Հա

Քաղաքական

25/01/2019 - 11:50

Իրանի դեսպանն Արարատ Միրզոյեանին է փոխանցել Ալի Լարիջանիի` Իրան այցելելու հրաւէրը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանը յունւարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

«alikonline.ir» - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանը յունւարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը։

ՀՀ Ազգային ժողովի լրատւութեան եւ հանրութեան հետ կապերի վարչութիւնից տեղեկացնում են` խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հիւրին, կարեւորել է հայ-իրանական յարաբերութիւնների ներկայ մակարդակը` խարսխւած դարաւոր բարեկամութեան եւ փոխվստահութեան ամուր հիմքերի վրայ:

Արարատ Միրզոյեանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետեւողական աշխատանքը երկկողմ յարաբերութիւնների օրակարգն առաւել ընդգրկուն դարձնելու հարցում` վստահեցնելով, որ Ազգային ժողովը եւս պատրաստակամ է աջակցելու դրանց ընդլայնմանն ուղղւած ցանկացած փոխշահաւէտ նախաձեռնութեանը:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցութեանը` օրէնսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է բարեկամական խմբերի համագործակցութիւնը, ինչը կը նպաստի երկկողմ կապերի առաւել ակտիւացմանը:

Սէյէդ Քազեմ Սաջջադին, շնորհաւորելով Արարատ Միրզոյեանին պաշտօնն ստանձնելու կապակցութեամբ, յաջողութիւն է մաղթել: Դեսպանը, արժեւորելով միջազգային հարթակներում Իրանի եւ Հայաստանի արդիւնաւէտ փոխգործակցութիւնը, վստահեցրել է, որ Իրանը մշտապէս եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կողքին:

Սէյէդ Քազեմ Սաջջադին կարեւորել է բարձր մակարդակի փոխայցերը` նշելով, որ դրանք առաւել սերտացնում են երկու երկրների ու ժողովուրդների յարաբերութիւնները:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցութեան օրակարգը, կարեւորել մասնաւորապէս առեւտրատնտեսական կապերի խթանումը եւ ընդգծել, որ հայ-իրանական փոխգործակցութեան զարգացման եւ ընդլայնման դեռեւս չիրացւած մեծ ներուժ կայ: Կողմերը համոզմունք են յայտնել, որ տնտեսական կապերի խորացմանը կարող է նպաստել նաեւ Մեղրիի եւ Արազի ազատ տնտեսական գօտիների ընձեռած հնարաւորութիւնների արդիւնաւէտ օգտագործումը:

Դեսպանն Արարատ Միրզոյեանին է փոխանցել Ալի Լարիջանիի ողջոյնները եւ Իրան այցելելու հրաւէրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։