Հա

Քաղաքական

15/01/2017 - 09:30

Կարօ Փայլանը միայնակ չէ

Թուրքիայում գործող հայկական կազմակերպութիւնը սատարել է խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան մասին բարձրաձայնած պատգամաւորին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

«ԱԼԻՔ» - Թուրքիայում գործող հայկական կազմակերպութիւնը սատարել է խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան մասին բարձրաձայնած պատգամաւորին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Նախօրէին Թուրքիայի խորհրդարանում «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, հայ պատգամաւոր Կարօ Փայլանի մասնակցութեամբ տեղի ունեցած աղմկահարոյց միջադէպից յետոյ Թուրքիայում գործող «Նոր Զարթօնք» հայկական կազմակերպութիւնը յայտարարութիւն է տարածել։

Յիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւորը մեջլիսում սահմանադրական փոփոխութիւնների քննարկման ժամանակ բարձրացրել էր Հայոց Ցեղասպանութեան հարցը։

Կարօ Փայլանն իր ելոյթի ընթացքում մատնանշել է պատմական իրականութիւնը։ Նա փոխանցել է պատմութեան ընթացքում բազմաթիւ տարբեր վայրերում յայտնւած միապետական վարչաձեւերի վնասները։

«Այնպիսի վարչակարգի մէջ ենք ապրում, որ անգամ պատգամաւորը չի կարող ազատօրէն բացատրել իր գաղափարները՝ անգամ ամբիոնից։ Նոր սահմանադրութիւնը եթէ ընդունւի, աւելի ծանր պայմաններ է բերելու։

Զօրակցում ենք Կարօ Փայլանին, որը խորհրդարանի ամբիոնից համարձակօրէն յայտնել է իրականութիւնը»,- ասւած է կազմակերպութեան տարածած հաղորդագրութեան մէջ։

Հայազգի պատգամաւորը, մասնաւորապէս, յայտարարել էր, որ 1913-1923 թւականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, յոյներն ու հրեաները «մեծ կոտորածների եւ Ցեղասպանութեան հետեւանքով այս հողերից կա՛մ աքսորւել են, կա՛մ տանջանքների են ենթարկւել»:

Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցութեան պատգամաւորներն ընդհատել են նրա ելոյթը` «դաշնակցականների ահաբեկչութեան» եւ «հայերի ապստամբութիւնների» մասին վանկարկումներով ու բոյկոտել նրա ելոյթը՝ սեղաններին զարկելով: 

«Ցեղասպանութիւն» եզրոյթի համար Կարօ Փայլանին պատժել են` զրկելով առաջիկայ 3 նիստերին մասնակցելու իրաւունքից: Փայլանի խօսքերը հանւել են նիստի արձանագրութիւններից:

Նա արդէն յայտարարել է, որ պատրաստւում է դիմել Սահմանադրական դատարան՝ իր իրաւունքները վերականգնելու համար։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։