Հա

Քաղաքական

28/08/2018 - 13:20

Միայն մէկ հարցի պատասխանն է բաւարարել խորհրդարանին. նախագահը պատասխանում է պատգամաւորների հարցերին

Արդէն տեղեկացրել ենք, որ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ առաւօտեան ներկայ է գտնւել Իսլ. խորհրդարանում՝ պատասխանելու համար իրեն ուղղւած պատգամաւորների հարցերին:

«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել ենք, որ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ առաւօտեան ներկայ է գտնւել Իսլ. խորհրդարանում՝ պատասխանելու համար իրեն ուղղւած պատգամաւորների հարցերին:

Իր ելոյթի սկզբում, նախագահը նշել է, թէ պատասխանատու լինելը համակարգի ղեկավարութեան հզօրագոյն յատականիշն է. «Ոչ ոք թող չկարծի, թէ պատասխանատու լինելը թուլութեան նշան է»,- նշել է նա:

Դոկտ. Ռոհանին այս օրը կարեւոր օր է համարել երկրի եւ կրօնական ժողովրդավարութեան համար՝ նշելով, թէ մեր բարեկամներն ու թշնամիները թող չկարծեն, թէ այս օրը կառավարութեան եւ խորհրդարանի միջեւ խզման սկիզբն է ազդարարում:

Նա յատուկ ընդգծել է, թէ այսօրւայ նիստը մեծ յուսախաբութիւն է պատճառելու յատկապէս Սպիտակ տանը, որովհետեւ այն ամրապնդելու է գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնների միասնականութիւնը:

«Չենք վախենում ո՛չ ԱՄՆ-ից եւ ո՛չ էլ դժւարութիւններից: Մենք յաղթահարելու ենք դրանք»,- յայտարարել է դոկտ. Ռոհանին:

Անդրադառնալով պատգամաւորների հարցերին, նախագահը նշել է, որ փորձելու է սպառիչ պատասխան տալ դրանց:

Խօսելով մաքսանենգութեան դէմ պայքարի մասին, դոկտ. Ռոհանին նշել է, թէ անցեալ 4 տարիների ընթացքում կառավարութեանը յաջողւել է ներմուծման ոլորտում, մաքսանենգութեան ծաւալները 25 մլրդ. դոլարից իջեցնել մինչեւ 12.5 մլրդ. դոլար:

Ինչ վերաբերւում է արտահանմանը, ապա մաքսանենգութեան ծաւալները 8.7 մլրդ. դոլարից իջել են՝ հասնելով ընդամենը 500 մլն. դոլարի:

Վառելանիւթերի մաքսանենգութեան դէմ պայքարի ասպարէզում եւս գրանցւած ցուցանիշերը դրական են: 4 տարւայ ընթացքում դրանց ծաւալները նւազել են 6.6 մլրդ. դոլարով:

Գործադրած բոլոր ջանքերով հանդերձ, թէ ինչո՞ւ է շարունակւում մաքսանենգութիւնը, նախագահը նշել է, որ դա պայմանաւորւած է տնտեսական մեծ շահոյթի դրդապատճառով:

Ըստ նրա՝ Մաքսանենգութեան դէմ պայքարի յանձնաժողովը վերկառավարական մարմին է, որի աշխատանքի յաջողութիւնը պայմանաւորւած չէ միայն կառավարութեան գործունէութեամբ: Այն ենթադրում է խնդրին առնչւող պետական բոլոր կառոյցների համադրւած եւ լիարժէք աշխատանք:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրից յետոյ բանկային պատժամիջոցների շարունակւելու մասին հարցին, դոկտ. Ռոհանին նշել է, որ Միջուկային գործարքից յետոյ, երկրի բանկային համակարգի վիճակն անհամեմատելի է դրանից առաջ եղած վիճակի հետ:

Վերացել է իրանական բանկերի համար ստեղծւած փակուղային վիճակը, ինչն էլ վերջիններիս թոյլ է տւել աշխարհի աւելի քան 300 բանկերի հետ գործնական կապեր հաստատել:

Ըստ նրա՝ երկրի բանկային համակարգի բոլոր խնդիրները պատժամիջոցների հետ կապւած չէ: Դրանց որոշակի հատւածը կապւած է ներքին խնդիրների հետ, որոնց կարգաւորման համար էլ ԿԲ նոր ղեկավարութիւնը լուրջ քայլեր է ձեռնարկում:

Պատասխանելով գործազրկութեան ծաւալների վերացման նպատակով կառավարութեան ձեռնարկած քայլերի վերաբերեալ հարցին, դոկտ. Ռոհանին ասել է, որ գորածազրկութիւնը հիմնականում պայմանաւորւած է հասարակութեան ակտիւ զանգւածի աննախադէպ աճով, ինչ էլ առկայ բացասական ցուցանիշի պատճառն է դարձել:

Նախագահը նշել է, թէ վերջին երկու տարւայ ընթացքում, տարեկան կտրւածքով, միջին հաշւով 700 հազար նոր աշխատատեղ է ստեղծւել, այն դէպքում, երբ նոյն ժամանակահատւածում, տարեկան կտրւածքով 936 հազար հոգի մուտք է գործել աշխատանքի շուկայ:

Դոկտ. Ռոհանին տեղեկացրել է, որ կառավարութիւնը գործնական որոշակի քայլեր է ձեռնարկում գործազրկութեան բացասական ցուցանիշի կարգաւորման համար:

Անդրադառնալով տնտեսական ճգնաժամի թեմային, նախագահը նշել է, թէ յետպատերազմեան շրջանում, իր գլխաւորած կառավարութիւնն առաջինն էր, որն իր աշխատանքը մեկնարկեց տնտեսական աճի բացասական, իսկ սղաճի ցուցանիշների դրական պայմանում:

Այդուհանդերձ, կառավարութեանը յաջողւեց իր գործունէութեան հէնց առաջին տարում կանխել սղաճն ու գրանցել տնտեսական աճի դրական ցուցանիշ:

Ըստ նրա՝ վերջին 5 տարիների ընթացքում, միջին հաշւով, 4 տոկոսանոց տնտեսական աճ է գրանցւել, ինչն էլ դրական երեւոյթ է:

Նա, սակայն, խոստովանել է, որ երկիրը դեռեւս հեռու է տնտեսական աճի այն մակարդակից, ինչն ակնկալում է հասարակութիւնը:

Պատասխանելով ազգային արժոյթի արժեզրկման եւ արտարժոյթի կտրուկ գնաճի վերաբերեալ հարցին, նախագահը նշել է, որ տնտեսական պատճառներից առաւել, ազդեցիկ են եղել հասարակական, հոգեբանական եւ արտաքին քաղաքականութեան հետ կապւած խնդիրներ, որոնք էլ իրենց բացասական հետքն են թողել արտարժոյթի շուկայի վրայ:

Նա նշել է, որ արտարժոյթի շուկայի հետ կապւած կառավարութեան քաղաքականութեան փոփոխութիւնը պայմանաւորւած է եղել գործնական դաշտում իրավիճակի փոփոխութեան հետ:

Ըստ նրա՝ իրավիճակի կարգաւորման համար կառավարութիւնը գործնական յստակ քայլեր է ձեռնարկել, որի արդիւնքներն ի յայտ կը գան շուտով, եւ շուկայի կայունացման ականատեսը կը լինենք:

Հանրապետութեան նախագահի ելոյթին յաջորդել է նրա պատասխանների վերաբերեալ քւէարկութիւնը, որի արդիւնքում պարզ է դարձել, թէ արծարծւած 5 հարցերի վերաբերեալ նախագահի ներկայացրած բացատրութիւններից միայն մէկն է բաւարարել պատգամաւորներին:

Մաքսանենգութեան հարցի վերաբերեալ նախագահի ներկայացրած բացատրութիւններին կողմ է քւէարկել 123 պատգամաւոր, դէմ՝ 138-ը, ձեռնպահ՝ 6-ը (Քւէարկութեանը մասնակցել է 271 պատգամաւոր):

Բանկային պատժամիջոցների շարունակութեան հարցի վերաբերեալ նախագահի ներկայացրած բացատրութիւններին կողմ է քւէարկել 137 պատգամաւոր, դէմ՝ 130-ը, ձեռնպահ՝ 3-ը (Քւէարկութեանը մասնակցել է 271 պատգամաւոր):

Գործազրկութեան հարցի վերաբերեալ նախագահի ներկայացրած բացատրութիւններին կողմ է քւէարկել 74 պատգամաւոր, դէմ՝ 190-ը, ձեռնպահ՝ 8-ը (Քւէարկութեանը մասնակցել է 273 պատգամաւոր):

Տնտեսական ճգնաժամի հարցի վերաբերեալ նախագահի ներկայացրած բացատրութիւններին կողմ է քւէարկել 116 պատգամաւոր, դէմ՝ 150-ը, ձեռնպահ՝ 6-ը (Քւէարկութեանը մասնակցել է 272 պատգամաւոր):

Ազգային արժոյթի արժեզրկման եւ արտարժոյթի կտրուկ գնաճի պատճառների հարցի վերաբերեալ նախագահի ներկայացրած բացատրութիւններին կողմ է քւէարկել 68 պատգամաւոր, դէմ՝ 196-ը, ձեռնպահ՝ 8-ը (Քւէարկութեանը մասնակցել է 272 պատգամաւոր):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։