Հա

Քաղաքական

21/07/2019 - 14:40

«Չի կարելի ասել, թէ ես չեմ սիրում նախորդ կառավարութեանն ու ցանկանում եմ կրկին բանակցել այն բոլորի շուրջ, ինչ կատարել է այդ կառավարութիւնը». Զարիֆը՝ «CNN»-ի հետ զրոյցում

«CNN» հեռուստաալիքի հետ զրոյցում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ նոր բանակցութիւններ անցկացնելու, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոպէոյի՝ Իրանի հետ բանակցելու նպատակով առաջ քաշած 12 պայմաններին եւ «INSTEX»-ի թեմաներին:

«alikonline.ir» - «CNN» հեռուստաալիքի հետ զրոյցում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ նոր բանակցութիւններ անցկացնելու, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոպէոյի՝ Իրանի հետ բանակցելու նպատակով առաջ քաշած 12 պայմաններին եւ «INSTEX»-ի թեմաներին:

«CNN»-ի մեկնաբան Ֆարիդ Զարքարիան «Twitter»-ի իր միկրոբլոգում հրապարակել է Զարիֆի հետ իր զրոյցի որոշ հատւածները:

Զրոյցի ընթացքում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն անդրադառնալով այն նամակին, որն իբր պարունակում էր Իրանի հետ բանակցութիւններ սկսելու նպատակով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները, եւ որը Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն Իրան կատարած իր վերջին այցի ընթացքում մտադիր էր յանձնելու Իսլ. յեղափոխութեան առաջնորդին, ասել է. «Նախագահ Թրամփը որեւէ նամակ չի յղել, սակայան վարչապետ Աբէն հաղորդել է նրա բանաւոր պատգամը: Իարնի առաջնորդը ուշադրութեամբ լսել է այն: Խնդիրը, սակայն, կայանում է նրանում, որ մենք չենք կարող կրկին բանակցել ԱՄՆ իւրաքանչիւր նոր կառավարութեան հետ: Որեւէ երկիր, մէկ այլ երկրի հետ գործակցում է, հաշւի առնելով այն իրողութիւնը, որ իւրաքանչիւր կառավարութիւն ներկայացնում է իր երկիրը: ԱՄՆ-ում ընդամենը նախագահական ընտրութիւններ են տեղի ունեցել, այլ, ոչ թէ յեղափոխութիւն»:

Զարիֆն այնուհետ աւելացրել է. «Չի կարելի ասել, թէ ես չեմ սիրում նախորդ կառավարութեանն ու ցանկանում եմ  կրկին բանակցել այն բոլորի շուրջ, ինչ կատարել է այդ կառավարութիւնը: Դա միգուցէ ձեզ համար ներքին խնդիր է, բայց մենք, տարիներ, ժամեր, օրեր, շաբաթներ, ամիսներ եւ գիշերներ ենք անցկացրել այդ բանակցութիւնների համար: ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ մեր բանակցութիւններից մէկը սկսւել է երեկոյեան ժամաը 21:00-ին, եւ առանց ընդմիջման շարունակւել է մինչ յաջորդ առաւօտեան ժամաը 06:00-ը: Սա (Միջուկային համապարփակ համաձայնագիր-ԽՄԲ.) այն չէ, որի վերաբերեալ կարելի է կրկին բանակցել: Եթէ նախագահ Թրամփն ասում է, որ դա պայմանագիր չէր, այլ, ընդամենը, գործադիր համաձայնութիւն էր, դա արդէն ներքին խնդիր է: Եկեք չմոռանանք, որ նա (Թրամփ-ԽՄԲ.) բազմաթիւ պայմանգրեր է խախտել. «NAFTA», «INF», «UNESCO», յիշո՞ւմ էք դրանց մասին»:

Հարցազրոյցի մէկ այլ բաժնում Զարիֆն անդրադառնալով ոչ վաղ անցեալում Իրանի հետ բանակցելու նպատակով, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի առաջ քաշած 12 պայմաններին, ասել է. «Այդ պայմաններն ազգային ոչնչացմանը համազօր եւ անընդունելի էին: Դրանից յետոյ, ես հրապարակեցի իմ յօդւածը, որը պարունակում էր 15 պայման՝ բանակցութիւնների համար: Այսպիսով, եթէ խնդիրը պայմաններ առաջադրելն է, ուրեմն կարելի է բազմաթիւ պայմաններ առաջ քաշել»:

Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի յատուկ մեխանիզմին՝ «INSTEX»-ին, Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է. «Դա դեռեւս չի գործարկւել: Մտահոգիչ է, սակայն, կարծում եմ, թէ մեզանից աւելի պէտք է, որ մտահոգւեն եւրոպացիները: Նրանք չկարողացան ապացուցել իրենց: Եւրոպան աւելի մեծ տնտեսութիւն է, քան ԱՄՆ-ը: Վստահաբար, եթէ եւրոպական բոլոր նաւթային ընկերութիւնները, ինչպէս նաեւ՝ հնդկական, չինական, ռուսական եւ ճապոնական ընկերութիւնները որոշեն անտեել ԱՄՆ պատժամիջոցները, ապա միջազգային տնտեսութիւնը չի հանդուրժի, որ ԱՄՆ-ը բոլոր այդ ընկերութիւնների դէմ պատժամիջոցներ կիրառի»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։