Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 28 Յունւարի 2015 11:48

ԶՐՈՅՑ -Ռոբերտ Քոչարեանը՝ Գիւմրիի դէպքերի մասին.- «Մեր պաշտօնեաների լղոզւած, իրարամերժ եւ շփոթւած յայտարարութիւնները իւղ լցրեցին կրակի վրայ»

Գիւմրիում կատարւած ոճրագործութիւնը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանութեամբ: Ակնյայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածւել զանգւածային գործողութիւնների՝ անկանխատեսելի հետեւանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանութիւնների կայծակնային առաջանցիկ գործողութիւնները: Եւ առաջին հերթին՝ միանըշանակ հաւաստիացումներն առ այն, որ ոճրագործութիւնը կը հետաքննւի հայաստանեան իրաւապահ մարմինների կողմից ու յանցագործը կը կանգնի ՀՀ դատարանի առաջ (առաւել եւս, որ մենք ունենք նման որոշման նախադէպ՝ 1999 թւականին):

«168.am» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հարցազրոյց է ունեցել «2rd.am» կայքի հետ:
- Պարոն նախագահ, առաջին հերթին անդրադառնանք Գիւմրիի ողբերգութեանը: Բառացիօրէն այն պահից, ինչ մարդասպանին կալանաւորեցին, Գիւմրիում դժգոհութեան մեծ ալիք բարձրացաւ: Զգացմունքային ծայրայեղ լարւածութեան մթնոլորտում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ: Յայտնի է, որ այդ ամենի, ինչպէս եւ հիմա անընդհատ ահագնացող դժգոհութեան պատճառը երկու անպատասխան հարցերն էին. ո՞ր երկրի օրէնքներով պէտք է դատւի մարդասպանը եւ ո՞ր պետութեան տարածքում պէտք է կրի իր պատիժը: Ձեր կարծիքով, ի՞նչ պէտք է անէին իշխանութիւնները այդ իրավիճակում:

- Գիւմրիում կատարւած ոճրագործութիւնը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանութեամբ: Ակնյայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածւել զանգւածային գործողութիւնների՝ անկանխատեսելի հետեւանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանութիւնների կայծակնային առաջանցիկ գործողութիւնները: Եւ առաջին հերթին՝ միանշանակ հաւաստիացումներն առ այն, որ ոճրագործութիւնը կը հետաքննւի հայաստանեան իրաւապահ մարմինների կողմից ու յանցագործը կը կանգնի ՀՀ դատարանի առաջ (առաւել եւս, որ մենք ունենք նման որոշման նախադէպ՝ 1999 թւականին): Վստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպէս հայկական, այնպէս էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կը կանխւէին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական յարաբերութիւնները՝ կոնկրետ ողբերգական դէպքի համատեքստում: Մեր պաշտօնեաների լղոզւած, իրարամերժ եւ շփոթւած յայտարարութիւնները իւղ լցրեցին կրակի վրայ, եւ առանց այդ էլ լարւած իրավիճակին ազգային նւաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդէն պայթիւնավտանգ համադրութիւն էր եւ, ցաւօք, մարդկանց զայրոյթը թափւեց հայ ոստիկանների վրայ: Այսպէս թէ այնպէս, Գիւմրիում տեղի ունեցածը սարսափելի ողբերգութիւն էր: Ես եւ իմ ընտանիքը խորապէս ցնցւած ենք եւ կիսում ենք բոլորի վիշտը:


- Դրամի փոխարժէքի կտրուկ անկումը, որ տեղի ունեցաւ անցած տարեվերջին, իսկական շոկ առաջացրեց: Ազգային արժոյթի այսպիսի արժեզրկում Հայաստանում վաղուց չէր եղել: Կառավարութեան ներկայացուցիչները տեղի ունեցածը բացատրեցին աշխարհաքաղաքական պատճառներով, մասնաւորապէս՝ ռուբլու եւ նաւթի գների անկմամբ, հակառուսական պատժամիջոցների հետեւանքներով եւ այլն: Ի՞նչ էք կարծում, իրօ՞ք այսպէս անւանւող «սեւ» դեկտեմբերը պայմանաւորւած էր բացառապէս արտաքին գործօններով: Համարժէ՞ք էին արդեօք իշխանութիւնների գործողութիւնները ստեղծւած իրավիճակին: Եւ պէ՞տք է արդեօք սպասել դրամի հետագայ արժեզրկմանը:

- Վերջին 5 տարիներին սա արդէն երկրորդ դէպքն է: Իհարկէ, շատ հեշտ է ամէն ինչ բարդել արտաքին գործօնների վրայ եւ ներկայանալ որպէս աշխարհաքաղաքական գործընթացների զոհ: 1998 թւականի օգոստոսի դեֆոլտի ժամանակ ռուսական տնտեսութիւնը շատ աւելի վատ վիճակում էր: Այն 6 տոկոսի անկում ապրեց, իսկ ռուբլին դոլարի նկատմամբ էժանացաւ 3 անգամ: Սա շատ աւելին է, քան հիմա եւ, բացի այդ, ներկայում Ռուսաստանը արտարժոյթի եւ ոսկու պատկառելի պահուստներ ունի, ինչը բացառում է երկրի դեֆոլտը: Բայց նոյնիսկ այդ պայմաններում հայկական դրամը պահպանեց կայունութիւնը, թէեւ այն ժամանակ Հայաստանի տնտեսութիւնն ու բանկային համակարգը շատ աւելի թոյլ էին:
Բնական է. արտաքին գործօնները նշանակութիւն ունեն, բայց անցած տարւայ դեկտեմբերին դրանք ոչ թէ մեր տնտեսութեան հիւանդանալու պատճառ դարձան, այլ ի ցոյց դրեցին արդէն առկայ հիւանդութիւնները: Դրամի եւ ռուսական ռուբլու վարքի այդպիսի համայարաբերականութիւն չպէտք է լինէր: Սակայն, մեզանում գերիշխող տրամադրութիւնների եւ բացասական սպասումների պարագայում փոխարժէքի տատանումների վրայ նոյնիսկ աննշան սպեկուլիացիաները կարող են մարդկանց խուճապային վարքի պատճառ դառնալ եւ որոշիչ դերակատարութիւն ունենալ, նոյնիսկ՝ թւացեալ ֆինանսական կայունութեան պարագայում:
Ֆորմալ տեսանկիւնից դրամի փոխարժէքի կայունութեան պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որն այդ օրերին կայունացմանն ուղղւած որոշակի ջանքեր էր գործադրում՝ իր լիազօրութիւնների շրջանակում: Բայց դեկտեմբերեան իրավիճակում դա ակնյայտօրէն բաւարար չէր: Իշխանութեան բոլոր ինստիտուտների հրատապ եւ համակարգւած գործողութիւններ էին անհրաժեշտ, ազդեցութեան բոլոր՝ մոնետարային, ֆիսկալ եւ վարչական գործիքների կիրառմամբ: Դատելով արդիւնքներից, այդ գործողութիւնները ուշացած ու թերի են եղել: Տնտեսագէտների շրջանում տարածւած կարծիք է, որ «Ճգնաժամին իշխանութիւնների համբաւը եւ կառավարչական արդիւնաւէտութիւնը յաճախ աւելի կարեւոր են, քան հիմնարար գործօնները»:
Որպէս բացասական գործօն յիշատակեցիք նաեւ նաւթի գնի անկումը: Ընդհակառակը: Նաւթ ներմուծող երկրները շահում են գնանկումից: Էժան բենզինը եւ դիզվառելիքը լաւ խթան են տնտեսութեան աճի համար, ու կարող են կոմպենսացնել (փոխհատուցում, հաւասարակշռում) Ռուսաստանից եկող մասնաւոր տրանսֆերտների (փոխանցումների) նւազման կորուստները, հաշւի առնելով էժան էներգակիրների մեծ մուլտիպըլիկատիւ (բազմարկիչ) էֆեկտը տնտեսութեան վրայ: Եթէ, իհարկէ, էներգակիրների շուկայում առողջ մրցակցութիւն կայ (բենզինի գինը Հայաստանում՝ բացառապէս սուբիեկտիւ գործօն է, որ արտացոլում է շուկայի մենաշնորհացման աստիճանը):
Ի դէպ, հաշւի առնելով համաշխարհային տենդենցները, կարող է վերանայւել նաեւ երկիր մատակարարւող գազի գինը, եթէ, իհարկէ, թոյլ կը տայ վերջերս «Գազպրոմ»-ի հետ ստորագրւած խնդրայարոյց պայմանագիրը:
Ի՞նչ է լինելու մեր դրամի հետ: Դրամի փոխարժէքն արտացոլում է երկրի տնտեսութեան եւ վճարային հաշւեկշռի ընդհանուր վիճակը: Դրանց վատթարացումը էժանացնելու է դրամը, բարելաւումը՝ ամրապնդելու է այն: Դրամը չի կարող ապրել իր սեփական կեանքով՝ ընդհանուր տնտեսութիւնից կտրւած: Ամէն դէպքում, փոխարժէքի կտրուկ տատանումներն անթոյլատրելի են. դրանք վտանգում են երկրի ֆինանսական համակարգը, խաթարում վստահութիւնը ազգային արժոյթի նկատմամբ եւ պակասեցնում մեր քաղաքացիների գրպանի պարունակութիւնը:


- Անցած տարի հարցազրոյցներից մէկում կանխատեսել էիք, թէ երկիրը մտնում է բացասական սպասումների շրջան: Այդ սպասումներից որոշները, ցաւօք, իրականութիւն են դարձել: Բացի այդ, ընդամէնը մի քանի օր առաջ «Moody's» գործակալութիւնը իջեցրել է Հայաստանի սուվերէն վարկանիշը եւ փոխել կանխատեսումը՝ գնահատելով այն որպէս «նեգատիւ»: Ինչպէ՞ս էք այսօր գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը՝ մօտ ապագայում:
- Ցաւօք, որեւէ յուսադրող բան ասել չեմ կարող: Եթէ տնտեսական քաղաքականութիւնն անփոփոխ մնայ, ապա բոլորովին անհասկանալի է, թէ ինչի հաշւին պէտք է բարելաււի իրավիճակը, կամ ինչը կարող է դառնալ տնտեսութեան աճի եւ դրա արդիւնաւէտութեան բարձրացման շարժիչը: «Moody's» գործակալութեան կողմից Հայաստանի սուվերէն վարկանիշի նւազեցումը է՛լ աւելի կը թանկացնի մեզ համար արտաքին փոխառութիւնները, առաւել եւս՝ մեծ արտաքին պարտքի պարագայում: Միջնաժամկէտ ապագայում ԵՏՄ-ի տնտեսութիւնը լինելու է ռեցեսիայի մէջ, այնպէս որ շատ դժւար է լինելու այնտեղ որեւէ նշանակալի դերակատարում ստանձնել: Խիստ արժեզրկւած ռուբլին լրջօրէն կը փոխի Ռուսաստանի հետ առեւտրի կառուցւածքը՝ ոչ յօգուտ մեր ապրանքների: Ռուսաստանից լուրջ ներդրումների հաւանականութիւնը ցածր է. պատժամիջոցների պատճառով իրենք իսկ խնդիր ունեն արեւմտեան վարկերի վերաֆինանսաւորման հետ: Արեւմտեան ընկերութիւնների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապէս գրաւիչ չենք: Պարզ չէ, թէ ինչ է կատարւելու մեր եւ Իրանի միջեւ առեւտրի ծաւալների հետ: Գունաւոր մետաղների համաշխարհային գներն, ըստ կանխատեսումների, չեն աճելու, այլ՝ թերեւս հակառակը: ՀՀ բանկերի համար նորմատիւների վերջերս կիրառւած խստացումը կը բերի փոխառւող գումարների թանկացման, իսկ դա նշանակում է, որ բիզնեսի վարկաւորումն էլ կը թանկանայ: Իսկ շինարարութեան մասին՝ այսպիսի մակրոտնտեսութեան, բնակչութեան արտահոսքի եւ անկումային տրամադրութիւնների պարագայում՝ չենք կարող նոյնիսկ երազել: Տնտեսութեան մենաշնորհացումը ահագնանում է, ներդրումների ծաւալները կայուն կերպով նւազում են, ներդրումային ակտիւութիւնը դեգրադացւում է: Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանայ: Առանց արմատական փոփոխութիւնների չափազանց դժւար կը լինի լուծել այս բազմաթիւ խնդիրները: Բացի ճառերից այն մասին, թէ ամէն ինչ լաւ է կամ ամէն ինչ լաւ կը լինի, պաշտօնեաներից որեւէ ծրագրային խօսք չենք լսում: Ակներեւ է, որ իշխանութիւնների եւ հասարակութեան՝ երկրում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ գնահատականը տրամագծօրէն տարբեր է, եւ ուրեմն կամ իշխանութիւնը, կամ հասարակութիւնը չի կարողանում համարժէք ընկալել իրականութիւնը: Գուցէ իշխանութիւնները իրօք կարծում են, որ ամէն ինչ կարգին է, կամ էլ իրենք իրենց համոզել են, թէ որեւէ բան հնարաւոր չէ փոխել: Երկու դէպքերն էլ լաւատեսութեան տեղ չեն թողնում:

- Ինքնաբերաբար հարց է ծագում. ի՞նչ է պէտք անել իշխանութիւններին' տնտեսական այս ծանր իրավիճակից դուրս գալու համար:
- Առաջին հերթին՝ ընդունել հիմնարար խնդիրների գոյութիւնը եւ անկեղծ երկխօսութեան տրամադրւել հասարակութեան ու բիզնեսի հետ՝ երկրում ստեղծւած իրավիճակի եւ ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին: Իշխանութեան բոլոր գործողութիւնների յաջողութեան կարեւորագոյն պայմանը վստահութիւնն է, որն այսօր գործնականում բացակայում է: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխութիւններ, բայց խօսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ: Չէի ուզենայ հերթով թւարկել բոլոր ակնյայտ ու անհրաժեշտ քայլերը: Հայաստանում եւ կոնկրետ՝ կառավարութիւնում, իմ կարծիքով, քիչ չեն այն մարդիկ, որոնք առնւազն հասկանում են, թէ ինչ է պէտք անել առաջին հերթին: Յաջողութեան հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կը լինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատեւ շահերի հետ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։