×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
27/12/2016 - 13:20

Սերժ Սարգսեանը խօսել է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման հեռանկարների մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստին:
Իր ելոյթում նա մասնաւորապէս նշել է, որ Իրանը եւ ԵԱՏՄ-ը կարող են ժամանակաւոր համաձայնագիր կնքել, որը կը բերի ազատ առեւտրի գօտու ստեղծման:

«ԱԼԻՔ» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստին:
Ինչպէս տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեանը, նիստին, որին ներկայ են եղել Ռուսաստանի Դաշնութեան, Ղազախստանի եւ Կիրգիզստանի Հանրապետութիւնների նախագահներն ու Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանը, ելոյթով հանդէս է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:
Իր ելոյթում նա մասնաւորապէս նշել է, որ Իրանը եւ ԵԱՏՄ-ը կարող են ժամանակաւոր համաձայնագիր կնքել, որը կը բերի ազատ առեւտրի գօտու ստեղծման:
«Իրանի նախագահը յայտնել է իր հետաքրքրւածութիւնը ԵԱՏՄ-ի հետ ժամանակաւոր համաձայնագիր կնքելու հարցում, որը կը յանգեցնի ազատ առեւտրի գօտու ստեղծման: Հայաստանն ակտիւ նպաստում է Եւրասիական տնտեսական յանձնաժողովի եւ Իրանի միջեւ բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով արագ հասնել տւեալ համաձայնագրի ստորագրմանը»,- յայտարարել է ՀՀ նախագահը:
Նիստին Սերժ Սարգսեանը պատմել է դոկտ. Ռոհանիի հետ իր վերջին հանդիպման մասին, որի ժամանակ նրանք քննարկել են Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղութեամբ պլանները:
«Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ անդամն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, կենտրոնանում է տրանսպորտի եւ լոգիստիկ ենթակառուցւածքների զարգացման վրայ, այդ թւում նաեւ այժմ իրականացւող միջանցքի կառուցման շնորհիւ, ինչը հարթակ կը ստեղծի ԵԱՏՄ-ում մեր գործընկերների համար Պարսից ծոց եւ ապա Հնդկական ովկիանոս յարմար եւ անվտանգ ելքի համար»,- բացատրել է նա:
Աւելացնենք, որ նիստի ընթացքում ԵԱՏՄ-ի անդամ երկրների ղեկավարները հաւանութեան են արժանացրել Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի եւ Սինգապուրի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցութիւններ սկսելու առաջարկը:
«Սա նշանակում է, որ արդէն Եւրասիական տնտեսական յանձնաժողովի մակարդակով կը սկսւի այդ երկրների հետ ինտենսիւ գործընթաց՝ համաձայնագրերը նախապատրաստելու համար»,- լրագրողների հետ զրոյցում յայտնել է Եւրասիական տնտեսական յանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսեանը:
Լրատւութիւնը՝ ըստ «tert.am»-ի եւ «armenpress.am»-ի լրահոսի:

Յարակից լուրեր