Հա

Քաղաքական

18/01/2017 - 11:40

Կասկածեալ.- «Դինքի սպանութեան հետ կապւած բոլոր մանրամասները ջրի երես են հանւել դէպքից 3-5 օր անց»

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր եւ նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանութեան գործով նախօրէին կայացած դատական նիստի ընթացքում կրկին պաշտպանական ճառով հանդէս է եկել կասկածեալներից Ստամբուլի ոստիկանութեան հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Եըլմազերը:

«tert.am» - Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր եւ նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանութեան գործով նախօրէին կայացած դատական նիստի ընթացքում կրկին պաշտպանական ճառով հանդէս է եկել կասկածեալներից Ստամբուլի ոստիկանութեան հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Եըլմազերը: 

Ինչպէս գրել է «demokrathaber.org» կայքը՝ Եըլմազերը կրկին չի ընդունել իր մեղքը եւ պնդել է, որ Դինքի սպանութեան հետ կապւած իրենից պահանջւող բոլոր փաստաթղթերը նա յանձնել է համապատասխան մարմիններին՝ բացի հեռախօսազրոյցների վերծանումներից: 

«Դա էլ չտրամադրեցի, քանի որ դրանք ինձնից պահանջելն ու իմ կողմից դրանք յանձնելն օրինական տեսանկիւնից սխալ էր: Մնացած ամէն փաստաթուղթ, որ ինձնից պահանջւել է, ես յանձնել եմ: Այս սպանութեան հետ կապւած բոլոր մանրամասները ջրի երես են հանւել դէպքից 3-5 օր անց», - նշել է Եըլմազերը՝ շեշտելով, որ դատարանը պէտք է ձերբակալի ոչ թէ իրեն, այլ իրեն այդ պաշտօնում նշանակած ներքին գործերի նախարարին: 

Ի դէպ, Եըլմազերը ժամանակին համարւել է Ռեջեբ Թայիբ Էրդողանի վստահւած կադրերից մէկը եւ ըստ որոշ խօսակցութիւնների՝ Ստամբուլի ոստիկանութեան հետախուզական բաժնի պետ է նշանակւել Էրդողանի անմիջական միջամտութեամբ: 

Նշենք, որ այժմ Եըլմազերը կասկածւում է Թուրքիայում յուլիսի 15-ի ռազմական յեղաշրջման փորձի գլխաւոր կազմակերպիչ համարւող թուրք կրօնական քարոզիչ Ֆեթուլլահ Գիւլէնի «Հիմզեթ» շարժման անդամ լինելու համար եւ ձերբակալւել է յեղաշրջման փորձից յետոյ սկիզբ առած հետաքննութեան շրջանակում: 

Նախորդ նիստի ընթացքում պաշտպանական ճառի ժամանակ Եըլմազերը նաեւ յայտարարել էր, որ Դինքի սպանութեան գործը որեւէ կապ չունի գիւլէնականների հետ, եւ հաստատել այն տեսակէտը, որ Դինքի սպանութեան հետեւում կանգնած է «Էրգենեքոն» ծայրայեղական ահաբեկչական գաղտնի խումբը, որի ղեկավարներից է ազգայնական գործիչ Վելի Քիւչիւքը: 

«Պետութիւնը չպաշտպանեց Դինքին: Ամէն ինչ ի յայտ եկաւ գիւլէնականների հետ կապւած դատավարութիւնների ընթացքում: Հիմա էլ գիւլէնական դարձան: Վելի Քիւչիւքի մարդիկ երբւանի՞ց են գիւլէնական դարձել», - յայտարարել Եըլմազերը՝ յաւելելով, որ իր պաշտօնավարման ընթացքում «Էրգենեկօն»-ի հետ կապւած հետաքննութեան շուրջ պարբերաբար կապ է պահպանել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ, ով այդ ժամանակաշրջանում զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտօնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։