Հա

Քաղաքական

19/12/2016

ՀՀ ԱԱԾ-ն չի կողմնորոշւում՝ թշնամուն յանձնւածները դաւաճաննե՞ր են, թէ՞ ոչ

Շուրջ մէկ ամսւայ ընթացքում Բաքու են մեկնել եւ Ադրբեջանին յանձնւել իրեն ակտիւիստ հռչակած, հոգեբուժարանում հաշւառւած Վահան Մարտիրոսեանը, ահաբեկչութեան մասին կեղծ հաղորդում տալու համար դատապարտւած, իրեն լրագրող ներկայացնող Սիւզան Ջաղինեանը եւ «վտարանդի գրող» յորջորջւող Վահէ Աւետեանը:

Շուրջ մէկ ամսւայ ընթացքում Բաքու են մեկնել եւ Ադրբեջանին յանձնւել իրեն ակտիւիստ հռչակած, հոգեբուժարանում հաշւառւած Վահան Մարտիրոսեանը, ահաբեկչութեան մասին կեղծ հաղորդում տալու համար դատապարտւած, իրեն լրագրող ներկայացնող Սիւզան Ջաղինեանը եւ «վտարանդի գրող» յորջորջւող Վահէ Աւետեանը:
Դեկտեմբերի 12-ին էլ տեղեկատւութիւն տարածւեց ոմն ակտիւիստ, «Ժառանգութիւն» կուսակցութեան անդամ Արմէն Վիրաբեանի՝ Բաքու տեղափոխւելու մասին: Յաջորդ օրը, սակայն, կարծես, այդ տեղեկատւութիւնը հերքւեց: Վիրաբեանը տեսաուղերձով հանդէս եկաւ եւ պնդեց, թէ Գերմանիայում է:
Այն, որ վերոյիշեալ քաղաքացիները Ադրբեջան են տեղափոխւել երրորդ երկրով, փաստ է: Հարցն այն է, թէ ի՞նչ հանգամանքներում եւ ինչո՞ւ են նրանք նախընտրել հէնց թշնամական երկիրը, եւ ի վերջոյ, ինչպէ՞ս է օրէնքի շրջանակներում կարգաւորւելու այս հարցը, արդեօք նրանց համար նախատեսւած քրէական պատասխանատւութեան մեխանիզմներ կա՞ն, թէ՞ ոչ:
Առաջին իսկ հարցը, որ ծագում է, այն է, թէ ինչո՞ւ ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութիւնը (ԱԱԾ) պետական դաւաճանութեան փաստով քրէական գործ չի յարուցում եւ քրէական հետապնդում չի սկսում Ադրբեջանին յանձնւած քաղաքացիների նկատմամբ: Դեռեւս մէկ ամիս առաջ՝ նոյեմբերի 8-ին, «yerkir.am»-ը գրաւոր հարցում էր ուղարկել ԱԱԾ: Հետաքրքրւել էինք, թէ, ԱԱԾ-ի ունեցած տւեալներով, այս անձանցից իւրաքանչիւրը ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում է յայտնւել Ադրբեջանում, արդեօք վերոյիշեալ անձանց արարքում առկա՞յ է ՀՀ Քրէական օրէնսգրքի 299 յօդւածի (պետական դաւաճանութիւնը) յատկանիշերով նախատեսւած արարք:
ԱԱԾ-ից մեզ պատասխանել էին, որ մեր հարցումն ընթացքի մէջ է, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չկայ, ինչը թոյլ է տալիս ենթադրել, որ ԱԱԾ-ին մինչ օրս չի յաջողւել պարզել, թէ ինչպէս եւ երբ են ՀՀ քաղաքացիները յայտնւել հարեւան պետութիւնում, թէեւ այդ մասին բազմաթիւ հրապարակումներ կան: Իսկ ինչ վերաբերում է քրէական գործ յարուցելուն, ապա, հաւանաբար, ԱԱԾ-ն խուսափել է պաշտօնական մեկնաբանութիւն տալ՝ պայմանաւորւած խնդրայարոյց յօդւածով:
Ինչեւէ, փոխարէնը կը փորձենք ինքներս ընթերցողին ներկայացնել խնդրի իրաւական կարգաւորման հնարաւորութիւններն ու տալ կարեւորագոյն հարցի պատասխանը: Նախ նշենք, որ պետական դաւաճանութիւնը համարւում է պետութեան դէմ ուղղւած յանցագործութիւն: ՀՀ ՔՕ 299-րդ յօդւածում ամրագրւած է. «Պետական դաւաճանութիւնը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսութիւնը, օտարերկրեայ պետութեանը կամ օտարերկրեայ կազմակերպութեանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք յանձնելը կամ թշնամական գործունէութիւն իրականացնելու համար այլ օգնութիւն ցոյց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան, տարածքային անձեռնմխելիութեան կամ արտաքին անվտանգութեան»:
«Պետական դաւաճանութիւն» եզրոյթի մեկնաբանութեան համար ներկայում գործող իրաւական կարգաւորումները, ինչպէս նաեւ իրաւակիրառ պրակտիկան պարզապէս բաւարար չեն, քանի որ այն նոյնութեամբ կրկնում է դեռեւս խորհրդային իրաւական համակարգից նոյնութեամբ փոխանցւած խմբագրութիւնը: Իսկ նախկին խորհրդային իրաւական կարգաւորման չափանիշերով «թշնամի» եզրոյթի մէջ ներառւում էին բոլոր ոչ-սոցիալիստական երկրները, եւ բաւական էր, որ, օրինակ, զբօսաշրջիկը չվերադառնար ԽՍՀՄ, որպէսզի նրա արարքը որակւէր որպէս պետական դաւաճանութիւն:
Ինչ վերաբերում է յանցակազմի տարրերին, ապա միջազգային պրակտիկայում դրա վերաբերեալ չկայ ողջամիտ կանխատեսելիութիւն: Նշենք նաեւ, որ անգամ ՌԴ-ի քրէական օրէնսգրքից է հանւել «թշնամու կողմն անցնելը» արտայայտութիւնը:
Այս դէպքում թշնամու կողմն անցնելը, որպէս ինքնուրոյն ոչ-դրական յատկանիշ, պահպանւել է ՀՀ օրէնսդրութիւնում, եւ այդ յանցագործութիւնը կարող է տարածւել Ադրբեջանին յանձնւած երեք քաղաքացիների նկատմամբ:
Իսկ ինչ վերաբերում է «թշնամի» եզրոյթին, նշենք, որ պաշտօնական եւ ոչ-պաշտօնական մեկնաբանութիւններում այն երբեք չի փոխկապակցւել պաշտօնապէս պատերազմական վիճակի մէջ գտնւող պետութեան տարածք անցնելու հետ: Այսինքն՝ կապ չունի Հայաստանը ներկայում Ադրբեջանի հետ դէ իւրէ (իրաւաբանօրէն) գտնւո՞ւմ է պատերազմական դրութեան մէջ, թէ՞ ոչ, միեւնոյն է, Ադրբեջանը համարւում է թշնամի պետութիւն:
Խնդիրն այն է, թէ յիշեալ քաղաքացիների նկատմամբ քրէական հետապնդում իրականացնելը որեւէ գործնական արդիւնք կը տա՞յ, թէ՞ ոչ: Կարծիք կայ, որ այդ կերպ իրաւապահները «կրակի վրայ իւղ կը լցնեն»՝ առիթ տալով նրանց՝ Ադրբեջանում հաստատւելու փաստը շահարկել միջազգային հարթակներում:
Սակայն, միւս կողմից, եթէ հիմնաւորւած քրէական հետապնդում իրականացւի, գուցէ պարզ դառնայ, որ Ադրբեջան տեղափոխւելը պատահական չէ, եւ որ այդ կերպ Հայաստանի նկատմամբ պարզապէս տեղեկատւական դիւերսիա է իրականացւում եւ ոչ միայն:
Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանն էլ է այն կարծիքին, որ այդ կերպ Ադրբեջանը թշնամական ակցիա է իրականացնում Հայաստանի նկատմամբ, դա, ըստ էութեան, տեղեկատւական դիւերսիոն գործողութիւն է: «yerkir.am»-ի հետ զրոյցում քաղաքագէտը նշեց, որ ՀՀ քաղաքացիներին Բաքու տեղափոխելը միջազգային հարթակում Հայաստանին հեղինակազրկելու խնդիր չի կարող լուծել:
«Ակնյայտ է, որ դա Ադրբեջանի տեղեկատւական քաղաքականութիւնն է՝ ուղղւած հայ ժողովրդի դէմ եւ ինչ-որ չափով՝ նաեւ իրենց պետութեան ներսում խնդիրներ լուծելուն: Սա թշնամանքի իրացման ձեւերից մէկն է: Ես կարծում եմ՝ մեր կողմից ճիշտ քայլեր կատարելու դէպքում այն կարող է ուղղւել հէնց Ադրբեջանի դէմ: Ադրբեջանը մի կողմից տարբեր առիթներով փորձում է Մինսկի խմբի համանախագահներին կամ միւս միջնորդներին համոզել, որ իրենք կողմնակից են խաղաղ կարգաւորման, սակայն, միւս կողմից, տեղեկատւական դիւերսիա են իրականացնում՝ այդ քաղաքացիների միջոցով փորձելով շրջանառութեան մէջ դնել տարածքներ յանձնելու գաղափարը, այսինքն՝ տարբեր անձանց շուրթերով պրոպագանդում են իրենց պետական դիրքորոշումը»,- ասաց քաղաքագէտը:
Մելիք-Շահնազարեանի ասութեամբ՝ առաջին հերթին պէտք չէ հաւատալ ադրբեջանական քարոզչամեքենայի լուրերին, խուսափել թշնամու քարոզչութիւնը տարածելուց: Բացի այդ՝ պէտք է աշխատանքներ տանել՝ հասարակութեանը բացատրելու Ադրբեջանի իրական նպատակները, որպէսզի որեւէ մէկը չմոլորւի եւ նման քայլի չգնայ:
Քաղաքագէտ Տիգրան Աբրահամեանի ասութեամբ՝ Ադրբեջանի այդ պրիմիտիւ քարոզչութիւնը, միանշանակ, իր ազդեցութիւնը կունենայ ադրբեջանական հասարակութեան մի հատւածի վրայ, սակայն ոչ մի էական բան չի փոխի միջազգային հանրութեան, աւելի կոնկրետ՝ միջնորդ երկրների համար, առաւել եւս՝ հայ հանրութեան շրջանում: «Ինչ վերաբերում է այսպիսի միջադէպերի հնարաւոր կանխարգելմանը, ապա այդ մարդիկ Ադրբեջան են տարւում երրորդ երկրներից, իսկ այդ պարագայում դրանց կանխարգելումը բարդանում է»,- «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց նա:
Մի ուշագրաւ հանգամանք եւս: Եթէ Վահան Մարտիրոսեանի՝ ընտանիքի հետ Ադրբեջանում հաստատւելու մասին Հայաստանում իմացել են նրա՝ Բաքւում հաստատւելուց յետոյ միայն, ապա Սիւզան Ջաղինեանն ու Վահէ Աւետեանն իրենց մտադրութիւնների մասին աւելի վաղ են բարձրաձայնել: Այսինքն՝ ի սկզբանէ հնարաւորութիւն եղել է նրանց մուտքը կանխելու: Բացի այդ՝ ՀՀ ԱԱԾ-ն իրեն վերապահւած իրաւասութիւնների շրջանակում պարտաւոր էր վերահսկել թշնամուն յանձնւել պատրաստւող անձանց, ինչու չէ՝ նաեւ գաղտնի հետախուզութիւն իրականացնելով:
Համաձայն «Ազգային անվտանգութեան մարմինների մասին» ՀՀ օրէնքի՝ Ազգային անվտանգութեան մարմինների գործունէութեան հիմնական ուղղութիւններից մէկն էլ հետախուզական գործունէութիւնն է, այդ թւում՝ արտաքին հետախուզութիւնը: Այն ուղղւած է ՀՀ ազգային անվտանգութեան սպառնալիքների մասին տեղեկութիւններ ստանալուն եւ պետութեան հիմքերն ամրապնդելուն:
Ազգային անվտանգութեան մարմինների իրաւասութեան սահմաններում է նաեւ հակահետախուզական գործունէութիւնը՝ ուղղւած օտարերկրեայ պետութիւնների յատուկ ծառայութիւնների եւ այլ կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ առանձին անձանց հետախուզական գործունէութեան բացայայտմանը, կանխմանը եւ խափանմանը:
Հետախուզական եւ հակահետախուզական միջոցառումներ անցկացնելու կարգը, ինչպէս նաեւ հետախուզական գործունէութիւն իրականացնելիս գաղտնի մեթոդների եւ միջոցների օգտագործման կարգը սահմանւած են համապատասխան օրէնսդրութեամբ եւ նորմատիւ ակտերով:

ԹԱԳՈՒՀԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։