Հա

Քաղաքական

29/08/2018

Անվտանգութեան նախարար. «Իրանի դէմ շուրջ 32 ահաբեկչական խմաբւորում է գործում»

Իրանի դէմ աշխատում է ահաբեկչական ճակատ, որն իր մէջ շուրջ 32 տարբեր ահաբեկչական խմբաւորումների է ներառում:

«alikonline.ir» - Իրանի դէմ աշխատում է ահաբեկչական ճակատ, որն իր մէջ շուրջ 32 տարբեր ահաբեկչական խմբաւորումների է ներառում:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին երէկ՝ օգոստոսի 28-ին, հեռուստատեսութեան «Այս երեկոյեան վերնագիրը» հաղորդման ժամանակ յայտարարել է անվտանգութեան նախարար հոջ. Սէյէդ Մահմուդ Ալաւին:

Նշելով, որ յիշեալ խմբաւորումները ցանկանում են Իրանում ստեղծել այնպիսի իրավիճակ՝ ինչպիսին Սիրիայում է, նախարարը տեղեկացրել է, որ երկրում շիա-սուննի հակամարտութիւն սադրելու նպատակով, ահաբեկիչները ծրագրել էին սպանել սուննի 5 բարձրաստիճան հոգեւորականի. «Դաւադրութիւնը, սակայն, կանխւեց եւ այդ գործում առանցքային դերակատարութիւն ունէին սուննի հայրենակիցները»,- ասել է նա:

Վստահեցնելով, որ անվտանգութեան համակարգը լիարժէքօրէն տիրապետում է օպերատիւ իրավիճակին՝ հոջ. Ալաւին յայտնել է, որ անցեալ տարւայ ընթացքում նախարարութեան աշխատակիցները հարւածել են աւելի քան 230 ահաբեկչական կորիզի, որոնք ամենատարբեր բնոյթի ահաբեկչական գործողութիւններ էին ծրագրել:

«Այս ամսւայ ընթացքում մենք յայտնաբերել եւ չէզոքացրել ենք համալսարանում եւ մետրոյում ահաբեկչական գործողութիւն իրականացնելու նախագծեր: Երկրի հարաւում ձերբակալել ենք ԴԱԷՇ-ի մէկ անդամի, իսկ հիւսիս-արեւմտեան շրջանում ոչնչացրել ենք մէկ ահաբեկչական խմբաւորման»,- յայտնել է նախարարը՝ յաւելելով, որ հասարակութեան մօտ խուճապային իրավիճակ չառաջացնելու նպատակով, նախարարութիւնն ընդհանրապէս իր գործունէութեան մասին սահմանափակ տեղեկատւութիւն է հրապարակում:

«Թիրի 25-ին մայարքաղաքում հարւածել ենք ԴԱԷՇ-ի հետ կապւած ահաբեկչական մի կորիզի: Յուսով ենք, որ ժողովրդի աջակցութեամբ կը շարունակենք մեր յաջողութիւնները»,- նշել է նա:

Անդրադառնալով նախարարութեան հակահետախուզութեան բաժնի գործունէութեանը, նախարարը նշել է, որ այն լաւագոյններից է աշխարհում, որն ամբողջովին տիրապետում է երկրի տարածքում թշնամական ուժերի համապատասխան կառոյցների գործունէութեանը:

Ըստ նրա՝ հակահետախուզութիւնը գերազանց է կատարում իր վրայ դրւած պարտականութիւնները եւ վերջին շրջանում յայտնաբերել է ու ձերբակալել է պետական տարբեր կառոյցներում աշխատող տասնեակ լրտեսների:

Դեռ աւելին՝ կարողանում է ներթափանցել թշնամական երկրների պետական կառոյցներում. «Վերջերս տեղեկացանք, թէ մեզ յաջողւել էր հաւաքագրել թշնամական մի երկրի նախարարներից մէկին»,- ասել է հոջ. Ալաւին՝ չնշելով, սակայն, թէ խօսքը որ երկրի մասին է:

Նշենք, որ երկու ամիս առաջ, իսրայէլական յատուկ ծառայութիւնները տեղեկացրել էին, թէ Իրանի համար լրտեսութեան մեղադրանքով, ձերբակալել են երկրի էներգետիկայի նախկին նախարարին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։