Հա

Քաղաքական

11/03/2019 - 15:30

«Ամէն ինչ անելու ենք Իրանի հետ համագործակցութեան խոչընդոտները վերացնելու համար». Սալեհը՝ Ռոհանիի հետ համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ

Եռօրեայ պաշտօնական այցով Իրաք այցելած Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մարտի 11-ին հանդիպել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ:

«alikonline.ir» - Եռօրեայ պաշտօնական այցով Իրաք այցելած Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մարտի 11-ին հանդիպել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւններին վերաբերող թեմաներ:

Երկու երկրների նախագահների հանդիպմանը հետեւել է համատեղ մամլոյ ասուլիսը, որի ընթացքում Բարհամ Սալեհը նշել է, որ Բաղդադն ամէն ինչ անելու է տարբեր բնագաւառներում Իրանի հետ յարաբերութիւնների զարգացման խոչընդոտները վերացնելու համար:

«Սա պատեհ առիթ է, որպէսզի մեր սիրելի հիւրին երախտագիտութիւն յայտնենք ԴԱԷՇ-ի դէմ պայքարում գրանցւած մեծ յաղթանակի գործում, Իրանի ցուցաբերած անվերապահ աջակցութեան եւ դերակատարութեան կապակցութեամբ»,- ասել է Սալեհն՝ ընդգծելով, որ նախագահ Ռոհանիի այցն Իրաք չափազանց կարեւոր եւ առանցքային նշանակութիւն ունի այդ երկրի համար:

«Համտեղ անվտանգութիւնն այն կարեւոր գործօններից է, որը ենթադրում է Թեհրանի եւ Բաղդադի, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանի այլ երկրների համագործակցութիւնը»,- նշել է Իրաքի նախագահը՝ յաւելելով, որ դրա նպատակը տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան առաւել ամրապնդումն է:

Անդրադառնալով նախօրէին երկու երկրների պատւիրակութիւնների հանդիպումներին եւ դրանց արդիւնքներին, Բարհամ Սալեհն ասել է, որ անհրաժեշտ է երկկողմ յարաբերութիւններում վեր կանգնել առկայ երկրորդական խնդիրներից, եւ մտածել նոր՝ աւելի լայն հորիզոնների մասին, քանի որ դա երկու երկրների անմիջական շահերից է բխում:

Դոկտ. Ռոհանին էլ իր հերթին անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, նշել է, որ դրանք հազարամեակների ձգւող անցեալ ունեն եւ կողմերը ջանք չպէտք է խնայեն դրանց ամրապնդման եւ ընդլայնման համար:

«Երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումը երկու երկրների անմիջական շահերից է բխում եւ մենք դրանց դրական ընթացքի կասեցումը թոյլ չենք տայ»,- ասել է Հանրապետութեան նախագահը՝ Իրաքի իր գործընկերոջ հետ հանդիպումը չափազանց դրական եւ կառուցողական գնահատելով:

«Մենք Իրանի եւ Իրաքի համագործակցութեան կողմնակիցն ենք: Այն ոչ թէ որեւէ մէկի դէմ է ուղղւած, այլ, ընդհակառակը՝ աւելի լայն ձեւաչափով համագործակցութեան կոչ է միւսներին»,- ասել է նախագահը:

Նշելով, որ վերջին տարիներին ահաբեկչութեան հետ կապւած երկու երկրները որոշակի խնդիրներ են ունեցել, դոկտ. Ռոհանին յիշեցրել է, որ այդ երեւոյթի դէմ պայքարում Իրանը կանգնած է եղել Իրաքի կողքին, քանի որ դա իր պարտականութիւնն է համարել:

«Իրանի Իսլամական Հանրապետութեան համար Իրաքի կայունութիւնը, անվտանգութիւնն ու ժողովրդավարական գործընթացների յաջողութիւնը չափազանց կարեւոր են, քանի որ տարածաշրջանում անվտանգութեան ու կայունութեան ամրապնդումն անմիջականօրէն կապւած է Իրաքի անվտանգութեան եւ կայունութեան հետ»,- ընդգծել է Հանրապետութեան նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։