Հա

Քաղաքական

17/01/2017

Թուրքիայում Կարօ Փայլանի դէմ դատական հայց է ներկայացւել

Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի դէմ հայց է ներկայացւել Էդիրնէի արդարադատութեան պալատ, գրում է թուրքական «Բէյազ» պարբերականը:

Թուրքերը պահանջում են զրկել նրան մանդատից ու քաղաքացիութիւնից

 

«tert.am» - Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի դէմ հայց է ներկայացւել Էդիրնէի արդարադատութեան պալատ, գրում է թուրքական «Բէյազ» պարբերականը:

Փայլանի դէմ հայց ներկայացնողը թուրքական «Մեծ միութիւն» կուսակցութեան Էդիրնէի մասնաճիւղի ղեկավար Արիֆ Քեորօղլուն է, որը հայազգի պատգամաւորին մեղադրում է ժողովրդի շրջանում քէն եւ ատելութիւն տարածելու համար:

«Թող թուրք ժողովուրդն իմանայ, որ մեծ ազգի կողմից չիրականացւածն իրականութեան քողի տակ ներկայացնել փորձող այս անձին ոչ միայն պատգամաւորական մանդատից, այլեւ քաղաքացիութիւնից կը զրկենք»,- յայտարարել է Քեորօղլուն:

Ինչպէս աւելի վաղ տեղեկացրել էինք, Կարօ Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրութեան առաջին օրինակը կազմւել է հայերի կողմից, եւ ընդգծել, որ երկիրն ընկղմւեց քաոսի մէջ այն բանից յետոյ, երբ իշխանութիւնները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրութեան օրինակներ, ինչպէս եւ հիմա:

«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, յոյներին, ասորիներին եւ հրեաներին, որոնք մեծ կոտորածների եւ ցեղասպանութիւնների հետեւանքով այս հողերից կա՛մ աքսորւել են, կա՛մ տանջանքների են ենթարկւել»,- ասել էր Փայլանը: 

Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցութիւնների պատգամաւորներն ընդհատել էին հայազգի պատգամաւորին` «դաշնակցականների ահաբեկչութեան» եւ «հայերի ապստամբութիւնների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելոյթը՝ սեղաններին զարկելով: Փայլանին քննադատել են նաեւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան ներկայացուցիչները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։