Հա

Քաղաքական

14/07/2019 - 12:30

«Իրանի ժողովրդի դէմ ԱՄՆ ընտրած բոլոր ուղիները դէպի պարտութիւն են տարել». նախագահը՝ Շիրւանում

Հիւսիսային Խորասան նահանգ կատարած այցի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յուլիսի 14-ին, Շիրւան քաղաքի կենտորնական մարզադաշտում հանդիպել է ժողովրդի հետ:

«alikonline.ir» - Հիւսիսային Խորասան նահանգ կատարած այցի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յուլիսի 14-ին, Շիրւան քաղաքի կենտորնական մարզադաշտում հանդիպել է ժողովրդի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում, նախագահն անդրադառնալով ԱՄՆ գործադրած աննախադէպ ճնշումներին եւ պատժամիջոցներին՝ նշել է, որ Իրանի ժողովրդի դէմ ԱՄՆ ընտրած բոլոր ուղիները դէպի պարտութիւն են տարել:

«14 ամիս է, ինչ աշխարհի ամենահզօր ռազմական եւ տնտեսական ուժն աննախադէպ պատժամիջոցներ է կիրառում Իրանի ժողովրդի դէմ: Պատժամիջոցներ, որոնք կարող էին ծնկի իջեցնել ցանկացած ժողովրդի: Սակայն, Իրանի հզօր ժողովուրդը դիմակայել է դրանց: Այս 14 ամսւայ ընթացքում Իրանի ժողովրդի դէմ ԱՄՆ ընտրած բոլոր ուղիները, լինեն դրանք քաղաքական, տնտեսական կամ սոցիալական, դէպի պարտութիւն են տարել»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ սա Իրանի ժողովրդի եւ համակարգի յաղթանակն է նշանակում:

«Եթէ այսօր որեւէ մէկը պնդի, թէ Իրանի ժողովուրդն ընկրկել է այս ճնշումների դէմ, դա ճիշտ չէ, սուտ է: Եթէ այսօր որեւէ մէկը պնդի, թէ կառավարութիւնն անարդիւնաւէտ է աշխատում եւ անհրաժեշտ ուշադրութիւն չի դարձնում ժողովրդի խնդիրներին, դա ճիշտ չէ, սուտ է:

Իհարկէ երկրում կան խնդիրներ: Դժւարին պայմաններում ենք ապրում, բայց, միեւնոյն ժամանակ, ձեռք-ձեռքի ենք տւել, կողք-կողքի ենք կանգնել, եւ յաղթահարելու ենք բոլոր դժւարութիւնները»,- նշել է նախագահը:

Ըստ նրա՝ անցեալ 14 ամսւայ ընթացքում երկրի արտաքին պարտքը կրճատւել է, իսկ դա յաջողութեան եւ արդիւնաւէտ աշխատանքի արդիւնք է. «1396 թւականին մեր արտաքին պարտքը կազմում էր 12 մլրդ. 400 մլն. դոլար: Այսօր այդ թիւը 9.5 մլրդ. դոլար է կազմում: Այսինքն մեր արտաքին պարտքը կրճատւել է 25 տոկոսով, ինչը նշանակում է, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ, օգնութեան ձեռք չենք մեկնել օտարներին կամ միջազգային կառոյցներին: Ապաւինել ենք սեփական ուժերին, հոգացել ենք մեր պահանջները, միեւնոյն ժամանակ մարել ենք նաեւ նախկինից կուտակւած պարտքերի մի մասը»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Կան դժւարութիւններ, բայց մենք յուսախաբ չենք եղել: Կան դժւարութիւններ, բայց մենք վճռակամօրէն կանգնած ենք թշնամու դէմ»:

«Այսօր Աստւած մեզ միասնականութեան եւ համագործակցութեան ուղու դէմ է կանգնեցրել: Աստծոյ ուղիները դէպի յաղթանակ են տանում: Յաղթանակը Նրանն է, իսկ Աստւած մեզ դէպի յաղթանակ է առաջնորդելու»,- իր ելոյթը եզրափակել է դոկտ. Ռոհանին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։