Հա

Քաղաքական

06/11/2018 - 10:10

«ԱՄՆ-ը ցանկանում է վերադառնալ Իրան, սակայն վերջինս նրան թոյլ չի տալիս դա անել». Ժորժիկ Աբրահամեանը՝ պատժամիջոցների մասին

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի խօսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառւող պատժամիջոցները նորութիւն չեն, այս օրերին Իրանի փողոցներում էլ Միացեալ Նահանգների դէմ տեղի ունեցող բողոքի ակցիաներն 40 տարի առաջւանից՝ պատմութիւնից եկող եւ «կարմիր թելով» գնացող իրադարձութիւնների շարունակութիւնն են:

«alikonline.ir» - Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի խօսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառւող պատժամիջոցները նորութիւն չեն, այս օրերին Իրանի փողոցներում էլ Միացեալ Նահանգների դէմ տեղի ունեցող բողոքի ակցիաներն 40 տարի առաջւանից՝ պատմութիւնից եկող եւ «կարմիր թելով» գնացող իրադարձութիւնների շարունակութիւնն են:

Նա «tert.am»-ի հետ զրոյցում նկատեց՝ դրանց հիմքում ընկած է գաղափարախօսութիւն, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան իշխանութիւնը մերժում է ԱՄՆ-ի գերիշխանութիւնը:

«Ամերիկան վտարւեց այս երկրից․մի վայր, որն իր ժառանգութիւն էր համարւում, իր խաղադաշտն էր համարւում եւ արդէն մօտ 40 տարի է՝ փորձում է վերադարձնել իր կորցրածը, սակայն նրան դա չի յաջողւում: Նորութիւն չէ այսօրւայ իրավիճակը, շարունակական է՝ սկսած պատերազմներով, վերջացրած յարձակումներով, Միացեալ Նահանգները փորձում է վրէժ լուծել և վերադառնալ Իրան, իր ունեցած հնարաւորութիւնները ձեռք բերել, իսկ Իրանի ժողովուրդը պայքարում է դրա դէմ»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 5-ից ԱՄՆ-ի կողմից մեկնարկել է Իրանի նկատմամբ կիրառւող նոր պատժամիջոցների փուլը, որոնք թիրախաւորում են Իրանի նաւթային, առեւտրային ու բանկային ոլորտները:

Նշենք նաեւ, որ Թեհրանում եւ Իրանի մի շարք այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին զանգւածային ցոյցեր են անցկացւել ընդդէմ Միացեալ Նահանգների: Բողոքի ակցիաներին մի քանի հազար մարդ է մասնակցել:

Ցուցարարները վանկարկել են «Մա՛հ Ամերիկային»: Նրանցից շատերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրող պաստառներ են պատրաստել: Ցուցարարներն այրել են նաեւ Միացեալ Նահանգների պետական դրօշն ու դոլարի թղթադրամները:

Ժորժիկ Աբրահամեանը նկատեց, որ հիմնականում դրսում տպաւորութիւնները ստեղծւում են՝ հիմնւելով ամերիկեան քարոզչամեքենայի տարածած տեղեկատւութեան վրայ:

«ԱՄՆ ցանկանում է վերադառնալ Իրան, սակայն վերջինս նրան դա անել թոյլ չի տալիս․այն սառը պատերազմը, որը երբեմն թեժանում է, գոյութիւն ունի»,- ասաց նա՝ հաւաստելով, որ Իրանը ԱՄՆ-ի կողմից կիրառւող պատժամիջոցներից ընդհանրապէս չի վախենում, քանի որ արդէն 40 տարի է՝ ԱՄՆ-ը նման քաղաքականութիւն է վարում, իսկ Իրանը սովորել է դրան: 

