Հա

Քաղաքական

10/12/2014 - 11:30

ՏԵՍԱԿԷՏ - Ռուսաստանի որոշումից յետոյ ԵՏՄ-ն փաստացի այլեւս չկայ

Մինչեւ Հայաստանի ԱԺ-ն պատրաստակամօրէն գնում է ԵՏՄ-ի պայմանագրի վաւերացմանը, օրերս Լուկաշենկօն յայտարարել է Ռուսաստանին, որ «Մենք շան լակոտներ չենք, պէտք չէ մեզ վրայ ճնշում գործադրել: Մենք ձեր յուսալի բարեկամներն ենք եղել եւ կը լինենք: Բայց եթէ դուք սկսէք մեզ ճնշել, գիտէք, որ ես դա չեմ հանդուրժի»:

Մինչեւ Հայաստանի ԱԺ-ն պատրաստակամօրէն գնում է ԵՏՄ-ի պայմանագրի վաւերացմանը, օրերս Լուկաշենկօն յայտարարել է Ռուսաստանին, որ «Մենք շան լակոտներ չենք, պէտք չէ մեզ վրայ ճնշում գործադրել: Մենք ձեր յուսալի բարեկամներն ենք եղել եւ կը լինենք: Բայց եթէ դուք սկսէք մեզ ճնշել, գիտէք, որ ես դա չեմ հանդուրժի»:
Քաղաքագէտ Արմէն Գրիգորեանից հետաքրքրւեցինք՝ ԵՏՄ-ում ներքին հակասութիւնների խորացումը կարո՞ղ է նոր իրավիճակ ստեղծել ԵՏՄ-ի պայմանագրի շուրջ, ընդհուպ անդամ երկրների կողմից պայմանագրի կասեցումը:


- Մի կողմից Ռուսաստանի, միւս կողմից՝ Բելոռուսիայի եւ Ղազախստանի միջեւ ներկայ վէճի նախապատմութիւնը հետեւեալն է: Վ. Պուտինի միանձնեայ որոշմամբ Եւրոմիութիւնից եւ այլ վայրերից սննդամթերքի ներկրման արգելքը մտցւել էր առանց Բելոռուսիայի եւ Ղազախստանի հետ համաձայնեցնելու, ինչը մի կողմից նրանց դժգոհութիւնն առաջացրեց, բայց միւս կողմից՝ նրանք տեսան շահութաբեր բիզնեսի նոր հնարաւորութիւն եւ այն բաց չթողեցին: Բելոռուսիայում սկսեցին զբաղւել արգելւած ապրանքատեսակների ներկրմամբ եւ փաթեթաւորմամբ՝ դրանք հետագայում արտահանելով Ռուսաստան: Բացի այդ, ստեղծւել էր Եւրոմիութիւնից Ղազախստան ապրանքների առաքման մեխանիզմ, որի օգնութեամբ ապրանքները մաքսազերծւում էին Եւրոմիութիւն-Բելոռուսիայի սահմանին, այնուհետեւ առաքւում Ղազախստան, բայց ճանապարհին «անհետանում» էին՝ յայտնւելով ռուսական շուկայում:
Այժմ սակայն Ռուսաստանում որոշւեց արգելել Բելոռուսիայից սննդամթերքի որոշ տեսակների ներկրումը եւ դէպի Ղազախստան բեռների տարանցումը, եւ առհասարակ՝ Բելոռուսիայի եւ Ռուսաստանի սահմանին վերականգնել մաքսային վերահսկողութիւնը: Ա. Լուկաշենկոյի եւ Ն. Նազարբայեւի դժգոհութիւնը պայմանաւորւած է նրանով, որ իրենց երկրների որոշ գործարարներ առանց ֆորմալ առումով որեւէ պայմանագիր խախտելու բաւական շահութաբեր բիզնես էին ծաւալել, որն այժմ անհնար դարձաւ: Եւ ամենակարեւորը՝ ստեղծւում է մի իրավիճակ, երբ ընդհանուր մաքսային տարածք փաստօրէն այլեւս գոյութիւն չունի:
Ինչ վերաբերւում է «յուսալի բարեկամութեանը», կամ ռուս-բելոռուսական «սլաւոնական եղբայրութեանը»՝ Ա. Լուկաշենկոյի կողմից այդ փուչ գաղափարը կը հանդուրժւի միայն, քանի դեռ հնարաւորութիւն կայ Ռուսաստանի հաշւին սուբսիդաւորելու բելոռուսական տնտեսութիւնը:
ԵՏՄ-ի անմիջական լուծարում առայժմ տեղի չի ունենայ, սակայն ընդհանուր մաքսային տարածքի բացակայութեան պայմաններում դրա զուտ ձեւականօրէն տնտեսական կառոյց լինելն առաւել ընդգծւած կերպով է երեւում: Եւ եթէ Բելոռուսիան ու Ղազախստանն ունեն ռուսական քաղաքական ճնշմանը դիմակայելու ռեսուրս՝ քաղաքական կամքի առումով, ապա Հայաստանն այդ ռեսուրսը չունի: Եւ կրկին ի յայտ է գալիս մի վտանգ, որի գոյութեան մասին դեռեւս ամիսներ առաջ էի նշել. ԵՏՄ-ն ամբողջութեամբ զրկւում է տնտեսական բաղադրիչից եւ մնում որպէս զուտ քաղաքական մեխանիզմ, որը Հայաստանի նկատմամբ կարող է գործել որպէս փաստացի բռնակցումը քողարկելու միջոց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։