Հա

Քաղաքական

16/09/2019 - 10:30

«ՀՀ-Իրան յարաբերութիւններում դրական ճեղքում չկայ, գործընթացները շարունակւում են իներցիոն ուժով, քանի որ ՀՀ-ն նախաձեռնողականութիւն չի ցուցաբերում». իրանագէտ

Եթէ փորձենք գնահատել այս մէկ տարուց մի քիչ աւել ժամանակահատւածն, ապա կարձանագրենք, որ հայ-իրանական յարաբերութիւններում խոշոր գործընթացներ, առաջընթաց չենք ունեցել։ «Tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը խոստացել էր խորացնել յարաբերութիւնները հարեւան երկրների հետ։

«alikonline.ir» - Եթէ փորձենք գնահատել այս մէկ տարուց մի քիչ աւել ժամանակահատւածն, ապա կարձանագրենք, որ հայ-իրանական յարաբերութիւններում խոշոր գործընթացներ, առաջընթաց չենք ունեցել։ «Tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը խոստացել էր խորացնել յարաբերութիւնները հարեւան երկրների հետ։

Նրա խօսքով՝ իրավիճակը պայմանաւորւած է թէ՛ օբիեկտիւ, թէ՛ սուբիեկտիւ պատճառներով։ Օբիեկտիւ պատճառներից մէկը, ըստ Ոսկանեանի, ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխութիւնն է, քանի որ որոշ ժամանակ եւ ՀՀ-ում, ե՛ւ Իրանում սպասողական վիճակ էր։

«Օբիեկտիւ պատճառ են նաեւ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների խստացումները, նոր պատժամիջոցների կիրառումը։ Սուբիեկտիւ տիրոյթի խնդիրներից էլ այն է, որ ՀՀ կառավարութիւնը շատ խնդիրներում անփորձ է, բնականաբար, իրանցիների հետ աշխատելու համար պահանջւում է զգալի փորձառութիւն, որովհետեւ իրանցիներն ունեն իւրայատուկ մտածելակերպ ու աշխարհայեացք, իւրայատուկ գործելաոճ։ Հետեւաբար, խօսել յարաբերութիւնների շատ մեծ ծաւալներով խորացման մասին, կարծում եմ, որ տեղին չէ»,- ասաց նա։

Միեւնոյն ժամանակ Ոսկանեանը նշեց, որ կան որոշ գործընթացներ, եւ դրանք չնկատելն էլ խիստ սուբիեկտիւ կը լինէր։ Խօսքը վերաբերում է որոշակի դրական ազդակների, որոնք փոխանակւում են ՀՀ-ի եւ Իրանի միջեւ, օրինակ՝ ԵԱՏՄ գործընթացներում։ Իրանագէտը նկատեց, որ ՀՀ-ն թէ՛ նախկինում, թէ՛ հիմա ԵԱՏՄ-ի մէջ եղել է հիմնական բանակցողն՝ Իրանին այս շրջանակ ներգրաւելու առումով։

«Բնական է, որ հայ-իրանական յարաբերութիւնները չեն կարող սահմանափակւել սրանով, եւ մենք ունենք հսկայական պոտենցիալ, որը պէտք է օգտագործւի։ Այս համատեքստում, եթէ մենք աշխատանքներ չիրականացնենք, ապա աններելի շռայլութիւն կը լինի։ Խօսքս վերաբերում է յատկապէս խոշորածաւալ ծրագրերին՝ մասնաւորապէս Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի մաս դառնալուն, եռակող, քառակողմ համագործակցութիւններ ստեղծելուն, որոնք միտւած կը լինեն թէ՛ տրանսպորտայի ոլորտին, թէ՛ էներգետիկ ոլորտին։ Հայ-իրանական յարաբերութիւններում որեւէ ճեղքման մասին խօսելու համար շատ վաղ է, մենք ունենք աշխատանքներ, ոչ թէ ձեռքբերումներ»,- շեշտեց Ոսկանեանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ այսօր այլեւս չի շոշափւում Հայաստան-Իրան երկաթգծի թեման, Վարդան Ոսկանեանը ընդգծեց, որ երկաթգծի հարցն օրակարգից դուրս թողնելը ՀՀ-ի համար կոպտագոյն սխալ է, քանի որ այն մեզ համար ունի թէ՛ տնտեսական, թէ՛ աշխարհաքաղաքական, թէ՛ քարոզչական բաղադրիչ։

«Առնւազն քարոզչական բաղադրիչը պէտք է պահւի, բայց միայն դրանով առաջնորդւելը սխալ կը լինի։ ՀՀ-ն պէտք է կտրուկ ջանքեր գործադրի, լրացուցիչ եռանդ դրսեւորի, որպէսզի այս ծրագրի շուրջ խօսակցութիւնները, ծրագրի օրակարգը դառնան արդիական, յատկապէս, երբ իրանական կողմից կան ազդակներ»,- շարունակեց Վարդան Ոսկանեանը

Հարցին ՝ այս ծրագրերն օրակարգից դուրս են մնում ՀՀ-ի՝ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւններում խնդիրներ չառաջացնելու համատեքստո՞ւմ, թէ՞ իշխանութիւնները չեն գիտակցում կարեւորութիւնը, Վարդան Ոսկանեանը պատասխանեց, որ հայաստանեան իրականութեանը բնորոշ հանգամանք է նախաձեռնողականութեան ցածր մակարդակը։

«Աւելի շատ մենք ինեցիոն գործընթացներով ենք բաւարարւում, քան նախաձեռնողական գործողութիւններով ու ծրագրերով։ Բայց ՀՀ-ում ԱՄՆ ճնշում կայ ոչ թէ կոնկրետ այս ծրագրերի մասով, այլ Հայաստանում բանկային համակարգի վրայ նկատելի է այս ճնշումների առկայութիւնը։ Այս ճնշումների առկայութիւնը նկատելի է նաեւ իրանական աւիափոխադրողի՝ «Մահան»-ի՝ ՀՀ-ից դուրս գալու հանգամանքով։ Այլ ոլորտներում էլ կան, թէեւ դրանց մասին չի բարձրաձայնժւում։ Ակնյայտ է, որ ԱՄՆ քաղաքականութիւնը միտւած էր հայ-իրանական յարաբերութիւններ ներկայ ծաւալների պահպանմանը, բայց ցանկացած գործողութիւն, որ միտւած կը լինի այդ ծաւալների ընդլայնմանը, կխոչընդոտւի, եթէ չասեմ, որ կարգելափակւի»,- եզրափակեց իրանագէտը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։