Հա

Քաղաքական

18/01/2017

Դոկտ. Ռոհանի.- «Միջուկային համապարփակ համաձայնագիրը Իրանի մեծ ժողովրդի յաղթանակն է»

Երէկ՝ յունւարի 17-ին տեղի ունեցաւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հերթական՝ 9-րդ մամլոյ ասուլիսը, որը ընթացքում նա պատասխանելով իրանցի եւ արտասհմանցի լրագրողների հարցերին պաշտպանել է իր գլխաւորած կառավարութեան գործունէութիւնը՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի հարցում:

«ԱԼԻՔ»­ - Երէկ՝ յունւարի 17-ին տեղի ունեցաւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հերթական՝ 9-րդ մամլոյ ասուլիսը, որը ընթացքում նա պատասխանելով իրանցի եւ արտասհմանցի լրագրողների հարցերին պաշտպանել է իր գլխաւորած կառավարութեան գործունէութիւնը՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի հարցում: Նա նշել է, որ չեղարկւել են Իրանի միջուկային ծրագրի հետ կապւած բոլոր պատժամիջոցները:

Ներկայացնում ենք նրա ելոյթի գլխաւոր մտքերը:

- Այաթ. Ռաֆսանջանին իր չափաւորականութեամբ, իմացութեամբ եւ համբերատարութեամբ բոլորից ցոյց տւեց, թէ երկրի ղեկավարման լաւագոյն տարբերակը բոլոր տեսակի մտածողութիւնների եւ մօտեցումների նկատմաբ հանդուրժողականութիւնն է:

- Միջուկային համապարփակ համաձայնագիրը միանշանակօրէն պատմական ձեռքբերում եւ յաղթանակ է: Համապարփակ համաձայնագիրը 11-րդ կառավարութեան կամ որեւէ կոնկրետ անձի ձեռքբերումը չէ: Այն պատկանում է Իրանի մեծ ժողովրդին, հզօր առաջնորդին եւ մեր նահատակներին:

- Միջուկային համապարփակ համաձայնագրի շնորհիւ, մինչ տարեվերջ, երկրի նաւթային եկամուտները կազմելու են 70 մլրդ. դոլար:

- Երկրի տնտեսական աճը կազմել է 7.4%, որը մրցակցութիւնից դուրս է ողջ տարածաշրջանում:

- Միջուկային ծրագրի հետ կապւած բոլոր պատժամիջոցները չեղարկւել են:

- Քչերն էին պատկերացնում, որ մեզ կը յաջողւի լուծել «PMD»-ի հարցը: Մենք գրանցեցինք քաղաքական յաղթանակ:

- Միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւնների վերսկսումն անիմաստ է: Մենք հասել ենք միջուկային համաձայնութեան, որն արժանացել է ՄԱԿ–ի Անվտանգութեան խորհրդի հաւանութեանը:

- Ամբողջ հզօրութեամբ դիմակայելու ենք հնարաւոր բոլոր խոստումնադրժութիւններին: Վստահ եղէք, որ գործել ենք եւ շարունակելու ենք գործել կտրուկ՝ սակայն ոչ վռազկոտ: Մեզ համար կարեւորը ազգային շահն է:

- Միացեալ Նահանգների նորընտիր նախագահը գալիք նախագահական ընտրութիւնների վրայ ազդել չի կարող: Իրանի ժողովուրդն ինքն է ընտրութիւն կատարելու։

- Սիրիայի հարցով, Աստանայում կայանալիք բանակցութիւնները պէտք է դիտարկել որպէս հակամարտութեան վերջնական կարգաւորման նախերգանք։

- Մենք գոհ ենք Սիրիայում հաստատւած հրադադարի ռեժիմից եւ մտադիր ենք այս իրավիճակում լուրջ բանակցութիւններ անցկացնել։ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան ջանքեր էին գործադրում Ղազախստանի մայրաքաղաքում Սիրիայի հարցով հանդիպման անցկացման համար։ Այդ բանակցութիւնների հիմնական նպատակը հաստատւած հրադադարի ռեժիմի պահպանումն է: Մենք ձգտում ենք հասնել սիրիական հակամարտութեան քաղաքական կարգաւորմանը։

- Երկկողմ յարաբերութիւնների տեսանկիւնից մենք որեւէ խնդիր չունենք Սաուդական Արաբիայի հետ: Մեր խնդիրների առանցքը կազմում են Եմենում, Բահրէյնում եւ տարածաշրջանում այդ երկրի անհիմն միջամտութիւնները եւ ոտնձգութիւնները:

- Մենք չունենք ո՛չ նպատակ, ո՛չ էլ ցանկութիւն միջամտելու Սաուդական Արաբիայի ներքին գործերին, առաւել եւս՝ տապալելու այդ երկրի իշխանութիւններին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։