Հա

Քաղաքական

16/01/2017 - 14:00

Վիգէն Սարգսեանը՝ ընտրութիւններից յետոյ ՀՀ վարչապետ նշանակւելու լուրի մասին՝ «Այդ լուրերը լրատւամիջոցների հնարքն են՝ աղմկոտ վերնագրերի միջոցով մեծ լսարան գրաւելու նպատակով»

ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը մեկնաբանել է 2017 թւականի խորհրդարանական ընտրութիւններին ՀՀԿ-ի ցուցակը գլխաւորելու կամ հետագայում այլ պաշտօն վարելու մասին մամուլի հրապարակումները:

«panorama.am» - ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը մեկնաբանել է 2017 թւականի խորհրդարանական ընտրութիւններին ՀՀԿ-ի ցուցակը գլխաւորելու կամ հետագայում այլ պաշտօն վարելու մասին մամուլի հրապարակումները: Ըստ նախարարի՝ այդ լուրերը լրատւամիջոցների հնարքն են՝ աղմկոտ վերնագրերի միջոցով մեծ լսարան գրաւելու նպատակով:

«Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք հնչում են այս օրերին, շատ յստակ պատասխաններ արդէն ունեն: Ինչ վերաբերում է ապագայ վարչապետի խնդրին, ապա  երկրի ղեկավարը ՀՀԿ-ի համագումարի ժամանակ շատ յստակ հնչեցրեց, որ ընտրութիւններում յաջողութեան դէպքում մեր ապագայ վարչապետը Կարէն Կարապետեանն է: Անկախ նրանից, թէ ինչպիսին կը լինի ցուցակը, որը հրապարակւելու է կուսակցութեան խորհրդում եւ գործադիր մարմնում քննարկւելուց յետոյ, մեր քաղաքական ուժի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսեանն է, եւ նրանք, ովքեր փորձում են նոր վարկածներ առաջ քաշել, կարծում եմ՝ լսարանի հետեւից ընկնելով են դա անում»,- Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է Վիգէն Սարգսեանը:

Նա ասել է նաեւ, որ ինքն ամենաերջանիկ մարդը կը լինէր, եթէ շարունակէր այն պատասխանատու աշխատանքը, որը վստահւել է իրեն:

«Ամենաերջանիկ մարդը կը լինէի, եթէ ընտրութիւններում մեր գրանցած արդիւնքը թոյլ տար շարունակելու այս աշխատանքը այնքան ժամանակ, որքան հնարաւոր կը լինի` մեր զինւած ուժերի կարողութիւնները ամրապնդելու, մեր պաշտպանունակութիւնը բարձրացնելու համար»,- ասել է ՀՀ պաշտպանութեան նախարարը՝ յաւելելով, որ այս համատեքստում դրանից աւելի իրեն ոչինչ չի կարող հետաքրքրել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։