Հա

Քաղաքական

05/08/2019 - 14:50

«Դիւանագիտութեան հոգու խաղաղութեան համար աղօթել ցանկացողներին խորհուրդ կը տայի չշտապել». Զարիֆը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

Լրագրողի օրւայ առիթով, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ օգոստոսի 5-ին հանդիպել է իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Իր ելոյթի սկզբում Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ իր դէմ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը՝ նշելով ,որ դա վկայում է Սպիտակ տան դիւանագիտական տկարութեան մասին:

«alikonline.ir» - Լրագրողի օրւայ առիթով, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ օգոստոսի 5-ին հանդիպել է իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթի սկզբում Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ իր դէմ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը՝ նշելով ,որ դա վկայում է Սպիտակ տան դիւանագիտական տկարութեան մասին:

«Որեւէ երկրի ԱԳ նախարարի դէմ պատժամիջոցների սահմանումը, դիւանագիտական ասպարէզում տկարութեան մասին է վկայում: Նրանց ընտրած ուղին դէպի երկխօսութեան ձախողում է տանում»,- ասել է Զարիֆը՝ նշելով, որ արդի աշխարհում այլեւս անիմաստ են դարձել մեծապետական, ամբողջատիրական նկրտումները: Միջազգային հանրութիւնն այլեւս չի հանդուժում նման երեւոյթները, իսկ մարդ անհատն էլ աւելի զօրեղ է դարձել:

«Ձեր՝ լրագրողների ուժի աղբիւրն էլ նոյն այդ մարդու զօրեղութիւնն է: Լրագրողն այսօր կարող է խախտել խաղի ընդունւած կանոները, դա մեր օրերի՝ արդի աշխարհի իրականութիւնն է»,- նշել է ԱԳՆ ղեկավարն՝ ընդգծելով, որ ԶԼՄ-ները կարող են ձեւաւորել աշխարհի ապագան:

Յիշեցնելով, որ աւարտւել է կայսրութիւնների դարաշրջանը, ԱԳ նախարարն ասել է. «Կայսրութիւնների դարաշրջանն աւարտւած է: Սկսւել է ժողովրդի, շարքային քաղաքացիների դարաշրջանը, եւ մենք ուրախ ենք, որ անցեալ 40 տարւայ ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կանգնած է եղել ոչ թէ գերտէրութիւնների, այլ՝ ժողովրդի կողքին»:

Ըստ նրա՝ Իրանի էութիւնն ուրիշ է: Այն ձեւաւորւել է մի քանի հազար տարւայ քաղաքակրթութեան հիմքի վրայ, իսկ իրանական կայսրութեան դարաշրջանն էլ մի քանի անգամ գերազանցում ԱՄՆ ողջ պատմութեանը:

«Մեզ համար սա անցողիկ երեւոյթ է: Չկան յաւիտենական կայսրութիւններ: Միակ գերուժն Աստւածն է: Միգուցէ ոմանք իրենց աստւած պատկերացնեն, սակայն Իրանի համար ոչինչ են: Այս անգամ էլ, Աստծոյ օգնութեամբ, ձեր ճնշումներին կը պատասխանենք առաջընթացով՝ ապաւինելով սեփական ազգային ուժերին: Ձեր ճնշումներին կը դիմակայենք ժողովրդի օգնութեամբ, սակայն, երբեւէ չենք թաքնւի ժողովրդի թիկունքում:

Մենք ժողովրդի ծառաներն ենք, եւ ժողովրդի շահերի պաշտպանումը մեր պարտականութիւնն է: Դա ոչ միայն մեր մարդկային եւ բարոյական, այլ նաեւ, մեր ազգային պարտականութիւնն է»,- շեշտել է Զարիֆը՝ յատուկ ընդգծելով, որ իշխանութիւններն ամէն ինչի համար ժողովրդին են պարտական:

Անդրադառնալով #Team_B-ին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ այն այսօրւայ աշխարհում չարիքի աղբիւր է դարձել, այն դէպքում, երբ Իրանը խօսում է երկխօսութեան, խաղաղութեան, օրինականութեան, գործակցութեան եւ բազամկողմանիութեան մասին. «Այդ պատճառով էլ ԱՄՆ-ն այսօր մեկուսացած է»,- ասել է նա:

«Միացեալ Նահանգները, որն այդքան հպարտ է իր ռազմական հզօրութեամբ, թող նշի, թէ վիետնամական պատերազմից ի վեր, մինչ օրս, Գրանադայի պատերազմից բացի, ուրիշ որ պատերազմում է յաղթել: Արդեօ՞ք սա հպարտութեան առիթ է աշխարհի գերտէրութեան համար, որ վերջին 70 տարում յաղթել է միայն մէկ պատերազմում, այն էլ թոյլ երկրի նկատմամբ: Նրանք պարտւեցին Վիետնամում, իսկ մեր տարածաշրջանում էլ միայն աղէտի ու աւերածութեան պատճառ դարձան: Պէտք է ընդունել, որ այլեւս աւարտւել է գերտէրութիւնների ժամանակաշրջանը»,- ասել է նա:

Կրկին շեշտելով, որ Իրանը որեւէ թշնամանք չունի ամերիկեան ժողովրդի նկատմամբ, Զարիֆը նշել է, որ մեծ ցաւ է ապրել տեղեկանալով երէկ ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգութիւնների մասին, որոնք բազմաթիւ խաղաղ քաղաքացիների կեանքեր են խլել:

Ըստ նրա՝ սա բռնութեան մշակոյթի պաշտամունքի արդիւնքն է, որն ախտահարել է ամերիկեան հասարակութեանն ու դարձել է տիրական՝ այդ երկրի արտաքին քաղաքականութիւնում:

«Այդ պատճառով էլ ԱՄՆ իշխանութիւնները տնտեսական ահաբեկչութեանն են ապաւինում: Պատժամիջոցներ են կիրառում մէկ այլ երկրի պատասխանատուների նկատմամբ: Պատժամիջոցներ են կիրառում յեղափոխութեան առաջնորդի նկատմամբ: Իմ նկատմամբ, որպէս ԱԳ նախարարի: Ի՞նչ է նշանակում որեւէ երկրի ԱԳ նախարարի դէմ պատժամիջոցների սահմանումը: Ոչինչ, բացի սեփական դիւանագիտութեան անկարողութեան մասին խոստովանութիւնից»,- նշել է նա:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յատուկ շեշտել է, որ իր դէմ պատժամիջոցների սահմանումը չպէտք է ընկալել որպէս բանակցութիւնների, դիւանագիտութեան աւարտը:

«Դիւանագիտութիւնը երբեք չի աւարտւում: Բանակցութիւնները միշտ էլ իմ աշխատանքային գրաֆիկի մի մասն են կազմել, եւ շարունակելու են այդպիսին մնալ: Բանակցութիւնները շարունակւելու են անգամ պատերազմական պայմաններում:

Նրանց, ովքեր շտապում են աղօթել դիւանագիտութեան հոգու խաղաղութեան համար, թէ՛ Բոլթոնին ու նրա թիմակիցներին, թէ՛ երկրի ներսում մեր որոշ բարեկամներին, խորհուրդ կը տայի չշտապել: Դեռ շատ շուտ է, երկար պէտք է սպասեն»,- ասել է Զարիֆը:

Անդրադառնալով անգլիական լցանաւի ձերբակալմանը, ԱԳ նախարարը նշել է, որ Պարսից ծոցում եւ Օամնի ծովում ամենաերկար ափամերձ տարածքն Իրանին է պատկանում:

«Այդ պատճառով էլ այն կոչում են Պարսից ծոց, այլ, ոչ թէ Մեքսիկայի ծոց: Տարածաշրջանի անվտանգութեան պատասխանատուն մենք ենք, եւ մենք էլ ապահովում ենք անվտանգութիւնը: Անվտանգութիւնը բոլորի համար է, եւ բնականաբար, դրա համար բոլորը պէտք է վճարեն:

Պարսից ծոցի անվտանգութեան ապահովման մեր պարտականութիւնները կատարելիս, յաճախ աչք ենք փակել որոշ խախտումների վրայ: Սակայն, այս պահին, որեւէ պատճառ չկայ, որը մեզ կը ստիպի աչք փակենք անգլիական կողմի խախտումների վրայ, որն ակնյայտօրէն ծովահէնութեամբ է զբաղւած: Մեր գործողութիւններն ամբողջովին տեղաւորւում են օրէնքի սահմաններում եւ բացարձակապէս փոխադարձ արարք չեն: Անգլիական լցանաւը խախտել է ծովագնացութեան միջազգային օրէնքները եւ մենք վարւել ենք օրէնքների սահմանում»,- յստակեցրել է նա:

Հանդիպումը շարունակւում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։