Հա

Քաղաքական

14/01/2017 - 12:30

Փայլանը Թուրքիայի խորհրդարանում խօսել է Հայոց Ցեղասպանութեան մասին

Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւոր Կարօ Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխութիւնների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց Ցեղասպանութեան հարցը:

Նրան հեռացրել են նիստի աշխատանքներից

 

«ԱԼԻՔ» - Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւոր Կարօ Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխութիւնների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց Ցեղասպանութեան հարցը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալութիւնը, այդ յայտարարութեան համար որոշում է կայացւել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից:

Փայլանը մասնաւորապէս յայտարարել է, որ 1913-1923 թւականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, յոյներն ու հրեաները «մեծ կոտորածների եւ ցեղասպանութեան հետեւանքով այս հողերից կամ աքսորւել են կամ տանջանքների են ենթարկւել»:

Իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան պատգամաւորներին զայրացրել է Փայլանի յայտարարութիւնը: Խորհրդարանի փոխխոսնակ Ահմեթ Այդանը պահանջել է Փայլանից ուղղել խօսքերը` ասելով, որ այդ ժամանակաշրջանում եղել են «փոխադարձ ցաւալի իրադարձութիւններ, որոնք, սակայն, չեն կարող ցեղասպանութիւն որակւել»:

Սակայն հայ պատգամաւորը շարունակել է խօսքը` ասելով. «Ժամանակին մենք 40 տոկոսն էինք բնակչութեան, այսօր 1000-ի մէջ մէկն ենք: Մեր գլխին մի բան եկել է, եւ ես դրան ցեղասպանութիւն եմ ասում, ինչ էլ որ դուք այն անւանէք: Հայ ժողովուրդը շատ լաւ գիտի, թէիր գլխին ինչ է եկել: Հայրիկիս, պապիս գլխին թէ ինչ է եկել, շատ լաւ գիտեմ: Եկէք դուք այն անւանէք, միասին առերեսւենք»:

Իշխող կուսակցութեան պատգամաւորներ Մեթին Քիւլունքը պահանջել է «ուղղել ցեղասպանութիւն բառը»: Որոշւել է դադար տալ նիստին: Դադարից յետոյ իշխող կուսակցութեան, ինչպէս նաեւ ընդդիմադիր քեմալական  «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան եւ «Ազգայնական շարժում» կուսակցութեան պատգամաւորները դատապարտել են Փայլանի խօսքերը:

Խորհրդարանի հայ պատգամաւորին «ցեղասպանութիւն» եզրոյթի համար պատժել են` երեք նիստով հեռացնելով խորհրդարանի աշխատանքներից: Փայլանի խօսքերը հանւել են նիստի արձանագրութիւններից:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։