Հա

Քաղաքական

08/06/2019 - 14:10

Ինչո՞ւ է Աբէն Իրան մեկնում եւ ինչի՞ կարող է հասնել

Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն յաջորդ շաբաթ ակնյայտ միջնորդական առաքելութեամբ՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարւածութիւնը մեղմելու համար, պէտք է այցելի Իրան:

«alikonline.ir» - Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն յաջորդ շաբաթ ակնյայտ միջնորդական առաքելութեամբ՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարւածութիւնը մեղմելու համար, պէտք է այցելի Իրան:

«Reuters»-ը Աբէի Իրան այցի մի քանի պատճառներ է ներկայացնում եւ այն, թէ ինչի կարող է նա հասնել:

 

Ինչո՞ւ է Աբէն մեկնում Իրան

Ճապոնիան իւրայատուկ դիրք է զբաղեցնում որպէս Միացեալ Նահանգների դաշնակից, քանի որ այն վաղուց սերտ կապեր ունի Իրանի հետ, ինչը Աբէին իդեալական միջնորդ է դարձնում:

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնները լարւել են այն ժամանակւանից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել իրանական միջուկային համաձայնագրից: ԱՄՆ-ն նաեւ ռազմական առճակատման մասին է ակնարկում տարածաշրջան լրացուցիչ ուժեր ուղարկելով, որպէսզի հակազդի նրան, ինչը «իրանական սպառնալիքներ» է անւանում:

Ճապոնիայում կայացած այցի ժամանակ Թրամփը ողջունել էր Աբէի օգնութիւնը Իրանի հետ յարաբերութիւններում` շեշտելով Տոկիոյի եւ Թեհրանի միջեւ «շատ լաւ յարաբերութիւնները»: «Ես հաւատում եմ, որ Իրանը կը ցանկանար խօսել»,- ասել է  Թրամփը: «Եւ եթէ ցանկանան խօսել, մենք պատրաստ ենք»:

Իր կողմից Ճապոնիան ձգտում է Մերձաւոր Արեւելքում կայունութեանը, քանի որ նաւթի ներմուծման նրա հիմնական մասը ստացւում է այս տարածաշրջանից, թէեւ այս տարի  ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով նա դադարեցրել է իրանական նաւթ գնել:

 

Ինչի՞ կարող է հասնել Աբէն

Առաւելագոյնը, ինչի կարող է հասնել Աբէն, Իրանին եւ Միացեալ Նահանգներին համոզել վերսկսել ուղիղ բանակցութիւնները, գուցէ՝ երրորդ երկրում: Փորձագէտները կարծում են, որ երկու կողմերն էլ կարող են առճակատումից ելք գտնել:

Աբէն, օրինակ, կարող է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հրաւիրել «G20» գագաթնաժողովին, որը տեղի կունենայ յունիսի վերջին Ճապոնիայում, նշել է Ճապոնիայի Մերձաւորարեւելեան ինստիտուտի գիտաշխատող Մոմոյօ Կոնդոն:

Աբէն կարող էր Իրանից տեղեկութիւններ հաղորդել Միացեալ Նահանգներին, հնարաւոր է՝ «G20» գագաթնաժողովի ժամանակ:

Ճապոնիան իրանական միջուկային գործարքի անդամ չէ, որը ստորագրւել է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, ուստի չի կարող դա ուղիղ կերպով քննարկել:

 

Ճապոնա-իրանական յարաբերութիւնների պատմութիւնը

Ճապոնիան Իրանի հետ, ընդհանուր առմամբ, դրական յարաբերութիւններ է ունեցել, որը մօտ 70 տարւայ պատմութիւն ունի՝ հիմնականում կապւած նաւթի հետ:

1950-ական թւականներին ճապոնական նաւթամշակման «Idemitsu» գործարանը խախտել էր Իրանի դէմ բրիտանական նաւթային էմբարգոն եւ լցանաւ ուղարկել՝ բենզինի եւ դիզւառելիքի խմբաքանակը ստանալու:

30 տարի հետ՝ իրանա-իրաքեան պատերազմի ժամանակ Աբէի հայրը, Ճապոնիայի ԱԳ նախարար Սինտարօ Աբէն, այցելել էր Իրան եւ Իրաք, որ փորձի միջնորդ դառնալ: Երիտասարդ Սինձօ Աբէն միացել էր նրան որպէս քարտուղար:

«Ճապոնիան Մերձաւոր Արեւելքում ընկալւում է որպէս երկիր, որը Միացեալ Նահանգները կապում է մնացեալ աշխարհի հետ»,- ասել է Կոնդօն: 

Ճապոնիան չէզոք յարաբերութիւններ է պահպանում Մերձաւոր Արեւելքի շատ երկրների հետ, որովհետեւ նաւթի արդիւնահանման հարցում նրանց վրայ է յենւում:

«Տարածաշրջանում Ճապոնիայի ուշադրութիւնը ոչ թէ ռազմական գործողութիւնների, այլ կոմերցիոն եւ դիւանագիտական յարաբերութիւնների վրայ կարող է նաեւ նշանակել, որ Թեհրանը Տոկիոյին ընկալում է որպէս աւելի չէզոք (միջնորդ), քան ԱՄՆ այլ դաշնակիցներին»,- նշել է «Energy Aspect»-ի աւագ վերլուծաբան Ռիչարդ Մալինսոնը:

 

Արդեօ՞ք Իրանը նաւթի խոշոր աղբիւր է Ճապոնիայի համար

Իրանը նաւթի հիմնական մատակարարն էր Ճապոնիայի համար՝ ապահովելով 10-15 տոկոսը մինչեւ 2012 թւականը, երբ ԱՄՆ պատժամիջոցները սկսեցին խստանալ։

Երբեմն Ճապոնիան յայտնւում է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ խաչաձեւ քաղաքական կրակի տակ, եւ Տոկիոն անփոփոխ յայտնւում է իր վաղեմի դաշնակցի հունում։

2004 թւականին ճապոնական Inpex-ը համաձայնել է ձեռք բերել իրանական նաւթային Ազադեգան հանքավայրի՝ վերջին 30 տարում համաշխարհային ամենամեծ նաւթավայրի բաժնետոմսերի 75 տոկոսը։ Բայց ԱՄՆ ճնշման ներքոյ «Inpex»-ը 10 տոկոսով կրճատել է բաժինը 2006 թւականին, իսկ յետոյ լրիւ հրաժարւել է դրանից 2010-ին։

Ճապոնիան իրանական նաւթի ներմուծումը դադարեցրել է, որպէսզի խուսափի ԱՄՆ պատժամիջոցներից անցած ամիս, թէեւ փորձել է հասնել պատժամիջոցներից ազատւելու երկարաձգման։

Ճապոնացի դիւանագէտը վերջերս «Reuters» գործակալութեանն ասել է, որ Ճապոնիան ցանկանում է պահպանել իրանական նաւթի ընտրութեան հնարաւորութիւնը, որպէսզի պաշտպանւի հնարաւոր խափանումներից Սաուդական Արաբիայից կամ Արաբական Միացեալ Էմիրաթներից մատակարարումների դէպքում։

 

Ինչպիսի՞ն են քաղաքական ռիսկերն ու օգուտները

Աբէն տանուլ չի տալիս։ Եթէ անգամ նրան չյաջողւի հասնել բեկման, նա կը համարւի միջազգային պետական գործիչ, որը ձգտում է խաղաղութեան։

Յաջող ուղեւորութիւնը նրան ձեռնտու է այս ամռանը վերին պալատի ընտրութիւններին ընդառաջ եւ կարող է նրան դրդել միաժամանակ նշանակել համընդհանուր ընտրութիւններ։

Աբէն մեծ յաջողութեան չի հասել Ռուսաստանի հետ Կուրիլեան կղզիների շուրջ համաձայնագրի հասնելու կամ Հիւսիսային Կորէայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու ջանքերում, երկու խնդիր, որոնք նա յոյս ունի լուծել, որպէսզի ամրապնդի իր ժառանգութիւնը։

 

«News.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։