Հա

Քաղաքական

08/07/2019 - 12:10

«Երրորդ քայլը կարող է լինել աւելի հատու». ԱԳՆ խօսնակ

Իրանը ուսումնասիրում է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները կրճատելուն ուղղւած երրորդ քայլը, որը կարող է լինել աւելի հատու, եթէ, իհարկէ, եւրոպական երկրները շարունակեն բաւարարւել միայն խօսքերով:

«alikonline.ir» - Իրանը ուսումնասիրում է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները կրճատելուն ուղղւած երրորդ քայլը, որը կարող է լինել աւելի հատու, եթէ, իհարկէ, եւրոպական երկրները շարունակեն բաւարարւել միայն խօսքերով: Այս մասին այսօր՝ յուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով առաջիկայում նախատեսւող դիւանագիտական իրադարձութիւններին եւ շփումներին, ԱԳՆ մամուլի խօսնակն ասել է. «Երկկողմ յարաբերութիւնները, տարածաշրջանային ու միջազգային շփումները շարունակւում են: Առջեւում Չմիաւորւած երկրների շարժման հերթական նիստն է, որին կը մասնակցի Իրանը: Հնարաւոր է, որ առաջիկայ օրերին կրկին Թեհրան այցելի դիւանագիտական հարցերով Ֆրանսիայի նախագահի խորհրդականը»:

Խօսելով Միջուկային համապարփակ համաձայնագրի վերաբերեալ Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշման մասին, Մուսաւին յստակեցրել է, որ խնդրի հետ կապւած Իրանը բացառապէս սեփական ուժերին է ապաւինում:

«Իրանը յոյսեր չի կապում որեւէ երկրի հետ: Լինեն դրանք մեր բարեկամ Ռուսաստանը կամ Չինաստանը, կամ էլ եւրոպական երկրները: Կարեւորը՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների լիարժէք եւ ամբողջական իրականացումն է: Ռուսաստանը եւ Չիանստանը նոյնպէս Միջուկային գործարքի կողմերից են, եւ համաձայնագրի կողմերի ղեկավարներին ուղղւած Հանրապետութեան նախագահի նամակը նրանց էլ է վերաբերում»,- ասել է ԱԳՆ խօսնակը:

Մուսաւին բացառել է Միջուկային համապարփակ համաձայնագրի հարցով նոր բանակցութիւնների անցկացումը՝ նշելով. «Նոր բանակցութիւնների մասին խօսք լինել չի կարող: Միջուկային գործարքը 5+1 եւ 4+1 ձեւաչափերով շարունակւել է: Խօսքը գնում է միայն կողմերի ստանձնած պարտաւորութիւնների լիարժէք իրականացման մասին, այլ թեմաների մասին բանակցութիւնները բացառւած են: Ինչպէս պարոն Արաղչին է ասել՝ Միջուկային համապարփակ համաձայնագիրը բանակցութիւնների համար փակւած թեմա է: Դրան ոչ մի բառ հնարաւոր է աւելացնել, կամ էլ՝ պակսացնել»:

Անդրադառնալով Իրանի՝ Միջուկային գործարքով ստանձնած պարատաւորութիւնների կրճատմանն ուղղւած երկրորդ քայլին, ԱԳՆ մամուլի խօսնակը նշել է, որ դա տեւելու է 60 օր, որից յետոյ Իրանը որոշում կը կայացնի երրորդ քայլի մասին, որն ի դէպ, կարող է լինել աւելի հատու:

«Երրորդ քայլին կը դիմենք 60 օրից: Դեռեւս ուսումնասիրում ենք: Սակայն, եթէ գործարքում մնացած երկրները, յատկապէս՝ եւրոպացիները շարունակեն բաւարարւել միայն խօսքերով, ապա երրորդ քայլը կը լինի աւելի հատու»,- յստակեցրել է Մուսաւին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։