Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Յունւարի 2017 14:00

Արամ Ա կաթողիկոս.- «Ցեղասպան թուրքը ինչպէս 100 տարի առաջ մեր պատմական հայրենիքում, այժմ էլ Սիրիայում է մահ ու աւեր սփռում»

Ինչպէս տեղեկացնում է «Գանձասար» շաբաթաթերթը՝ յունւարի 7-ը յիշւելու է որպէս նշանակալից եւ պատմական թւական՝ հալէպահայութեան յիշողութեան եւ պատմութեան մէջ:

«ԱԼԻՔ» - Ինչպէս տեղեկացնում է «Գանձասար» շաբաթաթերթը՝ յունւարի 7-ը յիշւելու է որպէս նշանակալից եւ պատմական թւական՝ հալէպահայութեան յիշողութեան եւ պատմութեան մէջ:
5 տարւայ լռութիւնից յետոյ, Հալէպի հայկական եկեղեցիների զանգերը կրկին ղօղանջեցին՝ աւետելով Արամ Ա Վեհափառ Հայրապետի այցելութիւնն ու Հալէպի խաղաղութեան վերահաստատումը:
Յունւարի 7-ի առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսն իրեն ընկերակցող շքախմբով՝ պետական, ազգային մարմինների ներկայացուցիչների հետ այցելել է նախ Հալէպի Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի եւ ականատեսը եղել ահաբեկչական հրթիռակոծումների պատճառած աւերներին:
Նրան ուղեկցել են Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արք. Սարգիսեանը, որը Վեհափառին իրազեկել է եկեղեցու կառոյցի մասնակի վնասների մասին:

Վեհափառ Հայրապետն այցելել է նաեւ Հալէպի Օմայադ պատմական մզկիթ ու Հալէպի պատմական բերդ, տեսել պատմական այդ վայրերում տեղի ունեցած աւերն ու համատարած քանդումներն ու թալանը:
Օմայադ պատմական մզկիթի մօտ Արամ Ա կաթողիկոսին եւ նրան ընկերակցող շքախմբին ընդունել եւ ուղեկցել են իսլամ հոգեւորականները: Հալէպի հոգեւոր կալւածքների տնօրէնը տեղեկացրել է, թէ ինչպէս են ահաբեկիչները քանդել մզկիթն ու թալանել պատմական գանձերը՝ դրանց մի մասը փոխանցելով Թուրքիա, միւս մասը՝ Հալէպի հիւսիսային արւարձաններ:

Իսկ Հալէպի պատմական բերդ այցելութեան աւարտին Վեհափառ Հայրապետը հարցազրոյց է տւել լրատւամիջոցներին՝ մէջբերելով Վիկտոր Հիւգոյի խօսքը. «Այստեղից թուրքերն են անցել»: Նա յաւելել է, որ ցեղասպան թուրքը ինչպէս 100 տարի առաջ մեր պատմական հայրենիքում, այժմ էլ Սիրիայում է մահ ու աւեր սփռում: «Հալէպը խորհրդանիշն է սիրոյ եւ խաղաղութեան ու ես վստահ եմ, որ այն պիտի վերականգնւի»,- նշել է Վեհափառ Հայրապետը:
Վեհափառ Հայրապետը եղել է նաեւ Նոր Գիւղ հայաշատ թաղամասում, այցելել ահաբեկիչների կողմից հրկիզւած Սուրբ Գէորգ եկեղեցի, Սիրիայի Օգնութեան Խաչի բժշկական կենտրոն, Հալէպի «Կարէն Եփփէ» ազգային ճեմարան:
Նոր Գիւղում, Արամ Ա կաթողիկոսը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը նաեւ մոմ են վառել հայկական թաղամասերի պաշտպանութեան ղեկավար, նւիրեալ դաշնակցական, նահատակ Րաֆֆի Բչաքճեանի յիշատակին նւիրւած մատուռի մօտ, ապա այցելել Ազգային «Սահակեան» վարժարան, որտեղ զրուցել է նւիրեալ հայ տղաների հետ ու բարձր գնահատել նրանց ազգանւէր ծառայութիւնը՝ պատերազմական այս ծանր պայմաններում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։