Հա

Քաղաքական

08/01/2017 - 11:20

2017 թւականը՝ Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ նոր փուլի սկիզբ

Հայաստանի ու հայ ժողովրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ 2016 թւականը նշանաւորւեց երկու դառն ու ցաւալի իրադարձութիւններով, որոնցից իւրաքանչիւրն ինքնստինքեան ճակատագրական կարող էր լինել քաղաքական, հասարակական ու տնտեսական բազմաթիւ բարդութիւններ դիմագրաւող, Հայաստանի նման ցանկացած փոքր երկրի համար:

ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐԵԱՆ

 

2016 թւականն իր ամբողջ դառնութիւններով մնաց թիկունքում:
Հայաստանի ու հայ ժողովրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ 2016 թւականը նշանաւորւեց երկու դառն ու ցաւալի իրադարձութիւններով, որոնցից իւրաքանչիւրն ինքնստինքեան ճակատագրական կարող էր լինել քաղաքական, հասարակական ու տնտեսական բազմաթիւ բարդութիւններ դիմագրաւող, Հայաստանի նման ցանկացած փոքր երկրի համար:
Անցած ամիսների ընթացքում բազմաթիւ քննարկումների առիթ են դարձել նախ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծւած քառօրեայ պատերազմն ու ապա յուլիս ամսւայ կէսերին ամբողջ երկու շաբաթ Հայաստանը ցնցումների մատնած ՀՀ ոստիկանութեան ՊՊԾ գնդի պահակակէտի գրաւումը:
Այսօր, ամիսների կտրւածքով յետադարձ հայեացք նետելով այդ երկու իրադարձութիւններին կարելի է յանգել մի եզրակացութեան. եթէ ապրիլեան քառօրեայ պատերազմն իր ամբողջ դառնութեամբ եւ պատճառած մարդկային ու նիւթական կորուստներով ունեցաւ գոնէ մէկ դրական արդիւնք՝ ամէն գնով Արցախը պաշտպանելու վեհ գաղափարի շուրջ համախմբելով Հայաստանն ու Սփիւռքը, իշխանութեանն ու ընդդիմութեանը, յուլիս ամսին ոստիկանութեան պահակակէտի գրաւումն ու դրան յաջորդած դառն իրադարձութիւնները խաթարեցին ստեղծւած միասնականութիւնը՝ հասարակութիւնն առաջնորդելով դէպի բեւեռականացում ու պառակտում: Այդ պառակտումն ու բեւեռականացումը չսահմանափակւեց միայն Հայաստանով ու տարածւեց Սփիւռքի տարբեր գաղթօջախներում՝ ընդհուպ մինչեւ ԱՄՆ:
Նման դառն իրադարձութիւններն առյաւէտ յիշատակւած են մնում պատմութեան էջերում, ու դրանցից խուսափում չկայ: Բայց գոյութիւն ունի դասեր քաղելու եւ փորձութիւնը առիթի վերածելու հնարաւորութիւն: Դա հնարաւոր կարող է լինել միայն այն դէպքում, երբ մեզ մօտ զարգանայ «պետականութիւն» հասկացութիւնը «իշխանութիւն»-ից տարբերելու յոյժ կարեւոր ընդունակութիւնը: Կարելի է լինել իշխանութիւնների ընդդիմադիր, քննադատել այսինչ կամ այնինչ պաշտօնատարի, վեր հանել հասարակական բծաւոր կողմերը, բայց հարւածել պետականութեան անվտանգութեանն ու հիմքերին անընդունելի ու անարդարանալի է:
2017 թւականին սպասւող ամենանշանաւոր իրադարձութիւնը խորհրդարանական համակարգին անցնելուց յետոյ Հայաստանում կայանալիք առաջին ընտրութիւններն են: Մենատիրական-հանրապետական համակարգերով ողողւած տարածաշրջանում, Հայաստանը յետխորհրդային հանրապետութիւնների մէջ գրեթէ եզակիներից է, որ իր նոր սահմանադրութեամբ անցում է կատարում խորհրդարանական համակարգի՝ առաւել մօտենալով արեւմտեան ժողովրդավարութեան չափանիշերին:
Ընտրութիւնների կազմակերպման ընթացքը եւ իշխանութեան ու ընդդիմութեան գործունէութիւնը կարող են այլ որակ հաղորդել Հայաստանում ժողովրդավարութեանը, միեւնոյն ժամանակ սատարելով դիմագրաւած տնտեսական ու հասարակական բարդութիւնների կարգաւորմանը:
Վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած կառավարութեան մի քանի ամսեայ գործունէութիւնը բացայայտում է իշխանութիւնների կողմից իրավիճակի փոփոխմանն ուղղւած եթէ ոչ գործնական քայլեր, այլ առնւազն ձգտում, ինչը կարող է արդիւնք տալ ազգային պետականութեան հիմքերի ամրապնդման շուրջ համախմբման միջոցով:
Այդ ուղղութեամբ ինչպէս միշտ իր դրական դերակատարութիւնը կարող է ունենալ Սփիւռքը, ինչը Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) 110-ամեակի միջոցառումների շրջանակներում կազմակերպւած քննարկման ժամանակ հաստատեց վարչապետ Կարէն Կարապետեանը՝ Հայաստանն ու Սփիւռքը անհրաժեշտութիւն համարելով միմեանց համար:
2017 թւականին սպասւող խորհրդարանական ընտրութիւնները կարող են Հայաստանի նորագոյն պատմութեան ընթացքում նոր փուլի սկզբնակէտը դառնալ, սակայն դրա համար անհրաժեշտ է վերականգնել ազգային միասնականութիւնը, մնալով առողջ ու քաղաքակիրթ ընդդիմութիւն, մի կողմ թողնել միմեանց հանդէպ ատելութիւնն ու մաղձը եւ փորձել համախմբւել Հայաստանի պետականութեան ու Արցախի անվտանգութեան ամրապնդման եւ դրան զուգահեռ՝ Սփիւռքի հզօրացման սուրբ գաղափարների շուրջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։