Հա

Քաղաքական

19/01/2017

Աղւան Վարդանեան.- «Այսօր ամենամոդայիկ բառը «դաշինք»-ն է դարձել, բայց ՀՅԴ-ն մոդայիկ չէ, ՀՅԴ-ն մոդան թելադրողն է»

ՀՅԴ-ի նախընտրական ցուցակը դեռ վերջնական պատրաստ չէ: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը՝ նշելով, որ համապատասխան ժամկէտներում կը ներկայացնեն այն:

ՀՅԴ-ի նախընտրական ցուցակը դեռ վերջնական պատրաստ չէ: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը՝ նշելով, որ համապատասխան ժամկէտներում կը ներկայացնեն այն: Պատգամաւորն ասաց, որ համամասնական ցուցակի եռեակը շատ չի տարբերւի իրենց նախորդ ցուցակներից: Աղվան Վարդանեանն ասաց, որ Դաշնակցութիւնն այսօր «մոդայ թելադրող» քաղաքական ուժ է, ոչ թէ մոդայիկ, ինչպիսին են այն ուժերը, ովքեր փորձում են դաշինքներ կազմել:

 

- Քաղաքական ուժերն այսօր զբաղւած են նախընտրական ցուցակների կազմմամբ: 2017 թւականի խորհրդարանական ընտրութիւնների ՀՅԴ նախընտրական ցուցակները ե՞րբ պատրաստ կը լինե՞ն:

- Ցուցակները դեռ վերջնական պատրաստ չեն: Համապատասխան ժամկէտներում այն կնը երկայացնենք: Մեր ընտրատարածքային շտաբներն այսօր ինտենսիւ աշխատում են ռէյտինգային ցուցակների ցանկի ձեւաւորման վրայ: Ճիշտ ժամկէտներում մեր բոլոր փաստաթղթերը, կուսակցութեան համամասնական ու ռէյտինգային ցուցակները պատրաստ կը լինեն:

 

- Մամուլը գրեց այն մասին, որ ՀՅԴ-ն օգնութիւն է խնդրել ՀՀԿ-ից ռէյտինգային ցուցակներում «մարդկանց ընդգրկելու» համար: Այդպէ՞ս է:

- Ուշադրութիւն մի դարձրէք նման լուրերին, շան տեղ մի դրէք: ՀՅԴ-ի մարդկային ռեսուրսները լի ու լի բաւարարում են: ՀՅԴ-ն այսօր այն կազմակերպւած ուժն է, որը Հանրապետութեան բոլոր տարածքներում ունի իր կառոյցները, քաղաքական մեծ թիմը: Մենք ընտրութիւնների ենք գնալու ոչ միայն ՀՅԴ-ական կուսակցականներով, այլեւ մեր արժէքները կիսող համակիրներով: Մեր ռեսուրսները լի ու լի բաւարար են:

 

- Ո՞ւմ էք ձեզ մրցակից համարում:

- Բոլորին: Այսօր ընդհանուր փնտրտուք է ընթանում՝ դաշինքներ կազմելու, միաւորումներ ստեղծելու ուղղութեամբ: Բոլորն էլ մրցակիցներ են: Բայց ի տարբերութիւն շատերի մենք ունենք մեր առաւելութիւնները: Վստահ եմ, որ նաեւ մեր շնորհիւ բարեփոխւած նոր կառավարման համակարգը, այնպիսի քաղաքական ուժերի տեղն է, ինչպիսին է Դաշնակցութիւնը, այսինքն՝ կայուն, հետեւողական, սկզբունքները մշտապէս պահպանած:

Երկրի արտաքին ու ներքին խնդիրներն այսուհետ լուծւելու են խորհրդարանում, ուստի ԱԺ-ում որքան շատ լինեն սկզբունքային քաղաքական ուժերն, այնքան պետութիւնն ամուր դիրքեր կունենայ:

 

- Ինչպէ՞ս էք մրցակցելու իշխող ՀՀԿ-ի հետ, երբ քաղաքական համագործակցութեան յուշագիր ունէք, իշխանութեան մաս էք կազմում, բայց միեւնոյն ցուցակով կամ դաշինքով չէք մասնակցում ընտրութիւններին:

-  Ամէն ինչ շատ պարզ է: Հիմա քաղաքական դաշտում ձեւաւորւում են դաշինքներ, ուժեր, որոնք այսօր իշխանութեան մաս չեն, բայց նրանք էլ չէ՞ միմեանց հետ մրցակցելու են: Երէկ (յունւարի 17-ին-ԽՄԲ.) կարդացի, որ նոր դաշինք է ձեւաւորւում, որը համագործակցութեան մասին համաձայնագիր է պատրաստւում ստորագրել, ինչպէս ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Տերմիններն էլ նոյնն են…

