Հա

Քաղաքական

25/12/2016 - 12:30

ԿԱՐԾԻՔ - Արմէն Մանուէլեանը՝ ադրբեջանական տնտեսութեան յետընթացի մասին.- «Լուրջ պատերազմական գործողութիւններից Ադրբեջանն իրեն հեռու կը պահի»

ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականութեան եւ միջազգային անվտանգութեան հարցերով մասնագէտ Արմէն Մանուէլեանը, վերլուծելով ադրբեջանական տնտեսութեանը սպառնացող յետընթացը, ճշմարիտ համարեց այն պնդումը, որ երբ այնտեղ առաջանում են սոցիալական խնդիրներ, սրացումներ են տեղի ունենում նաեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում:

ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականութեան եւ միջազգային անվտանգութեան հարցերով մասնագէտ Արմէն Մանուէլեանը, վերլուծելով ադրբեջանական տնտեսութեանը սպառնացող յետընթացը, ճշմարիտ համարեց այն պնդումը, որ երբ այնտեղ առաջանում են սոցիալական խնդիրներ, սրացումներ են տեղի ունենում նաեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում:
«Ադրբեջանը միշտ էլ փորձում է իր ներքին բողոքներն ուղղորդել դէպի արտաքին թշնամիներ: Երբ որ ներքին խնդիրներ են առաջանում, արտաքին թշնամին դառնում է շատ ակտուալ»,- «tert.am»-ի հետ զրոյցում ասաց նա՝ յաւելելով, որ դա նաւթային երկրներին բնորոշ վարքագիծ է:
Յիշեցնենք, որ ադրբեջանցի տնտեսագէտ Գուբադ Իբադօղլուն պետական բիւջէի նախագծի հանրային քննարկումների ժամանակ մտահոգութիւն է յայտնել, որ Ադրբեջանի 2017 թւականի պետբիւջէի նախագիծը վկայում է, որ դա վերջին 10 տարւայ ընթացքում ամենավատ բիւջէներից մէկն է: Տնտեսագէտը նշել է, որ այն կազմում է 9 միլիարդ դոլարից փոքր-ինչ աւել: Իբադօղլուն նաեւ յիշեցրել է, որ ամենամեծ բիւջէն եղել է 2013 թւականին՝ 25 միլիարդ դոլար: «Ներկայ ցուցանիշերը վկայում են, որ Ադրբեջանը չի զարգանում, այլ յետընթաց է գրանցում»,- ասել է նա:
Արմէն Մանուէլեանը եւս մատնանշեց, որ այս պահի դրութեամբ ներկայացւած 2017 թւականի բիւջէն՝ մօտաւորապէս 16 միլիարդ մանաթի չափով, վերջին 5 տարւայ ամենափոքր բիւջէն էր: Համեմատելով նախորդ տարիների հետ՝ նա նկատեց, որ ադրբեջանական բիւջէն 25 միլիարդից իջել է մինչեւ 9 միլիարդի:
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանի բիւջէն 70-80 տոկոսով ձեւաւորւում է նաւթի վաճառքից: Քանի որ նաւթի գներն ընկել են, այս տարի իրենք իրենց արտաքին առեւտուրը կը փակեն 8 միլիարդ դոլարով, իսկ 5 տարի առաջ իրենց արտաքին առեւտրաշրջանառութիւնը մօտաւորապէս 32 միլիարդ դոլար էր: Փաստօրէն՝ նաւթի արտահանման ծաւալները մնացել են նոյնը, բայց եկամուտները 4 անգամ քչացել են: Սրանք լուրջ խնդիրներ են առաջացնում ե՛ւ ներքին կեանքում, ե՛ւ Ադրբեջանի համար խնդիրներ են ստեղծում արտաքին քաղաքականութեան մէջ»,- ասաց Արմէն Մանուէլեանը՝ մատնանշելով, որ Ադրբեջանը լուրջ ծրագրեր ունի գազային եւ նաւթային համագործակցութիւնների առումով՝ նշելով, որ բիւջէից, օրինակ, պէտք է ֆինանսաւորւի «TANAP»-ը եւ այլ ծրագրեր, եւ դրանց համար օգտագործւող գումարների քչացումը կը նշանակի տարածաշրջանում Ադրբեջանի ռազմավարական դերի նւազեցում:
Փորձագէտի դիտարկմամբ՝ Ադրբեջանի տնտեսութեան թուլացումն ազդում է նաեւ սպառազինութեան համալրման վրայ: «Արդէն սպառազինութեան գնման վերաբերեալ մի քանի պայմանագրեր չեղեալ են յայտարարւել՝ յատկապէս Իսրայէլի հետ կնքւելիքները: Նշանակում է, որ նա ի վիճակի չէ գումարներ վճարելու: Յայտնի է նաեւ, որ Ադրբեջանը վճարման խնդիր ունի Ռուսաստանից գնւած սպառազինութիւնների հետ կապւած: Այլ բան է, որ նա կը փորձի սպառազինութիւնների մրցավազքի պատճառով ռազմական բիւջէն բարձր պահպանել: Արդէն յայտարարել է, որ պատրաստւում է մինչեւ 2 միլիարդ մանաթանոց ռազմական բիւջէ ձեւաւորել»,- ասաց նա:
Արմէն Մանուէլեանի ասութեամբ՝ պէտք է հաշւի առնել, որ ադրբեջանական մանաթը շարունակում է անկում ապրել, եւ երբ խօսում ենք բիւջէի մասին, պէտք է նկատի ունենալ այդ պահին մանաթի կուրսը:
Ադրբեջանի տնտեսութեան անկումը, ըստ փորձագէտի, նաեւ իմիջային խնդիր կառաջացնի նրա համար. ժամանակին նաւթի շնորհիւ կարեւոր խաղացող էր տարածաշրջանում, հիմա նաւթի գների անկումով պայմանաւորւած՝ առաւել քիչ կարեւորութիւն եւ նշանակութիւն ունի այլ երկրների համար:
«Վերջին տարիներին նաեւ Արեւմուտքից է անընդհատ հնչում քննադատութիւններ Ադրբեջանում մարդու իրաւունքների խախտման վերաբերեալ»,- նկատեց նա:
Արմէն Մանուէլեանը, անդրադառնալով իր այն դիտարկմանը, թէ հնարաւոր է, որ Ադրբեջանի տնտեսութեան յետընթացի ֆոնին սահմաններում լարւածութիւն ստեղծւի, նշեց, որ խօսքը միայն լարւածութեան մասին է, լուրջ պատերազմական գործողութիւններից Ադրբեջանն իրեն հեռու կը պահի:
«Իհարկէ, մենք պէտք է միշտ հաշւի առնենք, որ միշտ հաւանականութիւն կայ, որ Ադրբեջանը պատերազմ կը սկսի, բայց պէտք է նաեւ հաշւի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանում կան բաւականին խոշոր նաւթային ներդրումներ, եւ այդ ներդրումները պատկանում են միջազգային խոշոր ընկերութիւնների, եւ ադրբեջանցիները լրջագոյն կախում ունեն այդ ներդրումներից: Ռիսկի գնալը եւ մեծամասշտաբ ռազմական գործողութիւններ սկսելը կը նշանակի ռիսկի տակ դնել այդ ներդրումները: Ադրբեջանը նման քայլի չի դիմի: Իրավիճակը սրելու քաղաքականութիւնը գուցէ վարի, ինչպէս ապրիլին եղաւ, բայց պատերազմ սկսելու հաւանականութիւն չկայ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։