Հա

Քաղաքական

26/12/2016 - 11:40

Իրանը Հայաստանով փոխում է տարածաշրջանային քաղաքական բալանսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկար սպասւած այցը Հայաստան կայացաւ: Նրան ընդունեցին արարողակարգի ամենաբարձր մակարդակով՝ ընդգծելով, թէ Հայաստանը որքան բարեկամաբար է տրամադրւած դարաւոր հարեւանի նկատմամբ եւ թէ որքան շահագրգռւած է նրա հետ բոլոր ուղղութիւններով յարաբերութիւնները խորացնելու հարցում:

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ


Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկար սպասւած այցը Հայաստան կայացաւ: Նրան ընդունեցին արարողակարգի ամենաբարձր մակարդակով՝ ընդգծելով, թէ Հայաստանը որքան բարեկամաբար է տրամադրւած դարաւոր հարեւանի նկատմամբ եւ թէ որքան շահագրգռւած է նրա հետ բոլոր ուղղութիւններով յարաբերութիւնները խորացնելու հարցում:
Ռոհանիի այցը խոստանում է բեկումնային դառնալ ինչպէս երկկողմ բազմաբեւեռ յարաբերութիւնների խորացման համար, այնպէս էլ տարածաշրջանում ներկայ քաղաքական հաշւեկշռի փոփոխման առումով:

 

