Հա

Քաղաքական

02/03/2019 - 13:00

Արմէն Իսրայէլեան. «Իրանական այցը ուշացած չէր»

Վարչապետ Փաշինեանի՝ Իրան կատարած այցը, թէեւ տարաբնոյթ մեկնաբանութիւններին, այնուամենայնիւ, ակնյայտօրէն Հայաստանի համար կարեւոր էր:

«alikonline.ir» - Վարչապետ Փաշինեանի՝ Իրան կատարած այցը, թէեւ տարաբնոյթ մեկնաբանութիւններին, այնուամենայնիւ, ակնյայտօրէն Հայաստանի համար կարեւոր էր: Ի վերջոյ, չմոռանանք ամենապարզ փաստը. Իրանը մէկն է այն երկու ուղղութիւններից, որոնք Հայաստանի համար դէպի արտաքին աշխարհ ելք են ապահովում: Եթէ նոյնիսկ որեւէ այլ հանգամանք չլինէր, այս մէկը բաւական էր՝ ասելու համար, որ Հայաստանը պարզապէս պարտաւոր է Իրանի հետ ունենալ լաւագոյն յարաբերութիւններ: Այսինքն, իրանական այցը պէտք է ընտրւելուն պէս վարչապետի առաջնային օրակարգային հարցերից մէկը լինէր, ինչպիսին էր՝ Վրաստան այցը: Չնայած դրան, պաշտօնը ստանձնելուց միայն 10 ամիս անց Փաշինեանն այցելեց իր հարաւային հարեւանին: Արդեօք ուշացած այց չէ՞ր, այդ ուշացումը խնդիրներ չի՞ առաջացնի, փորձեցինք պարզել իրանագէտ Արմէն Իսրայէլեանից ով մեկնաբանեց. 

- Կարծում եմ՝ ուշացած չէր: Առհասարակ այցերին, իմ կարծիքով, պէտք է դիտարկումներ կամ գնահատականներ տալ ոչ թէ դրանց ժամանակագրութեամբ, այլ թէ դրանց ընթացքում ինչ հանդիպումներ են տեղի ունենում, ինչ պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւում, եւ, ի վերջոյ, ո՞րն է այդ այցի օրակարգը: Հետեւաբար, երկու ամիս ուշ կամ շուտ որեւէ նշանակութիւն չունի, առաւել եւս, որ վարչապետը Իրանի նախագահի հետ հանդիպել էր Նիւ Եօրքում նաեւ սեպտեմբերին: Իսկ դրանից յետոյ փոխադարձ շնորհաւորանքների ընթացքում եւս երկու երկրների ղեկավարները իրենց տեսակէտները, ակնկալիքները յայտնել են հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգի վերաբերեալ: Այո, սա առաջին պաշտօնական այցն է ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների եւ կառավարութեան ձեւաւորումից յետոյ: Հետեւաբար, հէնց սա կարելի է դիտարկել` որպէս ուշացման պատճառ: Գուցէ երկու երկրների ղեկավարներն էլ կարծում էին, որպէսզի աւելի առարկայական եւ աւելի լուրջ պայմանաւորւածութիւններ ձեռք բերւեն արդէն նորընտիր խորհրդարանի եւ կառավարութեան վերջնական ձեւաւորումից յետոյ:

 

- Ինչպէ՞ս կը գնահատէք արդէն իսկ կայացած այցը:

- Հանդիպումների ժամանակ ձեռքբերւած պայմանաւորւածութիւնները վկայում են, որ բաւական յաջողւած այց էր, համենայնդէպս՝ այն ակնկալիքների մասով, որ երկու երկրների ղեկավարներն ունեն մեր երկու պետութիւնների յարաբերութիւնների հեռանկարի վերաբերեալ: Ձեռք են բերւել պայմանաւորւածութիւններ, արւել են յայտարարութիւններ, որոնց մասին մինչ այժմ անուղղակիօրէն են խօսել, իսկ այսօր դրա վերաբերեալ յայտարարւում է բաց:

 

- Ի՞նչը նկատի ունէք:

- Խօսքը վերաբերում է Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հնարաւորութիւնների մասին: Մի հարց, որի մասին մշտապէս խօսւել է,  բայց միայն հիմա, բարեբախտաբար, վարչապետն իր պատրաստակամութիւնն է յայտնել այս հարցում աշխատանքներ իրականացնել (այդպէս չէ, նման յստակ պատրաստակամութեան մասին ժամանակին պաշտօնապէս խօսել է նաեւ Սերժ Սարգսեանը- Հեղ.): Կարծում եմ, որ սա կարեւոր քայլ կարող է լինել, որը կմեծացնի Հայաստանի Հանրապետութեան դերը տարածաշրջանում: Կարեւոր  նորութիւն էր նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի գնահատականը: Կարեւոր էր՝ Արցախի հարցի շուրջ գնահատական լսել հէնց առաջին դէմքից՝ իրանական կողմի այն դիրքորոշման վերահաստատումը, ինչը որ մշտապէս օգնել է հակամարտութեանը:  Ալի Խամենէին յայտարարեց, որ Իրանը պատրաստ է աջակցել խնդրի խաղաղ կարգաւորմանը: Այս առումով էլ, ըստ իս, շահեկան էր մեզ համար այս հանդիպումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։