Հա

Քաղաքական

09/05/2019 - 08:40

Թեհրանն ու Մոսկւան պայամանւորւել են աշխատել Միջուկային գործարքի բոլոր կողմերի հետ, բացի ԱՄՆ-ից. Մոսկւայում կայացել է Զարիֆ-Լաւրով հանդիպումը

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ մայիսի 8-ին Մոսկւայում հանդիպել է ՌԴ ԱԳՆ Սերգէյ Լաւրովի հետ:

«alikonline.ir»- ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ մայիսի 8-ին Մոսկւայում հանդիպել է ՌԴ ԱԳՆ Սերգէյ Լաւրովի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում երկու գործընկերներն անդրադարձել են Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով նախատեսւած որոշ գործողութիւնների ժամանակաւոր կասեցման որոշմանը: Նրանք քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւններին վերաբերող հարցեր: Քննարկել են իրավիճակը Սիրիայում, Եմէնում, Վենեզուէլլայում` նշելով, որ իրենց մօտեցումները համընկնում են:

Նրանք արձանագրութիւն են ստորագրել քաղաքացիների առանձին կատեգորիաների համար վիզային ռեժիմի դիւրացման մասին, ինչը կը նպաստի շփումների զարգացմանը: Մասնաւորապէս` գործարարները կը կարողանան հեշտացւած կարգով վիզա ստանալ շահագրգիռ կազմակերպութիւնների ուղիղ հրաւէրների հիման վրայ:

Հանդիպման աւարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Սերգէյ Լաւրովը տեղեկացրել է, որ Թեհրանն ու Մոսկւան պայմանաւորւել են աշխատել Միջուկային համապարփակ համաձայնագրի բոլոր կողմերի հետ, բացի ԱՄՆ-ից:

Նա նշել է, որ միջուկային գործարքի մնացեալ մասնակիցները խորհրդակցութիւններ կանցկացնեն, սակայն հազիւ թէ անմիջապէս նախարարների հանդիպում կայանայ:

Լաւրովը նշել է նաեւ, որ Մոսկւան գնահատում է Թեհրանի հաւատարմութիւնը միջուկային գործարքին:

Նա Պարսից ծոց նաւեր ուղարկելու ԱՄՆ մտադրութիւնը ցաւալի է համարել. «Ինչ վերաբերում է տարածաշրջանում իրավիճակի թէժացմանը եւ իր աւիակիրները Պարսից ծոց ուղարկելու ԱՄՆ մտադրութեանն ու առհասարակ այնտեղ իր ռազմական ներկայութիւնն ուժեղացնելուն՝ ակնարկելով ուժ կիրառելու պատրաստականութեան մասին, գիտէք, դա արդէն մեր ամերիկեան գործընկերների վարքագիծն է դարձել՝ լինի Մերձաւոր Արեւելքում, Պարսից ծոցում, թէ Վենեզուէլլայի հանդէպ։ Այդ ամէնը ցաւալի է։ Եւ երէկ չէ առաջին օրը, հանդիպելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի հետ Ֆինլանդիայում, ես կոչ արեցի նրան, այնուամենայնիւ,  բոլոր խնդրայարոյց հարցերի շուրջ օգտւել դիւանագիտութեան գործիքներից, այլ ոչ թէ սպառնալիքներից, եւ խստօրէն ղեկավարւել միջազգային իրաւունքով»,- ասել է Լաւրովը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։