Տնտեսական եւ կոմունիկացիոն ճեղքումը

Սերժ Սարգսեանի եւ Հասան Ռոհանիի՝ բանակցութիւնների արդիւնքն ամփոփող յայտարարութիւնից ակնյայտ է դառնում, որ կողմերը համաձայնութեան են եկել Հայաստանին մատակարարւող իրանական գազի ծաւալներն աւելացնելու հարցում: Որպէս դրա ապացոյց՝ Մեղրիում եւ Ագարակում տեղի ունեցաւ իրանական կողմի դրամաշնորհով կառուցւած գազի բաշխման ցանցի պաշտօնական բացումը: Դրանով Հայաստանը, թէկուզ փոքր քայլերով, սկսում է գազաէներգետիկ աղբիւրների դիւերսիկացման գործընթացը:
Ըստ ամենայնի՝ պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել Հայաստանով իրանական գազի տարանցման վերաբերեալ: Յամենայնդէպս յայտարարութեան մէջ նշւում է, որ նախագահները կարեւորել են «գազի եւ էլեկտրաէներգետիկայի բնագաւառում երկկողմ եւ բազմակողմ համագործակցութեան ընդլայնումը»:
Դեռ մինչեւ Հայաստան ժամանելը Ռոհանին Թեհրանում տւած ճեպազրոյցում ընդգծել էր, որ Հայաստանի միջոցով իրենք կարող են հասանելիութիւն ապահովել դէպի Սեւ ծով, իսկ այնտեղից՝ արեւմտաեւրոպական շուկաներ: Խօսքը վերաբերում է թէ կոմունիկացիոն ենթակառուցւածքներին, եւ թէ գազային եւ էլեկտրաէներգետիկ տարանցմանը: Հայաստանեան ուղղութիւնը Թեհրանի համար նախընտրելի է համեմատաբար կարճ եւ անվտանգ լինելու պատճառով:
Որ Իրանի նախագահի այցի հիմնական նպատակներից մէկն այս հարցում Երեւանի հետ համաձայնութեան հասնելն էր, հաստատում է նաեւ այսօր (դեկտ. 21) կայացած հայ-իրանական գործարար խորհրդաժողովին ԻԻՀ Առեւտրա-արդիւնաբերական պալատի նախագահ Ղոլամհոսէյն Շաֆէի արած այն պնդումը, թէ էներգետիկայի ոլորտում Իրանից Եւրոպա գազ արտահանելու ծրագրում ՀՀ-ն կարող է ազդեցիկ եւ յարատեւ դերակատարում ունենալ: Այս առումով եւս, կարծես թէ կողմերը ճեղքում են ապահովում: Սարգսեան-Ռոհանի համատեղ յայտարարութեան մէջ շեշտւում է. «...Նախագահներն ընդգծեցին Հիւսիս-հարաւ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտութիւնը»: Սա չափազանց կարեւոր ընդգծում է:
Խնդիրն այն է, որ ցայսօր նման ստրատեգիական նախագծերի իրականացման հիմնական խոչընդոտ է համարւել Ռուսաստանից Հայաստանի կախւածութեան պատճառով վերջնիս բաւականաչափ ոչ-անկախ արտաքին քաղաքականութիւն ունենալը: Եթէ դրա մասին հիմա յիշատակւում է համատեղ յայտարարութեան մէջ, պէտք է ենթադրել, որ Երեւանն ինչ-որ կարեւոր պատնէշ է յաղթահարել, ինչով էլ, գուցէ, պայմանաւորւած է Ռոհանիի այս այցը:
Անցած մէկ տարւայ ընթացքում Երեւանում, Թեհրանում չորս անգամ անցկացւել են գործարար համաժողովներ: Սա ինքնին խօսում է առեւտրա-տնտեսական գործակցութեան նոր ոլորտներ նոր հեռանկարներ գտնելու կողմերի շահագրգռւածութեան մասին: 2015 թ. Հայաստան-Իրան առեւտրաշրջանառութիւնը կազմել է 276 միլիոն դոլար, որը Հայաստանի առեւտրաշրջանառութեան ընդամենը 6 տոկոսն է: Թէ ինչ արդիւնքներ են տւել այդ համաժողովները, պարզ կը լինի 2016 թ. արդիւնքների ամփոփումից: Սակայն ակնյայտ է, որ այս ոլորտում Հայաստանն Իրանին հետաքրքրում է հիմնականում երկու պատճառով: Նախ՝ ազատ առեւտրի գօտի ստեղծելու եւ երկրորդ՝ դէպի ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու հաղորդուղի լինելու հնարաւորութիւններով:
Ռոհանին Հայաստանից յետոյ այցելելու է նաեւ Ղազախստան եւ Կիրգիզստան: Այս երթուղին վկայում է, որ նրա այցը եւրասիական տնտեսական ինտեգրման հեռանկարների համատեքստում է: Այն, որ շրջագայութիւնը Ռոհանին սկսել է Հայաստանից, նշանակում է, որ յենակէտի դերում Իրանը նախապատւութիւնը տալիս է հայաստանեան «միջանցքին»: Դա ունի թէ՛ տնտեսական, եւ թէ՛ քաղաքական հիմնաւորում: Նախ՝ Իրանը ԵԱՏՄ-ի հետ ցամաքային կապ ունի միայն Հայաստանով: Երկրորդ՝ Հայաստանը թէ՛ ԵԱՏՄ-ի եւ թէ՛ եւրոպական շուկաներ դուրս գալու կապող օղակ դարձնելով՝ Իրանը զգալիօրէն մեծացնում է Հայաստանի տարածաշրջանային քաղաքական դերը, եւ ապահովում թուրք-ադրբեջանական շրջափակման ճեղքումը: Հայաստանեան տնտեսութեանը շնչելու օդ տալով՝ Թեհրանն էականօրէն փոխում է ուժերի յարաբերակցութիւնը տարածաշրջանում եւ եւրասիական տարածքում դառնում առաջնային խաղացող:
Որքանո՞վ այս ամէնը կը կենսագործւի, դեռեւս պարզ չէ: 2017 թ. մայիսին Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրութիւններ: Այն կարող է գցել սկսւած պրոցեսների տեմպը: Սակայն փաստը, որ չնայած դրան, Ռոհանին Սերժ Սարգսեանին հրաւիրել է պաշտօնական այց կատարել Իրան, փաստում է երկկողմ յարաբերութիւնները որակական նոր եւ ռազմավարական մակարդակ տեղափոխելու ցանկութիւնը: Հայաստանի նախագահի այդ այցն էլ պէտք է, թերեւս, արտացոլի Երեւանում ձեռք բերւած համաձայնութիւնների գոնէ նախնական արդիւնքները:

