքորոշմանը՝ նկատենք, որ անկախ այն հանգամանքից, որ «4+1 խումբը» յանձնառութիւն է ստանձնել հետեւել միջուկային համաձայնութեան կատարման ընթացքին, պէտք է արձանագրել, որ ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնութիւնից դուրս գալն իր բացասական ազեցութիւնն արդէն գործել է: Օբեկտիւօրէն բազմաթիւ կազմակերպութիւններ ստեղծւած իրավիճակով պայմանաւորւած իրենց կամքից անկախ դադարեցրել են Իրանի հետ համագործակցութիւնը, հետեւաբար իրատեսական չէ Իրանի կողմից «4+1 խմբից» պահանջել այն, ինչի պատասխանատուն այդ խումբը չէ: Կարեւոր է ընդծել նաեւ, որ մինչեւ վերջին պատժամիջոցների սահմանումը, այնպէս չէր, որ Իրանի հետ բանկային գործարքներն իրականացւում էին առանց խոչընդոտների եւ տնտեսական համագործակցութիւնը հարթ էր ընթանում:

Նշենք, որ «4+1 խմբի» անդամների՝ այսպէս ասած Իրանի նկատմամբ ստանձնած պարտաւորութիւնները սահմանափակւում են միայն միջուկային համաձայնութեան շրջանակներում, իսկ դրանից դուրս երկրներն առաջնորդւում են իրենց քաղաքական շահերով, որոնք կարող է եւ չհամընկնեն Իրանի շահերի հետ:

Այդ համատեքստում Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը օգոստոսի 18-ին Բեռլինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է. «Գերմանիան հաւատարիմ է միջուկային համաձայնութեանը, սակայն միեւնոյն ժամանակ Իրանի հրթիռային համակարգերի, ինչպէս նաեւ Եմէնում ԻԻՀ ազդեցութեան առնչութեամբ իր մտահոգութիւնն է յայտնում»:

Այսինքն՝ միջուկային համաձայնութեան շրջանակներում Գերմանիան յստակ ձեւակերպում է Իրանի հետ իր համագործակցութեան ձեւաչափը, սակայն միեւնոյն ժամանակ միջուկային համաձայնութեան շրջանակներում իր մօտեցումները յստակ տարանջատում է տարածաշրջանային զարգացումների վերաբերեալ իր դիրքորոշումից՝ այդ հարցում համահունչ գործելով իր գործընկերների քայլերին: 

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։