Հա

Քաղաքական

15/06/2015 - 10:50

ԶՐՈՅՑ - Այդ դէպքում ռազմական գործողութիւններն անհրաժեշտութիւն կը դառնան

Ադրբեջանը ԵՏՄ-ին անդամակցելու իրական ցանկութիւն հաւանաբար չունի: Սակայն այն կարող է փորձել սիրաշահել ռուսներին՝ ղարաբաղեան հակամարտութեան բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափից այլ ձեւաչափ տեղափոխելու համար: Այդ հարցում Ադրբեջանն ու Ռուսաստանն առնւազն մարտավարական առումով դաշնակիցներ են:

«lragir.am»-ը քաղաքագէտ Արմէն Գրիգորեանի հետ զրուցել է Բաքւում մեկնարկած Եւրոպական խաղերի շուրջ:


- Կարծիք կայ, որ Բաքւի Եւրոպական խաղերը վեր են ածւել եւրասիական խաղերի, քանի որ այնտեղ են ԵՏՄ-ի անդամ երկրների նախագահները՝ բացառութեամբ Սերժ Սարգսեանի: Ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանի մասնակցութիւնն այդ խաղերին:
- Պարզապէս եւրասիական խաղերի խնդիր չէ. սա Սոչիի օլիմպիադայի ժամանակ եղած իրավիճակին է նման, այն ժամանակ էլ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի նախագահները, Անգլիայի եւ Կանադայի վարչապետները եւ բազմաթիւ այլ պետութիւնների ղեկավարներ հրաժարւեցին մասնակցել անձամբ Վ. Պուտինի համար էմոցիոնալ մեծ նշանակութիւն ունեցող բացման արարողութեանը: Ադրբեջանում բռնաճնշումների ֆոնի վրայ միանգամայն տրամաբանական է, որ եւրոպական երկրների ղեկավարները հրաժարւեցին Բաքու մեկնելուց: Եւ բացի այդ, Բաքւի խաղերն Ադրբեջանի ղեկավարութեան մոգոնած PR-միջոցառում են՝ նաւթադոլարային-խաւիարային դիւանագիտութեան գործողութիւնների շրջանակից: Կարծում եմ, որ բոյկոտն աւելի իմաստալից կը լինէր:


- Բանակցութիւնների օրակարգ է բերւել ԵՏՄ-ին Ադրբեջանի այս կամ այն կերպ ինտեգրւելու հարցը: Որքանո՞վ է սա ռէալ տարբերակ ներկայ փուլում:
- Ադրբեջանը ԵՏՄ-ին անդամակցելու իրական ցանկութիւն հաւանաբար չունի: Սակայն այն կարող է փորձել սիրաշահել ռուսներին՝ ղարաբաղեան հակամարտութեան բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափից այլ ձեւաչափ տեղափոխելու համար: Այդ հարցում Ադրբեջանն ու Ռուսաստանն առնւազն մարտավարական առումով դաշնակիցներ են:


- Պատերազմի վերսկսումը այս պահին որքանո՞վ է հաւանական դառնում: Վերջին շրջանում դարձեալ խօսում են հնարաւոր պատերազմի մասին, որ այս բոլոր զարգացումները կարող են յանգեցնել հէնց դրան:
- Հայ քաղաքական վերնախաւի ռուսամոլ պահւածքի հետեւանքով ստեղծւած իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը կարող է վաղ թէ ուշ վճռել, որ հասունացել է յարմար պահը՝ «խաղաղարարների» տեղաբաշխման համաձայնութիւն ստանալու համար: Այդ դէպքում լայնածաւալ ռազմական գործողութիւններն անհրաժեշտութիւն կը դառնան՝ պատրւակ ստեղծելու համար: Հայաստանի ԱԳՆ-ի եւ միւս իրաւասու կառոյցների անգործութեան պայմաններում Ռուսաստանից սկիզբ առնող մարտահրաւէրների դէմն առնելու համար տարածաշրջանային այլ խաղացողների դերակատարումն է դարձել առաւել կարեւոր՝ ռուս-ադրբեջանական գործարքի կամ պատերազմի կանխման առումով: Խնդիրն այն է սակայն, որ արտաքին խաղացողների ազդեցութիւնն Ադրբեջանի եւ Ռուսաստանի նկատմամբ խիստ սահմանափակ է:

Զրոյցը վարեց՝
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆԸ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։