Հա

Քաղաքական

19/11/2018 - 12:30

Իւնեսին՝ Չիֆթճեանի հետ հանդիպման ժամանակ. «Չարակամները ցանկանում են խանգարել Իրանում ազգութիւնների խաղաղ գոյակցումը»

Ազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի խորհրդական հոջ. Ալի Իւնեսին, երէկ՝ նոյեմբերի 18-ին Ուրմիայում հանդիպել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ:

«alikonline.ir» - Ազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի խորհրդական հոջ. Ալի Իւնեսին, երէկ՝ նոյեմբերի 18-ին Ուրմիայում հանդիպել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ:

Հանդիպման ընթացքում հոջ. Իւնեսին անդրադառնալով երկրի անվտանգութեանը սպառնացող մարտահրաւէրներին, նշել է, որ ազգութիւնների մօտ անջատողական շարժումների սադրելն ու ատելութեան սերմանումը խախտում է Իրանի հասարակութեան անվտանգութիւնը. «Անվտանգութիւնն զարգացման եւ բարգաւաճման անհրաժեշտ բաղադրիչներից է: Հասարակութեան մօտ առկայ խաղաղ գոյակցութիւնը կարեւորում են թէ՛ կառավարարական այրերը, թէ՛ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը»,- ասել է նա՝ յաւելելով, որ չարակամները փորձում են խանգարել Իրանում տարբեր ազգութիւնների խաղաղ գոյակցումը:       

Ըստ նրա՝ Իրանում տարբեր ազգութիւնների խաղաղ գոյակցութիւնը նման է գեղեցիկ մի ծաղկեփնջի, իսկ այս բազմազանութիւնը միանշանակօրէն հարստացնում է երկրին:

Ալի Իւսնեսին յատուկ ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում չկայ որեւէ տարբերութիւն տարբեր ազգութիւնների եւ Աստւածային կրօնների հետեւորդների միջեւ եւ Իրանի բոլոր քաղաքացիներն ունեն հաւասար իրաւունքներ. «Սա յատուկ կարեւորում են Իսլ. յեղափոխութեան առաջնորդը, նախագահն ու պետական այրերը: Տարբերութիւնները երբեւէ հակասութեան պատճառ չեն կարող դառնալ»,- յստակեցրել է նա:

Ատրպատականի հայոց թեմնի առաջնորդն էլ իր հերթին նշել է, որ Իրանում մուսուլմաններն ու քրիստոնեաները կողք-կողքի աշխատում են երկրի զարգացման եւ բարգաւաճման համար եւ նրանց միասնութիւնը անքակտելի է. «Կան հասարակութիւններ, որոնք տառապում են մուսուլմանների եւ քրիստոնեաների միջեւ դիմակայութիւնից: Այս խնդիրը, սակայն, մեր հասարակութեան մօտ կարգաւորւած է»,- ասել է նա՝ յաւելելով. «Տարբեր ազգութիւններն ու Աստւածային կրօնների հետեւորդները մի մեծ խճանկարի բաղադրիչ մասնիկներն են, որոնց ճիշտ դասաւորութիւնը գեղեցիկ եւ աչք շոյող պատկեր է ստեղծում»:

Կարեւորելով նման հանդիպումները, Գրիգոր եպս. Չիֆթճեանը նշել է, որ դրանք վկայում են իրանահայութեան եւ առհասարակ տարբեր ազգութիւնների ու կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ Իրանի պետական այրերի յատուկ ուշադրութեան մասին եւ հասարակութեն մօտ միասնականութեան ամրապնդման պատճառ են դառնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։