Հա

Քաղաքական

26/08/2018 - 08:40

Տեղի ունեցաւ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի տուն-թանգարանի բացումը

Երէկ՝ օգոստոսի 25-ին, Թեհրանի Ջամարան թաղամասում տեղի ունեցաւ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի տուն-թանգարանի բացման հանդիսաւոր արարողութիւնը:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 25-ին, Թեհրանի Ջամարան թաղամասում տեղի ունեցաւ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի տուն-թանգարանի բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Արարողութեանը ներկայ էին Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, հոջ. Սէյէդ Հասան Խոմէյնին, Մոհամմադ Հաշեմին, Մոհսէն Հաշեմի Ռաֆսանջանին եւ հանգուցեալի ընտանիքի անդամները, հարազատներն ու մտերիմները:

Նշենք, որ այս տունը, բնակութեան նպատակով, այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի ընտանիքին էր տրամադրւել Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի հրահանգով՝ 1358 թւականին, այաթ. Ռաֆսանջանիի դէմ իրականացւած անյաջող մահափորձից յետոյ:

Տուն-թանգարանի բացման արարողութեանը զուգահեռ, երէկ տեղի է ունեցել նաեւ «Ճգնաժամի յաղթահարումն ու Իրանի բարգաւաճումը» խորագրով խորհրդաժողովը, որի ընթացքում քննարկւել են երկրի զարգացման եւ բարգաւաճման վերաբերեալ հանգուցեալ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մօտեցումները:

Խորհրդաժողովում, ելոյթով հանդէս են եկել Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, հոջ. Սէյէդ Հասան Խոմէյնին, Աքբար Թորքանը, Մաջիդ Ղասեմին, Հոսէյն Ալային, Ֆերէյդուն Վարդի Նեժադը եւ Մոհսէն Հաշեմի Ռաֆսանջանին:

Էսհաղ Ջահանգիրին իր ելոյթում, այաթ. Ռաֆսանջանիին բնութագրեց որպէս «Իսլ. յեղափոխութեան այցեքարտը»՝ անդրադառնալով նրա առանցքային դերակատարութեանը յեղափոխութեան եւ յետյեղափոխութեան ամենատարբեր հանգրւանների ընթացքում:

Դոկտ. Զարիֆն էլ իր հերթին այաթ. Ռաֆսանջանիին անւանեց «երկրի միջուկային ծրագրի ճարտարապետը»՝ նշելով, որ նրա նախագահութեան օրօք է տրւել երկրի միջուկային ծրագրի մեկնարկը:

Հոջ. Սէյէդ Հասան Խոմէյնին էլ անդրադառնալով այաթ. Ռաֆսանջանիի տարիների գործունէութեանը, նրան բնութագրեց որպէս «հասարակական բարեփոխիչ», որը կարեւորում էր ժողովրդի կարծիքն ու երբեք դէմ չէր գնում դրան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։