Հա

Քաղաքական

08/01/2017 - 12:00

Ինչ է տեղի ունեցել Ստամբուլի գիշերային ակումբում Ամանորի գիշերը եւ հետագայ զարգացումները

Ստամբուլի յայտնի «Reina» գիշերային ակումբում տեղի ունեցած յարձակման հետ կապւած «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում Ստամբուլից մանրամասներն է ներկայացրել թուրքագէտ Անդրանիկ Իսպիրեանը:

Մեկնաբանում է թուրքագէտը


Ստամբուլի յայտնի «Reina» գիշերային ակումբում տեղի ունեցած յարձակման հետ կապւած «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում Ստամբուլից մանրամասներն է ներկայացրել թուրքագէտ Անդրանիկ Իսպիրեանը:
Ինչպէս աշխարհի շատ երկրներում, այնպէս էլ Թուրքիայում Ամանորի գիշերը ռեստորաններում ու ակումբներում էլ նշում են Նոր տարին: 2017 թւականի հէնց առաջին օրը աշխարհի լրատւականների առաջին լուրը սկսւեց Ստամբուլի «Reina» գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման մասին լուրով: Լուրը սառը ցնցուղ էր յատկապէս Թուրքիայի քաղաքացիների համար: Տարեվերջի մի քանի արիւնոտ յարձակումներից ուշքի չեկած հասարակութիւնը հէնց Ամանորի գիշերը հերթական շոկն էր ապրում:
Զինւած անձը մտել էր Ստամբուլի Օրթաքեոյ թաղամասում գտնւող «Reina» գիշերային ակումբ եւ աւտոմատով սկսել էր կրակել բոլորի վրայ: Նա սկզբում սպանել էր ոստիկանին, այնուհետեւ անցել ակումբում գտնւողներին: Այնուհետեւ զինւած անձը կարողանում է հեռանալ դէպքի վայրից:
Դէպքից ժամեր անց ակումբի սեփականատէրը յայտնեց, թէ ԱՄՆ-ը հետախուզութիւնը յայտնել էր հնարաւոր ահաբեկչութեան մասին, որի պատճառով վերջին 10 օրը ուժեղացւած հսկողութիւն է եղել ակումբին յարող շրջանում, սակայն ոստիկանութիւնը չի կարողացել կանխել արիւնալի սպանդը:
«Reina»-ի կոտորածից յետոյ ամբողջ թուրքական հեռուստաընկերութիւնները, մամուլն ու ռադիօն ողողւած էին դէպքի վերաբերեալ լուրերի թողարկմամբ: Գրեթէ բոլոր ալիքներով տարբեր վերլուծաբաններ խօսում էին դէպքի հետ կապւած եւ փորձում տեղի ունեցածը կապել գիւլէնականների կամ «դրսի ուժերի» հետ, ովքեր ցանկանում են խանգարել ռուս-թուրքական համաձայնութեանը՝ շեշտելով մասնաւորապէս Սիրիայում զինադադար հաստատելու Թուրքիայի ու ՌԴ-ի քայլերը:
Ստամբուլի բոլոր խանութներում կամ տարբեր հաստատութիւններում տօնական օրերի միակ թեման դարձել է «Reina»-ի ահաբեկչութեան քննարկումը: Քաղաքացիների մի մասը համամիտ է իշխանական քարոզչութեան հետ, որ այս դէպքն ուղղւած է Սիրիայում ՌԴ-ի հետ համատեղ զինադադար հաստատելուն, իսկ մի մասն էլ ուղղակի քննադատում է իշխանութիւններին՝ երկիրը «Աֆղանստան» դարձնելու ու քաոսի վերածելու համար: Մենք մեր համար շատ լաւ ապրում էինք: Ի՞նչ գործ ունի Թուրքիան Սիրիայում, ի՞նչ գործ ունի Թուրքիան Իրաքում: Թող այնտեղ ինչ ուզում են անեն: Այս անհեռատես քաղաքականութեան արդիւնքում Թուրքիան վերածել են քաոսի ու ահաբեկչութիւնների կենտրոնի,- մօտաւոր նման ձեւով են իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը մեկնաբանում բազմաթիւ քաղաքացիներ:
Անհանգստութեան առանձին թեման այն է, որ զինւած յարձակման հեղինակը դեռ ազատութեան մէջ է, իսկ ոստիկաններին յաջողւել է ընդամենը նրա մասին տեղեկութիւններ ստանալ, ձերբակալել նրա կնոջն ու ահաբեկչութեան հետ կապ ունենալու մէջ կասկածւող մէկ տասնեակ անձանց:
Պարզւել է, որ Կիրգիզստանի քաղաքացի հանդիսացող ահաբեկիչը նոյեմբերի 20-ին կնոջ ու երկու երեխայի հետ օդանաւով Ստամբուլ է եկել, այնուհետեւ նոյեմբերի 22-ին մեկնել Քոնիա քաղաք, որտեղ ամսական 1100 լիրայով տուն է վարձակալել անշարժ գոյքի վարձակալութեամբ զբաղւող մի ընկերութեան օգնութեամբ, աւելին, վճարել է 3 ամսւայ վարձը:
Անշարժ գոյքի վարձակալութեամբ զբաղւող ընկերութեան աշխատակիցները ձերբակալւել են: Նրանք ասել են, թէ կիրգիզստանցի տղամարդն ասել էր, թէ աշխատանք գտնելու համար էր եկել Քոնիա: Նրանք նաեւ շեշտել են, թէ տուն գտնելու հարցում միջնորդել են օտարերկեայ քաղաքացիներ, ովքեր միջադէպից յետոյ արագ հեռացել են Քոնիայից: Յանցագործի ձերբակալւած կինը պնդել է, թէ ինքը տեղեակ չի եղել, որ ամուսինը ԴԱԷՇ-ի անդամ է:
Թուրքական որոշ լրատւամիջոցներ յայտնում են, թէ ակումբ մտնելու ժամանակ ահաբեկիչն օգտագործել է «Flash Bang» տիպի ձեռքի նռնակ, որը օգտագործում են յատուկ ծառայութիւնների աշխատակիցները: Յիշեալ նռնակը արձակում է հզօր լոյս ու 170 դեցիբել ձայն, որը մի պահ մարդկանց կուրացնում ու խլացնում է: Այդ ընթացքում էլ յանցագործը կարողա ցել է աւտոմատ հրազէնի պահունակները փոխել ու շարունակել կրակել:
Դէպքից յետոյ լրագրողների հետ զրոյցում գիշերային ակումբի տնօրէնը նշել էր, թէ յանցագործը հեռացել էր ակումբից, քանի որ այլեւս ոչ մէկ չի եղել կենդանի, ում վրայ հնարաւոր էր կրակել: Այսինքն, յանցագործը կարողացել է անարգել կոտորած անել ու հանգիստ հեռանալ ակումբից:
Դէպքից շատ չանցած «Reuters» գործակալութիւնը յայտնեց, որ ահաբեկչութեան պատասխանատւութիւնն իր վրայ է վերցրել ԴԱԷՇ-ը:
Յարձակման հետեւանքով 39 սպանւածները եղել են Թուրքիայի, Սաուդական Արաբիայի, Յորդանանի, Քուվէյթի, Ադրբեջանի, Մարրոկոյի, Թունիսի, Լիբանանի, Սիրիայի, Իսրայէլի ու Հնդկաստանի քաղաքացիներ:
Մի հետաքրքիր բան կարելի է նկատել: ԴԱԷՇ-ի անդամի կողմից սպանւածների մեծ մասը հանդիսանում են այն երկրների քաղաքացիները, որոնք ըստ սիրիացի ու իրանցի պաշտօնեաների հանդիսանում են ԴԱԷՇ-ի հիմնական հովանաւորողներն ու աջակցողները:
Ու դէպքի հետ կապւած հետաքրքիր մեկնաբանութիւն է արել գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Նա, քննադատելով իշխանութիւններին տեղի ունեցածի հետ կապւած, ասել է, թէ Ասադին տապալելու համար ահաբեկիչներին աջակցելու համար բեռնատարներով Սիրիա ուղարկւած զէնքերն այժմ յետ են եկել ու օգտագործւում են Թուրքիայի դէմ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։