Հա

Քաղաքական

17/01/2017

«Ակօս»-ի խմբագիր.- «Առաջին անգամ չէ, որ Փայլանը Մեջլիսում օգտագործում է ցեղասպանութիւն բառը, բայց այս անգամ նրա նկատմամբ աւելի խիստ եղան»

Դեռ վաղ է ասել, որ Հրանտ Դինքի գլխին եկածը կը գայ նաեւ Կարօ Փայլանի գլխին․«tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց Թուրքիաիւմ լոյս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Էդւարդ Դանզիկեանը՝ խօսելով ստամբուլահայ պատգամաւոր Կարօ Փայլանի դէմ Թուրքիայի իշխանութիւնների ձեռնարկումների մասին:

Դեռ վաղ է ասել, որ Հրանտ Դինքի գլխին եկածը կը գայ նաեւ Կարօ Փայլանի գլխին․«tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց Թուրքիաիւմ լոյս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Էդւարդ Դանզիկեանը՝ խօսելով ստամբուլահայ պատգամաւոր Կարօ Փայլանի դէմ Թուրքիայի իշխանութիւնների ձեռնարկումների մասին:

«Կարօ Փայլանը նոյն խնդիրների առջեւ կանգնած չէ, ինչի առջեւ որ կանգնած էր այն ժամանակ Հրանտ Դինքը: Նրան հիմա զրկել են միայն խորհրդարանի նիստերից երեք անգամ մասնակցելու իրաւունքից: Հիմա Կարօ Փայլանի դէմ ոչ մի յարձակում չկայ»,- ասաց նա՝ յիշատակելով, որ ստամբուլահայ պատգամաւորն առաջին անգամ չէ, որ Թուրքիայի խորհրդարանում օգտագործում է ցեղասպանութիւն բառը, բայց այս անգամ նրա նկատմամբ աւելի խիստ եղան, քանի որ երկրում անհանգիստ վիճակ է՝ այս անգամ կապւած սահմանադրական փոփոխութիւնների հետ:

«Ակօս»-ի խմբագիր Էդւարդ Դանզիկեանը նշեց, որ հիմա հայ համայնքի համար այնքան էլ լաւ ժամանակներ չեն: Կարօ Փայլանի համար էլ հնարաւոր է՝ ապագան այդքան էլ լաւ չէ, բայց ըստ նրա, հիմա սխալ է նրա եւ Հրանտ Դինքի ճակատագրերը նմանեցնելը։

«Պատմութեան մէջ նոյն բանը հնարաւոր չէ, որ երկու անգամ կատարւի։ Բայց, իհարկէ, պէտք է շատ զգոյշ լինել, պէտք է զգոյշ լինի ինչպէս հայ համայնքը, այնպէս էլ՝ Կարօն»,- ասաց նա:

Համեմատութիւն անցկացնելով Հրանտ Դինքի եւ Կարօ Փայլանի դէմ Թուրքիայի իշխանութիւնների վարած քաղաքականութեան մէջ՝ Դանզիկեանը յիշեցրեց, որ Հրանտ Դինքի դէմ բազմաթիւ դատեր էին հարուցւել, եւ այդ դատերի ընթացքում Հրանտի վրայ յարձակումներ էին եղել. «Ամէն օր նոր դատ էր բացւում: Հրանտը շատ դժւարին պահեր էր ապրում: Հիմա դեռ Կարոյի դէմ դատ չկայ բացւած: Այդ տեսակէտից եմ ասում, որ դեռ շուտ է ասել, որ նրանց ճակատագրերը նման են»: 

«Ակօս»-ի խմբագիրը նշեց, որ Թուրքիայի իշխանութիւնների վարած քաղաքականութեան նկատմամբ պետք է զգոյշ լինի ամբողջ հայ աշխարհը՝ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Սփիւռքը: «Պետք է խնդիրը քննարկւի կառավարութիւնում, որովհետեւ այս մթնոլորտի վերջը թէ ինչ կլինի, մենք շատ լաւ գիտենք»,- ասաց նա: 

Նկատեց, որ որոշ ընդդիմադիր խմբեր Կարօ Փայլանին աջակցում են, յայտարարութիւններ են անում. «Կարօն մենակ չէ, բայց սրանք փոքր-փոքր խմբեր են, բայց ամբողջ աշխարհի հայերը՝ հայկական համայնքի կազմակերպութիւնները, պետք է յայտարարութիւններով հանդէս գան Կարոյի համար: Չենք կարող թույլ տալ, որ Կարոյի նկատմամբ եղածը ընթացք ունենայ»: 

Հարցին, թէ իր կարծիքով, ինչ ազդեցութիւն են ունենում Կարոյի քայլերը թուրք հասարակութեան վրայ, «Ակօսի» խմբագիրը պատասխանեց, որ Թուրքիայի մթնոլորտը շատ արագ է փոխւում: 

«Սրանից մեկուկէս, երկու տարի առաջ կարող էի ասել, որ ընթացքի մէջ ենք, թուրքերն աւելի լաւ են հասկանում, թէ 1915 թւականին ինչ է կատարւել հայերի հետ: Վերջին մեկուկէս տարում Թուրքիայում ազգայնականութիւնն աւելի է ուժեղացել։ Քրդական խնդիրն էլ նոր զարգացումներ է առաջ բերել: Այսինքն՝ Թուրքիայում քրդերի համար էլ, հայերի համար էլ լաւ չէ: Այո, երկու տարի առաջ կարող էինք ասել, որ Կարոյի արածները աւելի լուրջ ազդեցութիւն էին ունենում, բայց հիմա, երբ դեմոկրատիա երկրում չկայ, լրատւամիջոցների նկատմամբ ճնշումները մեծացել են, նրա, ինչպէս նաեւ՝ նրա քրդամետ կուսակցութեան արածները այնքան էլ լաւ զարգացումներ չեն ունենում, հնչեղութիւն չեն ստանում»,- ասաց նա:

 

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։