 

Քաղաքական եւ տարածաշրջանային ճեղքումը

Ռոհանիի այս այցը տեղի ունեցաւ տարածաշրջանային մի շարք կարեւոր իրադարձութիւնների ֆոնին: Նախ՝ մինչ այդ Ադրբեջան էր այցելել Իրանի ոխերիմ թշնամին համարւող Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուն: Նրան Բաքւում ցուցաբերւած ջերմ ընդունելութիւնը Թեհրանում գնահատել են իրենց նկատմամբ Ադրբեջանի ոչ-բարեկամական վերաբերմունքի դրսեւորում: Այցի նախօրէին Թուրքիայում Իրանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների մօտ տեղի էին ունեցել զանգւածային բողոքի պիկետներ, ինչի պատճառով անգամ այդ երկրում Իրանի դեսպանը յետ էր կանչւել Թեհրան: Առհասարակ՝ չնայած արտաքուստ հանդարտութեանը՝ թուրք-իրանական յարաբերութիւնները խորագոյն ճգնաժամի մէջ են՝ պատրաստ պայթելու: Թուրքիան աներեւոյթ դաշինք է կազմել Սաուդական Արաբիայի եւ Կատարի հետ՝ ընդդէմ շիական Իրանի՝ ամէն կերպ կղզիացնելով վերջնիս իսլամական աշխարհում դարձնելով թիրախ: Այս տարի ապրիլին Ստամբուլում կայացաւ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպութեան այն սկանդալային համաժողովը, որտեղ ընդունւեց Սիրիայում եւ որոշ մահմեդական երկրներում Իրանի գործողութիւնները որպէս ահաբեկչութիւն որակող յայտարարութիւնը: Ի դէպ, այդ համաժողովում Ռոհանին փաստացի Թուրքիային եւ Ադրբեջանին քննադատեց կազմակերպութեան համաժողովներն իրենց լոկալ հակամարտութիւնները քննարկւելու հարթակ դարձնելու համար՝ ակնյայտօրէն նկատի ունենալով նաեւ ԼՂ-ի հիմնահարցի շահարկումը: Թերեւս նաեւ դա նկատի ունէր Սերժ Սարգսեանը, երբ Ռոհանիին Երեւանում շնորհակալութիւն էր յայտնում ԼՂ-ի հարցում ունեցած հաւասարակշիռ դիրքորոշման համար: Իրականում Իրանը ԼՂ-ի հարցում միշտ հանդէս էր գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան այսպէս ասած՝ «վերականգնման» դիրքերից: Չի բացառւում, որ հակաիրանական այս վարքագծով Բաքուն եւ Անկարան ստիպել Թեհրանին իրականում գնալու այս հարցում մօտեցումները որոշակիօրէն փոխելուն: Յամենայնդէպս նրանք Հայաստանին այս ուղղութեամբ աշխատելու «ֆրոնտ» են տալիս: Ամէն դէպքում այդ դրսեւորումները Իրանի համար էականօրէն բարձրացնում են Հայաստանի՝ որպէս միակ յուսալի հարեւանի եւ պոտենցիալ բնական դաշնակցի համարումը: Չնայած Երեւանում Ռոհանին զերծ մնաց Բաքւին կամ Անկարային ուղղւած որեւէ ուղերձից, ինքնին Հայաստան այցելութիւնը եւ այս կարգի պայմանաւորւածութիւնների ձեռքբերումն արդէն կարելի է համարել Թեհրանի արձագանգը: Այս զուսպ վարքագիծը Երեւանի համար շատ աւելի նախընտրելի է, որովհետեւ հակառակ դէպքում տպաւորութիւն էր ստեղծւելու, թէ Իրանը պարզապէս Հայաստանը որպէս հարթակ է օգտագործում կամ շահագործում Իսրայէլի, Ադրբեջանի, Թուրքիայի կամ ԱՄՆ-ի հետ իր յարաբերութիւնների պարզման համար:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։