Print this page
08/09/2018

Թեհրանը, Մոսկւան եւ Անկարան պայմանաւորւել են շարունակել աշխատել Սիրիայում հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ

Երէկ՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացել է Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների գագաթաժողովը:

«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացել է Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների գագաթաժողովը:

Գագաթաժողովի արդիւնքում, երեք երկրները պայմանաւորւել են շարունակել պայքարն ահաբեկչութեան դէմ եւ յանուն Սիրիայում իրավիճակի կարգաւորման:

Գագաթաժողովի աւարտին, մասնակիցները հանդէս են եկել ամփոփիչ հաղորադագրութեամբ, որում կոչ են արել համաշխարհային հանրութեանը, մասնաւորապէս ՄԱԿ-ին, աւելացնել Սիրիային ցուցաբերւող օգնութիւնը: 

«ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարները կոչ են արել միջազգային հանրութեանը, մասնաւրապէս ՄԱԿ-ին ու նրա հումանիտար ստորաբաժանումներին, աւելացնել իրենց օգնութիւնը՝ Սիրիային լրացուցիչ մարդասիրական օգնութիւն տրամադրելու, ականազերծման, ենթակառուցւածքի հիմնական օբիեկտների, ներառեալ սոցիալ-տնտեսական օբիեկտների վերականգնման հետ կապւած հումանիտար գործունէութեանն օժանդակելու ճանապարհով»,- ասւած է ամփոփիչ հռչակագրում:

Երեք երկրները հաստատել են իրենց յանձնառութիւնը Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման կապակցութեամբ՝ վճռական պատրաստակամութիւն յայտնելով դիմակայելու Սիրիայի ամբողջականութեան խախտմանն ուղղւած անջատողականութեանը:

Ռոհանին, Պուտինն ու Էրդողանը կարեւորել են Սիրիայում իրենց բնակութեան սկզբնական վայրեր փախստականների ու ներքին վերաբնակների անվտանգ ու կամաւոր վերադարձի համար պայմանների ստեղծման անհրաժեշտութիւնը: Նրանք պայմանաւորւել են քննարկել սիրիացի փախտականների եւ ներքին վերաբնակների խնդրին նւիրւած միջազգային խորհրդաժողով գումարելու գաղափարը:

«Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան կը շարունակեն բոլոր ջանքերը ներդնել Սիրիայում քաղաքացիական անձանց պաշտպանելու եւ երկրի հումանիտար իրադրութեան բարելաւման համար»,- ասւած է ամփոփիչ հռչակագրում:

Կողմերը պայմանաւորւել են, որ նոյն ձեւաչափով յաջորդ հանդիպումը տեղի կունենայ Ռուսաստանում:

Յարակից լուրեր