Իրանահայ պատգամաւորի խօսքով՝ Միացեալ Նահանգները փորձում է աշխարհին Իրանի դէմ տրամադրել, սակայն դա նրա մօտ չի ստացւելու: «Ամբողջ պատմութեան ընթացքում Միացեալ Նահանգները մենակ չի եղել, ունեցել է նաեւ դաշնակիցներ»,- ասաց նա: Յետոյ յիշատակեց, որ Իրանը տարիներ առաջ աշխարհի հետ Միջուկային համաձայնագրի շուրջ բանակցութիւնների մէջ մտաւ, յայտնեց, որ իր միջուկային գործողութիւնները միայն խաղարարար են, համաձայնութեան եկան, որ միմեանց հետ յարաբերութիւններն աւելի ճիշտ լինեն, սակայն Միացեալ Նահանգները դրժեց այդ համաձայնութիւնը:

«Պարոն Թրամփը դուրս եկաւ այդ համաձայնութիւնից՝ կրկին յոխորտալով, որ պատժամիջոցներ պէտք է կիրառի, եւ կարծես թէ նա այդ միջոցը կիրառում է ամէն պարագայում եւ ամէն տեղ՝ մտքին ունենալով, որ իրենց այդ քաղաքականութիւնը կարող է  մեծ ազդեցութիւն ունենալ Իրանի տնտեսութեան վրայ: Դրա արդիւնքում Իրանում ձեւաւորւում է դիմադրողական շարժումը: Այնպէս որ այս պայքարը շարունակւում է»,- ասաց նա:

Իրանը Միացեալ Նահանգների պատժամիջոցներին, ըստ Ժորժիկ Աբրահամեանի՝ պատասխանում է իր հանդարտ առաջխաղացումով․ քայլ առ քայլ Իրանը ծրագրում է իր ազգային շահերը պարունակող քայլեր եւ արարքներ, որոնք յաջողութեամբ են պսակւում:

Իսկ թէ արդեօք հիմա Իրանին պէ՞տք են գործընկերներ, աջակիցներ, պատգամաւորը պատասխանեց․«Եթէ Իրանի ժողովուրդը շարունակում է իր պայքարը, ժամանակի ընթացքում ձեռք է բերելու դաշնակիցներ, որոնց շահերը չեն համընկնելու Միացեալ Նահանգների վարած քաղաքականութեան հետ: Այդ պարագայում ԱՄՆ-ը թէեւ ներուժ է՝ տնտեսական եւ այլն, չի կարողանայ իր տեսակէտը պարտադրել Իրանի ժողովրդին: Ինձ թւում է՝ Միացեալ Նահանգների քաղաքականութեան դէմ պայքարը մի երկարընթաց երեւոյթ է, որն ի վերջոյ, հասնելու է եզրագծի, եւ այդ եզրագիծը Միացեալ Նահանգների պարտութիւնն է լինելու»,- ասաց նա:

Խօսելով Հայաստանի հետ Իրանի յարաբերութիւնների մասին, թէ արդեօք վերջինս ակնկալում է առաջինից աջակցութիւն՝ Ժորժիկ Աբրահամեանը նշեց՝ պէտք է նախ հասկանալ, թէ ինչ դեր ունի Հայաստանը բանկային, առեւտրային «մեծ խաղերում»:

«Այն, որ Հայաստանի դիրքորոշումը միշտ դրական է եղել Իրանի նկատմամբ, արդէն լաւ է: Վերջերս Բոլթոնի այցի ժամանակ Նիկոլ Փաշինեանն էլ ասաց, որ Իրանի հետ հարեւան է, շրջափակման է ենթարկւած Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, եւ Հայաստանը չի կարող խզել իր կապերը Իրանի հետ: Սա արդէն դրական երեւոյթ է»,- ասաց նա՝ նշելով, որ իրեն թւում է, որ ինչպէս անցեալում, այնպէս էլ հիմա Հայաստանը ճիտ քաղաքականութիւն է մշակում, իր շահերով է առաջնորդորւում, իսկ դա ենթադրում է, որ իր հարեւանների հետ Հայաստանը լաւ յարաբերութիւններ կը հաստատի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։