Հա

Քաղաքական

08/08/2013 - 11:10

alt«mardik.am» - Վերջերս հրաւիրւած ասուլիսում քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցն անդրադառնալով Հորադիզ-Ասլանդուզ սահմանի բացմանը՝ մի պատմական անցում կատարեց դէպի 90-ական թւականները եւ յիշեցրեց, որ երբ անցակէտը բացւում էր, երկու կարեւորագոյն օպերացիա (գործողութիւն) տեղի ունեցաւ, որին անմիջականօրէն մասնակցել է Իրանը: «Երբ Իրանը բացեց միջանցքն իր տարածքով եւ փախչող ադրբեջանական զօրամիաւորումներին ճանապարհ տւեց՝ թոյլ տալով սահմանը հատել Իրանի տարածքով, եւ երկորդ՝ այդ նոյն Իրանը միջանցքը բացեց նաեւ հայկական զօրքերի համար, ովքեր կարողացան երկաթգծի կայարանից նահանջել: Հայերը նահանջեցին, քանի որ Իրանը տեղ էր տւել նաեւ ադրբեջանցիներին: Կորուստներից խուսափելու համար՝ հայերը նահանջեցին հէնց Հորադիզի կայարանից. այնինչ, այն մեծ ռազմավարական նշանակութիւն ունի Իրանի համար»,- ընդգծեց քաղաքագէտը՝ յստակեցնելով, որ եթէ դա այդպէս չլինէր, ապա չէին լինի նաեւ բոլոր խօսակցութիւնները, որոնք հնչեցւում են Իրանի կողմից, թէ սահմանը պէտք է բացւի յօգուտ Ադրբեջանի:

«Իրանն այս քայլով յիշեցնում է արդէն կոնկրետ (որոշակի) ռազմական իրադարձութիւնների մասին, որոնք տեղի են ունեցել այդ տարիներում: Իրանը փորձում է յիշեցնել, որ նոյն 93 թւականին առանց թոյլտւութեան՝ Իրանը շուտափոյթ իր զօրքերը մտցրեց նաեւ Նախիջեւանի տարածք եւ ոչ մի գերտէրութիւն համարձակութիւն չունեցաւ որեւէ բան ասելու՝ գիտակցելով, որ ուժի դէմ խօսելն անիմաստ է: Դա նշանակում է, որ Իրանին անհրաժեշտ է ընդամէնը 24 ժամ Նախիջեւանն օկուպացնելու (բռնագրաւելու) համար, որի համար ոչ ոք ձայն չի կարող հանել: Նրան նաեւ անհրաժեշտ է աւելի քիչ ժամանակ, որպէսզի զօրք մտցնի Հորադիզ, որի համար Իրանը պաշտօնական վարկած միշտ էլ ունի»,- մանրամասնեց Ս. Շաքարեանցը՝ նշելով, որ Իրանը միշտ էլ իրաւունք ունի զօրքեր մտցնել՝ վերահսկելու ջրամբարներն ու պրակտիկօրէն ապահովել ջրի անվտանգ մատակարարումը:
Նա նշեց, որ Իրանի յայտարարութիւնը՝ անցակէտի բացման հետ կապւած, պատահական չէ, քանի որ ժամանակի առումով այն համընկնում է մի շարք իրադարձութիւնների ու իրավիճակների հետ: «Բնականաբար, այդ քայլերով Իրանի իշխանութիւնները թափանցիկ ուղերձ են ուղարկում նախ տարածաշրջանի բոլոր պետութիւններին, ապա՝ սուրբ եռեակին, որը զբաղւում է անցակէտի բացման հարցի կարգաւորմամբ: Այս սուրբ երրորդութեան մէջ մտնում են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու Եւրոմիութեանը (ԵՄ)»,- ընդգծեց նա: Նրա ասութեամբ՝ Իրանի իշխանութիւնները մեսիջ (պատգամ) են յղում նաեւ հայկական իշխանութիւններին՝ յիշեցնելով յատկապէս այն, թէ ինչ է տեղի ունեցել 93 թւականին: «Իրանը փորձում է Հայաստանին հասկացնել, որ ԵՄ-ը տեղ չունի եւ չի էլ ունենայ տարածաշրջանի հարցերի կարգաւորման մէջ: Այստեղ ոչ մի պատահականութիւն չկայ: Այդ տեղեկատւութեան ֆոնի վրայ Իրանը ուզում է տապալել Ռուսաստանի կողմից առաջարկւած հանդիպումը՝ երկու նախագահների միջեւ՝ Ռուսաստանի նախագահին պարտադրելով պաշտօնական այցով գալ Թեհրան եւ հանդիպել այնտեղ»,- կարծում է քաղաքագէտը, ով պատահականութիւն չի համարում նաեւ այն, որ Իրանը միաժամանակ սպառնում է տարբեր կարգի պետութիւնների, ովքեր ներգրաւած են այս կամ այն իրադարձութիւնների մէջ: «Յայտարարւում է, թէ արդէն Իրանում քննարկւում է 4000 իսլամական յեղափոխութեան յատուկջոկատայինների Սիրիա մեկնելու հարցը»,- ասաց նա՝ նշելով, որ Իրանի կողմից յայտարարութիւնները պատահական լինել չեն կարող, քանի որ Իրանն իր քայլերում գործում է շատ յստակ ու ճշգրիտ: Նա նշեց, որ թէեւ յստակ չէ, թէ Իրանի նմանատիպ յայտարարութիւններն այս պահին ում են ուղղւած, բայց ակնյայտ է, որ պատրաստի ծրագրերով հարեւան Իրանը, առանց իր կարծիքը հաշւի առնելու, որեւէ մէկի թոյլ չի տայ որեւէ քայլ անել Անդրկովկասում: «Պատմական կապերով շղթայւած՝ Իրանը յիշեցնում է, որ Անդրկովկասը հանդիսանում է իր շահերի ոլորտը, այլ ոչ թէ՝ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի»,- շեշտեց քաղաքագէտը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա քաղաքագէտը համոզւած է, որ Իրանի յայտարարութիւններն աւելի շատ ուղղւած են Հայաստանին, քան թէ՝ Ադրբեջանին: «Ադրբեջանն այս անգամ շատ աւելի զգուշաւոր է, բացի դա՝ Ադրբեջանը տարւած է իր գալիք ընտրութիւններով: Նա անգամ նւազեցրել է իր ռազմատենչ խօսակցութիւններն ու յայտարարութիւնները»,- յաւելեց նա՝ նշելով, որ այդ ամենի նախաձեռնողը ոչ թէ Ադրբեջանն է, այլ՝ Իրանը, քանի որ սահմանը բացելու մասին յայտարարում է ոչ թէ Իրանի դեսպանն Ադրբեջանում, այլ՝ Ադրբեջանի դեսպանը՝ Թեհրանում: «Սրանք դիւանագիտական խաղեր են: Այսինքն՝ Ադրբեջանի պաշտօնատարին Թեհրանը թոյլ է տւել տեղեկատւութեան արտահոսք կազմակերպել: Կան նրբութիւններ, որոնք պէտք է շատ ճշգրիտ որակաւորել, գնահատել ու հասկանալ, թէ ով է իրական նախաձեռնողը»,- յաւելեց նա: Ս. Շաքարեանցի ասութեամբ՝ Ադրբեջանն այսօր մեծ կախում ունի այլ՝ աւելի խոշոր խաղացողից: «Ադրբեջանի իշխանութիւններին ձեռնտու չէ ներկայում Իրանի հետ աւելորդ խաղերի մէջ մտնելը»,- ընդգծեց նա:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։