Հա

Քաղաքական

13/11/2014 - 10:40

ՏԵՍԱԿԷՏ - Ինչո՞ւ է փոխւել Գագիկ Յարութիւնեանը

Նախկին ԽՍՀՄ-ի երկրների փորձի ուսումնասիրութիւնը փաստել է, որ այդ երկրները գնում են կիսանախագահական համակարգն ուժեղացնելու ճանապարհով, որի արդիւնքում կամայ թէ ակամայ ցնցումներ են լինում երկրի ներսում: Կամ գնում են գունաւոր յեղափոխութիւնների ճանապարհով, որի արդիւնքում նոր ձեւաւորւող իշխանութիւնն, այնուհանդերձ, չի կարողանում ապահովել լայն հանրութեան պահանջների իրացումը:

Սահմանադրական բարեփոխումներին եռեակի դէմ լինելու պատճառները՝ ըստ Արծւիկ Մինասեանի

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐԵԱՆ


Նախկին ԽՍՀՄ-ի երկրների փորձի ուսումնասիրութիւնը փաստել է, որ այդ երկրները գնում են կիսանախագահական համակարգն ուժեղացնելու ճանապարհով, որի արդիւնքում կամայ թէ ակամայ ցնցումներ են լինում երկրի ներսում: Կամ գնում են գունաւոր յեղափոխութիւնների ճանապարհով, որի արդիւնքում նոր ձեւաւորւող իշխանութիւնն, այնուհանդերձ, չի կարողանում ապահովել լայն հանրութեան պահանջների իրացումը: Այս վերլուծութիւն-ամրագրումը եւս կատարւած է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: «Երկու ճանապարհներն էլ ընդունելի չեն: ԽՍՀՄ-ի երկրներից միայն Հայաստանն է, որ դեռ չի ընտրել իր ուղին: Եթէ ուշանան սահմանադրական բարեփոխումները եւ կառավարման ձեւի փոփոխութիւնները, Հայաստանը նոյնպէս կարող է ընկնել այդ ընթացքի մէջ»,- «Առաւօտ»-ի հետ զրոյցում կարծիք յայտնեց ՀՅԴ-ական պատգամաւոր Արծւիկ Մինասեանը:
Այս ամրագրման ենթատեքստում մեր զրուցակիցը տեսնում է այն մօտեցումը, որ Հայաստանն էլ է բազմաթիւ անգամներ նման փորձեր ունեցել՝ հոկտեմբերի 27-ին, մարտի 1-ին, որոնք երկրի ներսում ցնցումներ են առաջացրել, ու դա հիմնականում պայմանաւորւած է եղել իշխանութեան գերկենտրոնացւածութեամբ, քաղաքական մենաշնորհութեան եւ այլ դրսեւորումներով: Ներկայացւած հայեցակարգում ախտորոշումների մի ամբողջ խումբ վերաբերում է հէնց քաղաքական մենիշխանութեանը, որն, ըստ յանձնաժողովի, պէտք է յաղթահարւի, որպէսզի սահմանադրական մակարդակում չլինեն այնպիսի քողարկւած արկեր, որոնք պայթելով՝ վնաս կը բերեն երկրին: Դրանք յատկապէս արտայայտւում են նախագահի, կառավարութեան եւ խորհրդարանի ոչ համապատասխան ու համարժէք լիազօրութիւնների ու պատասխանատւութեան շրջանակներում:
Արծւիկ Մինասեանը շատ կարեւոր է համարում, որ հայեցակարգում նաեւ մարդու իրաւունքներին էլ անդրադարձ կայ՝ արձանագրելով, որ իրաւունքի գերակայութեան սկզբունքն, ըստ էութեան, չի գործում: Արձանագրւած են նաեւ մարդու սոցիալական իրաւունքների գերակայութիւնները. դրանց մի մասը պետութեան գերակայութիւններ պէտք է լինեն, միւսները՝ անմիջապէս գործող:
«Առաւօտ»-ի հարցին՝ եթէ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրւած են այն խնդիրները, որոնք այսօր բարձրացնում է ընդդիմութիւնը, աւելին՝ նաեւ լուծումներն են առաջարկւած, ապա ինչո՞ւ եռեակի ուժերը՝ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգութիւն», կտրականապէս դէմ են արտայայտւում այդ բարեփոխումներին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ինքը դրա համար երեք հիմնական պատճառ է տեսնում. «Առաջին՝ շատ քաղաքացիներ եւ քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչներ պարզապէս չեն կարդացել հայեցակարգը, հետեւաբար լսւած յայտարարութիւնների հէնքի վրայ են կառուցում իրենց մօտեցումները: Իսկ այսօր շատ աւելի հեշտ է ասել, որ ոչինչ չի արւում կամ ամէն ինչ արւում է կոնկրետ անձի վերարտադրութեան համար, ու մարդիկ հեշտութեամբ կը հաւատան, որովհետեւ դրա հիմքը տւել է նաեւ գործող իշխանութիւնը: Կարող եմ հասկանալ այդ հատւածի ներկայացուցիչներին, բայց չեմ կիսում այդ տեսակէտը. անհրաժեշտ է գոնէ կարդալ:
Յաջորդ խումբը նրանք են, ում համար կարդալու դէպքում անգամ դա ձեռնտու տարբերակ չէ: Դրանք նրանք են, ովքեր անպայման ուզում են, որ պահպանւի նախագահի պաշտօնը: Նրանց մի մասը գտնում է, որ իրենք այդ պաշտօնի ռէալ թեկնածուներ են, միւս մասն էլ գտնում է, որ իրենց քաղաքական շրջապատից մարդ կայ, որ կարող է լինել նախագահ: Ես կտրականապէս մերժում եմ այդ մօտեցումը: Նեղ կուսակցական շահերով չէ, որ երկիրը պէտք է առաջ գնայ: Եթէ բացայայտւած խնդիրները եւ վտանգը կան, չպէտք է սպասել, որ վտանգը վրայ հասնի՝ նոր սկսես անհանգստանալ: Չէ՞ որ այս խմբի փաստարկներից մէկն էլ այն է, որ երկրում չկայ մի խնդիր, որի լուծումը Սահմանադրութիւնը չտայ: Բայց դա նման է Երկիր մոլորակի վրայ եկող երկնաքարին: Չպէտք է սպասել հարւածին, եթէ կարող ես կանխարգելել»:
Երրորդ խումբը, ըստ մեր զրուցակցի, այն անձինք են, ովքեր վստահութեան դեֆիցիտի (պակասի, բացի) ներկայիս պայմաններում չեն հաւատում, որ կարող է փոփոխութիւն տեղի ունենալ: Այս առիթով մեր դիտարկումը՝ ՀՀ առաջին Սահմանադրութիւնը, ապա տարիներ անց կատարւած փոփոխութիւններն իրենց ժամանակի համար լաւագոյն լուծումներն էին առաջարկում, բայց դրանք չկիրառւեցին, ինչո՞ւ հիմա պէտք է հաւատալ, որ այս բարեփոխումները դրական արդիւնքի կը բերեն, Արծւիկ Մինասեանն ասաց. «2005 թւականի բարեփոխումներն, ըստ էութեան, կիսալուծումներ էին: Իսկ նման պարագայում հնարաւոր չէ ունենալ ամբողջական լուծման արդիւնք, այլ անգամ խեղաթիւրւում ու հեղինակազրկւում են սահմանադրական նորմերը, մեղադրանքներ են ուղղւում այս կամ այն անձին:
Իշխանութիւնը պարտաւոր է եղած Սահմանադրութեան շրջագծում շարժւել ժողովրդավարական նորմե-րով: Բայց բոլոր ժամանակների իշխանութիւններն իրենց համար առաջնահերթ են համարում ոչ թէ հանրութեան, այլ իր ու իր շրջապատի շահերին հետամուտ համակարգի ձեւաւորումը: Չպէտք է բացառել, որ երբեւէ որեւէ իշխանութիւն չի գնայ այդ քայլով:
Սա կոչւում է իշխանութեան կամք, որը պէտք է հիմնւած լինի ժողովրդի կամքի՝ Սահմանադրութեան վրայ, ու եթէ Սահմանադրութիւնը այլանդակւած է ներկայացւում, իշխանութեան կամքն էլ է ձեւախեղւում:
Սա նշանակում է, որ Սահմանադրութիւնը պէտք է այլասերումները վերացնի, որպէսզի իշխանութիւնը կարողանայ նաեւ իր կամքը պարտադրւած ձեւաւորել նաեւ դրա հէնքի վրայ: Մեղաւորն առաջին հերթին իշխանութիւնն է, բայց այնպէս չէ, որ միայն իշխանութեան անձանց փոխելով՝ մենք կունենանք աւելի լաւ վիճակ, որովհետեւ եթէ իշխանութեան ներկայացուցչին Սահմանադրութեամբ հնարաւորութիւն է տրւում զբաղւել կոռուպցիայով, անպատժելիութիւն սերմանել, պատասխանատւութիւն չկրել, ոչ ազատ ընտրական գործընթացների համար պատասխանատւութիւն չկրել, իշխանութիւնն ազատօրէն կարող է դա անել, չկայ քաղաքական պատասխանատու անձ»:
Սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովը գլխաւորում է ՍԴ-ի նախագահ Գագիկ Յարութիւնեանը, ով ժամանակին իր ղեկավարած գերատեսչութեան որոշումներով վաւերացրել է մեր երկրում կայացած բոլոր կեղծւած եւ անօրինական ընտրութիւնները:
Հարցին՝ ի՞նչն է փոխւել հիմա, որ նման պաշտօնեան 180 աստիճանով փոխել է իր մօտեցումները, Արծւիկ Մինասեանը յիշեցրեց, որ 2003 թւականին ինքն էլ է ՍԴ-ում վիճարկել մեծամասնական ընտրական գործընթացը ու արտայայտել իր սուբիեկտիւ դժգոհութիւնը: «Բայց յետոյ ես սկսում եմ վերլուծել ու հասկանալ՝ արդեօք բոլոր բաւարար ապացոյցները ներկայացրե՞լ եմ: Պարզւում է, որ՝ ոչ: Ինքս գնահատում եմ, որ ես չեմ կարողացել ներկայացնել, ոչ թէ չեմ ուզել կամ կարողունակ չեմ, այլ ընտրական համակարգն այնպիսին է, որ որպէսզի ես կարողանամ բոլոր խախտումներն արձանագրել, ինձնից կը պահանջւի հսկայական ջանք եւ լուրջ լծակներ՝ տեղեկատւութիւնը փաստելու համար: Երբ չկան դրանք, նաեւ դատարանին հնարաւորութիւն ենք տալիս, որպէսզի սուբիեկտիւ մօտեցումներ կիրառի: Այս դէպքում դատարանը ոչ միայն սուբիեկտիւ որոշումներ է կայացնում, նաեւ յայտնւում է ճնշման տակ, քանզի նաեւ երկրում իշխանակենտրոն կեցւածքն է թելադրում վերեւից թելադրանք: Հետեւաբար մեր խնդիրը ոչ թէ անձն է, այլ նորից գալիս ենք համակարգերին»: Իբրեւ օրինակ՝ մեր զրուցակիցը բերում է պարտադիր կուտակային համակարգի վիճարկման մասով կայացւած որոշումն այն պարագայում, երբ գրեթէ ոչ ոք չէր հաւատում, որ այն կը կայացւի, բայց նաեւ նկատում է, որ այն կեանքի չկոչւեց, քանզի ՍԴ-ի որոշումների կեանքի կոչումը թողնւած է պառլամենտի եւ գործադիրի իրաւասութեանը:
Արդիւնքում դատարանը կայացնում է որոշում, որը չի կիրառւում: Նոյնը եղաւ նաեւ 2003-ի վստահութեան հանրաքւէի որոշման հետ՝ յիշեցնում է Արծւիկ Մինասեանը՝ ամենեւին չթերագնահատելով դէպքերը, երբ փաստարկներն էլ են անտեսւում: «Եթէ վերցնենք մեր բոլոր նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների վիճարկման գործերը, ես յատուկ ուսումնասիրել եմ, իրօք ապացուցողական բազայի լուրջ խնդիրներ ենք ունեցել: Դրանք ոչ թէ քաղաքական թիմերի, այլ համակարգի խնդիրներն են»,- եզրափակեց ՀՅԴ-ական պատգամաւորը:

«aravot.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։