Հա

Քաղաքական

19/11/2016 - 11:10

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ճանաչո՞ւմ են Արցախի Հանրապետութիւնը

ԼՂՀ-ի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովը նոյեմբերի 8-ին հրապարակեց Արցախի Սահմանադրութեան նոր նախագիծը, որով Լեռնային Ղարաբաղը քայլ է կատարում իր պատմական՝ Արցախ անւանմանը լիարժէքօրէն վերադառնալու ուղղութեամբ:

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ


ԼՂՀ-ի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովը նոյեմբերի 8-ին հրապարակեց Արցախի Սահմանադրութեան նոր նախագիծը, որով Լեռնային Ղարաբաղը քայլ է կատարում իր պատմական՝ Արցախ անւանմանը լիարժէքօրէն վերադառնալու ուղղութեամբ: Հիմնական օրէնքի նախագիծը, որը հանրային քննարկումներից, ԼՂՀ-ի ԱԺ-ում հաստատւելուց յետոյ կը դրւի հանրաքւէի, կոչւելու է ոչ թէ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրութիւն, ինչպիսին ներկայում գործողն է, այլ՝ Արցախի: Սակայն նախագծի առաջին յօդւածի երկրորդ պարբերութիւնը գրեթէ նոյնութեամբ կրկնում է գործող Սահմանադրութեան այն ձեւակերպումը, թէ «Արցախի Հանրապետութիւն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն անւանումները նոյնական են»:

Աւելի վաղ՝ նոյեմբերի 5-ին, յանձնաժողովի նախագահ, Արցախի ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլեանը Արցախի հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում ասել էր, թէ տեղի է ունենում սուբիեկտի փոփոխութիւն, որն արտացոլւելու է Սահմանադրութեան առաջին յօդւածում: Սակայն փաստը, որ այդ ձեւակերպումը նոյնութեամբ պահպանւել է՝ շարադասութեան որոշակի տարբերութեամբ, հաստատում է, որ վերջին պահին, թերեւս, որոշւել է չգնալ ԼՂ-ի անւանումից ամբողջական հրաժարման ճանապարհով, յատկապէս՝ այն պատճառով, որպէսզի դա չընկալւի որպէս Արցախի պետական նոր կազմաւորման նախաձեռնութիւն, այսինքն՝ ԼՂՀ-ի փոխարէն նոր սուբիեկտի ստեղծում: Պատճառը մի կողմից իրաւական շարունակականութեան եւ նոյնականութեան ապահովումն է, իսկ միւս կողմից աւելի շատ ունի քաղաքական ենթատեքստ եւ պայմանաւորւած է ԼՂ-ի հիմնահարցի չկարգաւորւածութեամբ, քաղաքական գործընթացում միջազգային աւելորդ դիմադրութիւն չյարուցելու դիտաւորութեամբ:
Պաշտօնական Բաքուն վերջին շրջանում արհեստականօրէն սրում է սահմանադրական փոփոխութիւնների միջոցով ԼՂ-ն անւանափոխելու՝ Ստեփանակերտի որոշումը՝ այն առայժմ ոչ-պաշտօնական մակարդակով բարձրացնելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների առջեւ: Օրերս ադրբեջանական «APA» գործակալութիւնն այդ հարցը բարձրացրել էր ՌԴ-ի Արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ հարցազրոյցում: Ի պատասխան, Զախարովան նշել էր, թէ ՌԴ-ն, համանախագահող միւս երկրները, ինչպէս նաեւ Հայաստանը ԼՂ-ն չեն ճանաչում որպէս անկախ պետութիւն: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պէտք է որոշւի բանակցութիւնների ընթացքում: Ներկայում նոր անւանումների յայտնւելը չի ազդի Ռուսաստանի դիրքորոշման վրայ»,- ասել էր նա: Դրանից յետոյ «APA»-ն խնդրոյ առարկայի կապակցութեամբ պարզաբանում է խնդրել նաեւ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ջէյմզ Վորլիքից, ով, կրկնելով ԼՂ-ն չճանաչւած լինելու մասին միտքը, նաեւ նշել է. «Շատ կարեւոր է, որ բոլոր կողմերն աշխատեն հակամարտութիւնը կարգաւորելու ուղղութեամբ՝ հիմնւած Հելսինկեան Եզրափակիչ ակտի վրայ, որում արտայայտւած են ինքնորոշման իրաւունքի, տարածքային ամբողջականութեան եւ ուժի գործադրումից խուսափելու սկզբունքները»:
Յատկանշական է, որ թէ՛ Զախարովան եւ թէ՛ Վորլիքը սեփական երկրի անունը փոխելու՝ արցախցիների նախաձեռնութիւնը փաստացի անընդունելի չեն համարել: Եթէ Զախարովան շեշտում է, որ դա չի կարող խանգարել բանակցային գործընթացին, ապա Վորլիքն, ըստ էութեան, աւելի կարեւոր ենթատեքստային միտք է արտայայտում, ըստ որի՝ հակամարտութեան կարգաւորումը չի կարող շրջանցել արցախցիների ինքնորոշման իրաւունքը, որի դրսեւորումներից են ոչ միայն սեփական պետութեան անունը փոխելը, այլեւ, առհասարակ, հանրաքւէի միջոցով սահմանադրական փոփոխութիւններ անցկացնելը: Սա համանախագահողների կողմից Արցախի ինքնորոշման իրաւունքը ճանաչելու անուղղակի դրսեւորում է, որի սլաքներն ուղղւած են Բաքւի դէմ: Համանախագահները Բաքւին փորձում են հասկացնել, որ Արցախի ինքնորոշման իրաւունքը յամառօրէն չճանաչելու՝ Բաքւի ներկայ ապակառուցողական կեցւածքը, որի պատճառով բանակցային գործընթացը ապրիլեան պատերազմից յետոյ կրկին մտել է փակուղի, կարող է յանգեցնել ոչ միայն հանրաքւէ անցկացնելու իրաւունքի՝ միջազգայնօրէն լեգիտիմացմանը, այլ նաեւ այդ հանրաքւէների արդիւնքների ճանաչմանը:
Սա համանախագահող երկրների կողմից նմանատիպ առաջին անուղղակի զգուշացումը չէ: Նրանք գրեթէ նոյն կերպ են արձագանգել թէ’ Արցախի նախագահական վերջին ընտրութիւններին, եւ թէ’ սահմանադրական նախորդ հանրաքւէին՝ ընդորում, ժամանակի ընթացքում աւելի ու աւելի վստահ արտայայտւելով նման որոշումների ընդունման՝ արցախցիների իրաւունքը ճանաչելու օգտին: Սա նշանակում է՝ որքան Արցախում յաճախակի են նման միջոցառումներ անցկացւում, այնքան Բաքուն աւելի է կանգնում փաստի առաջ, եւ այնքան միջազգային հանրութիւնն աւելի է հակւում դրանք օրինաչափ ընդունելուն:
Մի քանի ամսից նոր Սահմանադրութեան նախագիծը կը դրւի հանրաքւէի: Որեւէ կասկած չկայ, որ Ադրբեջանը հերթական վայնասունն է բարձրացնելու, փորձելու է ՄԽ-ի համանախագահներից դատապարտող յայտարարութիւններ պոկել: Նրանք նորից առիթ կը տան համանախագահներին՝ անուղղակիօրէն ճանաչել արցախցիների ինքնորոշման իրաւունքը՝ նման բողոքները դարձնելով ինքնանպատակ եւ անիմաստ:
Այս կոնտեքստում անգամ կարեւոր չէ, թէ սահմանադրական հանրաքւէով ինչն է ինչով փոխւում: Կարեւորը նախ՝ հանրաքւէի անցկացմանն աշխարհին վարժեցնելն է եւ, հանրաքւէն մաքուր եւ արդար անցկացնելով, ժողովրդավարական պետականութեան կայացւածութիւնը վերահաստատելը: Դրանով Ստեփանակերտը օրակարգային է դարձնում իրեն անյապաղ բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտութիւնը:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։