Հա

Քաղաքական

18/11/2018 - 09:10

«Իրաքի հետ տնտեսական յարաբերութիւնների ծաւալը հնարաւոր է մեծացնել՝ հասցնելով մինչեւ 20 մլրդ. դոլար». նախագահ Ռոհանին՝ Իրաքի նախագահի հետ համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ

Պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Իրաքի Հանրապետութեան նախագահ Բարհամ Սալեհը երէկ՝ նոյեմբերի 17-ին հանդիպել է Իրանի բարձրաստիճան ղեկավարութեան ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Իրաքի Հանրապետութեան նախագահ Բարհամ Սալեհը երէկ՝ նոյեմբերի 17-ին հանդիպել է Իրանի բարձրաստիճան ղեկավարութեան ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սալեհիի հետ առաջինը հանդիպել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: Հանդիպման ընթացքում երկու նախագահները քննարկել են երկկողմ յարաբերութիւները, դրանց ընթացքն ու զարգացման հեռանկարները, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանային ու միջազգային իրադարձութիւններն ու զարգացումները:

Հանդիպմանը հետեւած համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ, Հանրապետութեան նախագահն անդրադառնալով յատկապէս երկկողմ տնտեսական յարաբերութիւններին, նշել է, որ դրանք ունեն զարգացման մեծ ներուժ եւ հեռանկար. «Ներկայ դրութեամբ երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնների ծաւալը կազմում է 12 մլրդ. դոլար: Համատեղ ջանքերի շնորհիւ հնարաւոր է այն մեծացնել՝  հասցնելով մինչեւ 20 մլրդ. դոլարի»,- ասել է նա:

Ընդգծելով տարածաշրջանային իրադարձութիւններում Թեհրանի եւ Բաղդադի առանցքային նշանակութիւնը, դոկտ. Ռոհանին նշել է, որ երկու երկրները կարող են կարեւոր դերակատարութիւն ունենալ տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման գործում:

Նախագահ Սալեհն էլ իր հերթին կարեւորելով Իրանի հետ Իրաքի ռազմավարական նշանակութեան յարաբերութիւնները, նշել է, որ պաշտօնական Բաղդադը երբեք չի մոռանայ Սադդամ Հուսէյնի բռնակալութեան դէմ պայքարի, ինչպէս նաեւ՝ յետսադդամեան շրջանում ահաբեկիչների  դէմ պայքարի գործում Իրանի ցուցաբերած աջակցութիւնը:

«Այսօր, Բաղդադի պատգամաբերն եմ. Իրաքում մենք գիտակցում ենք Իրանի հետ յարաբերութիւնների կարեւորութիւնը: Քաղաքական, մշակութային ու տնտեսական այդ յարաբերութիւններն պատմական խոր արմատներ ունեն»,- յայտարարել է Բարհամ Սալեհը՝ յստակեցնելով, որ Իրաքը երբեւէ հակաիրանական թշնամական քաղաքականութիւնների եւ պատժամիջոցների մաս չի կազմի:

Իրաքի նախագահը երէկ հանդիպել է նաեւ Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի եւ Իրանի անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններն ու համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։