Հա

Քաղաքական

05/11/2018 - 13:00

Հանրապետութեան նախագահ. «ԱՄՆ-ն առաւել քան երբեւէ մեկուսացած է»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով իր նիւեօրքեան այցին, ասել է, թէ այցի ընթացքում 4 մեծ երկրների նախագահներ փորձել են միջնորդ հանդիսանալ, որպէսզի կայանայ իր եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով իր նիւեօրքեան այցին, ասել է, թէ այցի ընթացքում 4 մեծ երկրների նախագահներ փորձել են միջնորդ հանդիսանալ, որպէսզի կայանայ իր եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Այս մասին նախագահը յայտարարել է այսօր՝ նոյեմբերի 5-ին, տնտեսութեան նախարարութեան բարձրաստիճան ղեկավարութեան հետ կայացած հանդիպման ժամանակ, նշելով, որ նման հանդիպման համար միջնորդներ անհրաժեշտ չեն:

«Մենք բանակցելու համար որեւէ խնդիր չունենք: Միւս կողմը եթէ կատարի իր ստանձնած պարտաւորութիւններն ու յարգի ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, ապա հնարաւոր կը լինի բանակցել»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով պաշտօնական Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականութեանը, դոկտ. Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ն այսօր, առաւել քան երբեւէ մեկուսացած է. «Տեսէք, թէ քանի՞ երկիր է պաշտպանում ԱՄՆ-ի դիրքորոշումները, իսկ քանի երկիր է դէմ դրան»,- ասել է նա՝ յաւելելով, որ ԱՄՆ-ը երկու գլխաւոր նպատակ է հետապնդում. թուլացնել Իրանին եւ յուսախաբ անել ժողովրդին. «Չի ստացւի, չեն յաջողի: Ոչ Իրանը կը թուլանայ, ոչ էլ ժողովուրդը կը յուսախաբւի»,- ընդգծել է նա:

Ըստ նրա ԱՄՆ-ին չի յաջողւի զրոյական մակարդակի հասցնել Իրանի նաւթի վաճառքը: Իրանը նաւթը կը վաճառի ու կը շրջանցի ԱՄՆ-ի կողմից կրկին վերականգնւած պատժամիջոցները. «Ամերիկան ցանկանում է զրոյական մակարդակի հասցնել մեր նաւթի վաճառքը, բայց մենք կը շարունակենք նաւթի վաճառքը, կը խախտենք պատժամիջոցները: Սա Իրանի դէմ տնտեսական պատերազմ է, բայց Ամերիկան պէտք է իմանայ, որ Իրանի դէմ չի կարող կիրառել ուժի լեզուն: Մենք պատրաստ ենք դիմակայել ցանկացած ճնշման»,- յստակեցրել է նախագահը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։