Մենք տարբեր քաղաքական ուժեր ենք, ՀՅԴ-ն երբեք չի կորցրել իր անկախութիւնը, ինքնուրոյնութիւնը: Մենք կարողացել ենք այս տարիների ընթացքում երկրի առջեւ ծառացած առաջնահերթութիւնները պետական քաղաքականութեան ուղղութիւն դարձնել: Վստահ ենք, որ ճիշտ ճանապարհ ենք ընտրել, վստահ ենք, որ սկսւած փոփոխութիւններն առաւել արդիւնաւետ կը լինեն, եթէ ՀՅԴ-ն մեծամասնութիւն լինի, նաեւ իշխանութիւնը չունենայ բացարձակ մեծամասնութիւն, որպեէսզի հարցերը միմեանց համոզելով լուծւեն: Վստահ եմ, որ հասարակութեան գերակշիռ մասը գիտակցում է, որ այսօր օրակարգում են ՀՅԴ առաջադրած հիմնական խնդիրները, որոնց լուծման ուղղութեամբ դրական փոքր տեղաշարժեր՝ առաջին սաղմերը կան: Դրանք աւելի արագ ու արդիւնաւետ կը լինեն, երբ ՀՅԴ-ն աւելի մեծ տեղ ունենայ ապագայ պառլամենտում:

Բոլորն աջ ու ձախ ընկած դաշինքներ են ստեղծում: Այսօր ամենամոդայիկ բառը «դաշինք»-ն է դարձել: Բայց ՀՅԴ-ն մոդայիկ չէ, ՀՅԴ-ն մոդան թելադրողն է: Այդ նաեւ մենք ենք ստեղծել այս պայմանները՝ խորհրդարանական կառավարման համակարգը, որ միւսներն ակտիւօրէն դաշինքներ են կազմում, փորձում են ներգրաււել յաջորդ խորհրդարան: Բոլորն այսօր գնում են ընտրութիւնների՝ մոռանալով, որ սա նաեւ մեր վաստակն է, որ իրենք վստահութիւն ունեն ընտրութիւններով բան փոխելու վերաբերեալ: Մենք հանգիստ, խաղաղ մեր գործը անում ենք:

Կամ, խօսում են՝ իշխանափոխութիւնից, համակարգափոխութիւնից: Բոլորը տարիներ շարունակ խօսում էին, թէ նախագահին փոխենք, իշխանութիւնը փոխենք: Մենք դա արդէն արել ենք, փոխել ենք համակարգը: Այդ ի՞նչ պէտք է այսօր անէք, որ մենք չենք արել: Սեւացնելով, փնովելով, որեւէ բան չես փոխի: Հարցերը լուծւում են աշխատանքով:

 

- Գուցէ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ամբիցիաները միմեանց խանգարում են դաշինքով հանդէս գալու համար, քանի որ դուք մեծամասնութիւն կազմելու ակնկալիք ունէ՞ք:

- Համաձայն չեմ ձեր մեկնաբանութեան հետ: Իւրաքանչիւր քաղաքական ուժ, երբ մտնում է ընտրարշաւի մէջ, ամէն ինչ անում է, որ առաւելագոյն ձայներ ստանայ: Ես չեմ կարող ասել՝ ՀՀԿ, դու ամէն ինչ մի արա, որ ձայն չստանաս: Ո՛չ: Ամէն մէկն անելու է իր հնարաւորութիւնների համատեքստում:

 

- ՀՀԿ-ի հետ ստորագրած քաղաքական համագործակցութեան մասին յուշագիրն անժամկէտ է: Միշտ խօսւել է այն մասին, որ ընտրութիւններից յետոյ պարզ կը դառնայ՝ կը շարունակւի՞ արդեօք այդ համագործակցութիւնը, թէ՝ ոչ: Ի՞նչ արդիւնքներ էք ակնկալում՝ համագործակցութիւնը շարունակելու համար:

- Ամէն ինչ կախւած է ընտրութիւնների արդիւնքներից: Որեւէ մէկը չի կարող երաշխաւորել, թէ ապրիլի 3-ին մենք ինչ խճանկար կունենանք, ինչ պատկեր, ուժերի ինչ դասաւորւածութիւն եւ դրանից յետոյ ինչ քննարկումներ կընթանան:

 

- Ի՞նչ արդիւնք պէտք է գրանցէք, որ շարունակէք համագործակցութիւնը:

- Բարձր արդիւնք, շատ բարձր արդիւնք:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։