Հա

Քաղաքական

03/08/2013

Հայ-Թուրքական սահմանը խախտելիս՝ սպանւել է թուրք հովիւը

«yerkirmedia.am» - Հայ-թուրքական փակ սահմանին, յուլիսի 31-ին, սահմանը խախտելիս, սպանւել է Թուրքիայի Կարսի Արփաչայ շրջանի բնակիչ 35-ամեայ հովիւ Մուստաֆա Ուլքերը: Արդէն յայտնի է, որ թուրքերը դին վերցնելու համար հայկական կողմի հետ բանակցութիւններ են վարել, եւ համապատասխան արձանագրութիւններից յետոյ՝ վերցրել այն ու դատափորձաքննութեան նպատակով՝ ուղարկել Էրզրում:
Թուրքական լրատւամիջոցները բուռն են արձագանգել դէպքին՝ յատուկ շեշտելով, որ հովւի վրայ կրակել են հայ զինւորները: Սակայն, իրականութիւնն այլ է:    
Յիշեցնենք, որ 1992 թւականի սեպտեմբերի 30-ին կնքւած հայ-ռուսական միջպետական համաձայնագրով՝ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի 300 կիլոմետրանոց, եւ Իրանի հետ սահմանի 45 կիլոմետրանոց հատւածը հսկում են Ռուսաստանի սահմանապահ ուժերը:
Արդէն պարզ է դարձել, որ թուրք սահմանախախտի ուղղութեամբ  ռուս սահմանապահների կրակոցները եղել են՝ ի պատասխան թուրքական կողմից հնչած կրակոցների:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատւական գործակալութիւնը մէջբերել է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ ծառայութեան մամուլի քարտուղար Սերգէյ Գրաչինի խօսքերը: Նա յայտնել է, որ սահմանը հսկող ռուս սահմանապահների ուղղութեամբ կրակել է հովիւը, որն այնուհետեւ փորձել է ներթափանցել Հայաստանի տարածք, որից յետոյ միայն ռուս սահմանապահները պատասխան կրակ են արձակել:
Ըստ նրա՝ հովիւը նախ վիրաւորւել է, ապա ստացւած վնասւածքներից մահացել: Գրաչինը նաեւ յաւելել է, որ իրենք հետաքննութիւն են սկսել միջադէպի առնչութեամբ:
Աւելի ուշ դէպքի կապակցութեամբ պարզ են դարձել նոր մանրամասներ: «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեանը յաջողւել է սահմանապահներին մօտ կանգնած աղբիւրներից որոշակի նոր տեղեկութիւններ ստանալ: Երկու օր առաջ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Թուրքիայի երկու քաղաքացի, որոնցից մէկը 15 տարեկան է եղել, ոչխար գողանալու նպատակով ցանկացել են անցնել հայ-թուրքական սահմանը:
Նրանց նկատելով՝ սահմանապահը նախ զգուշացրել է լքել տարածքը, ստացել ծաղրական պատասխան թուրք երիտասարդներից, ապա երկու անգամ օդ է կրակել: Նոյն աղբիւրի հաւաստմամբ՝ այնուհետեւ թուրք երիտասարդներից մէկն իր մօտ եղած զէնքով երկու անգամ կրակել է դէպի սահմանապահը՝ չվնասելով նրան: Այս ամենին յաջորդել է սահմանապահի կրակոցը, որից եւ մահացել է այդ երիտասարդը, իսկ նրա 15-ամեայ ընկերը դիմել է փախուստի: Նոյն առաւօտեան թուրքական կողմը յայտնաբերել է 15-ամեայ տղային, որը եւ պատմել է եղելութիւնը, ինչից յետոյ՝ թուրք պաշտօնատարներն առանց բողոքի հայկական կողմից խնդրել են իրենց փոխանցել սպանւածի դին:  
Այնուամենայնիւ, միջադէպի կապակցութեամբ  Անկարան բողոքի նոտա է յղել Հայաստանի արտաքին գործերի նախարարութեանը:
Ինչպէս տեղեկացրել է «Հիւրրիէթ»-ը, Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չունենալու պատճառով՝ բողոքի նոտան յղւել է Թբիլիսիում գտնւող Թուրքիայի դեսպանատան միջոցով:
Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարարութիւնը յայտագրով օգոստոսի 1-ին դիմել է թուրքական կողմին, որտեղ ցաւ է արտայայտւել դէպքի կապակցութեամբ, եւ յոյս յայտնւել, որ նմանատիպ դէպքերն ապագայում չկրկնւեն:

 

 

 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։