Իրանում ապրող Աստւածային կրօնների հետեւորդների քաղաքական եւ հասարակական իրաւունքների ամրագրումը Սահմանադրական օրէնքում, մեր օրերի փոթորկոտ աշխարհում Իսլ. յեղափոխութեան նւաճումներից է:
«alikonline.ir» - Իրանում ապրող Աստւածային կրօնների հետեւորդների քաղաքական եւ հասարակական իրաւունքների ամրագրումը Սահմանադրական օրէնքում, մեր օրերի փոթորկոտ աշխարհում Իսլ. յեղափոխութեան նւաճումներից է: Այս մասին, փետրւարի 3-ին Սպահանում կայացած «Իսլամական յեղափոխութիւնը եւ Աստւածային կրօնները» միջազգային խորհրդաժողովի ժամանակ յայտարարել է իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Սէյէդ Աբբաս Սլեհին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Սահմանադրական օրէնքում կրօնների հետեւորդների հասարակական ու քաղաքական իրաւունքների շեշտադրումը, որպէս բնական մի իրաւունք, կրօնական արարողութիւնների իրականացման ազատութիւնը եւ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների ներկայութիւնն այն նւաճումներից են, որոնց նշանակութիւնն այսօրւայ փոթորկոտ աշխարհում, տարբեր կրօնների հետեւորդների դէմ իրականացւող բռնութիւնների ֆոնին աւելի են ընդգծւում»,- ասել է նախարարը:
Նշենք, որ խորհրդաժողովին մասնակցել են Սպահան նահանգի Աստւածային կրօնների հետեւորդների հոգեւոր առաջնորդները եւ աշխարհի տարբեր համալսարանների աստւածաբանութեան ոլորտի 40 դասախօսներ: