Հա

Քաղաքական

19/01/2017 - 11:40

Բասքըն Օրան.- «Դինքի պատմական առաքելութիւնն անհնար է կասեցնել»

Հրանտ Դինքը ջանում էր մերձեցնել հայկական եւ թուրքական հասարակութիւններին: Նա միակ մարդն էր, որ նման միջավայրում կարող էր դա անել: Դրա համար էլ սպանւեց:

«armenpress.am» - Հրանտ Դինքը ջանում էր մերձեցնել հայկական եւ թուրքական հասարակութիւններին: Նա միակ մարդն էր, որ նման միջավայրում կարող էր դա անել: Դրա համար էլ սպանւեց: Պոլսահայ մտաւորական Հրանտ Դինքի սպանութեան 10-րդ տարելիցին այս մասին գրում է թուրք մտաւորական Բասքըն Օրանը՝ «Արմէնպրես»-ին տրամադրւած «Ո՞վ էր Հրանտը, ո՞րն էր նրա առաքելութիւնը» յօդւածում: 

«1994 կամ 1995 թւականն էր, Միւլքիէում էի, հեռախօսազանգ եկաւ: «Ես ստամբուլցի գործարար Ֆըրաթ Դինքն եմ (Հրանտ Դինքն այն ժամանակ թուրքական այդպիսի կեղծանուն էր օգտագործում-հեղ.): Թերթում հրապարակւած Ձեր յօդւածում մեր՝ հայերի լեզուն էք պաշտպանել, զանգահարել եմ, որ շատ շնորհակալութիւն յայտնեմ»,- ասաց եւ նրա ձայնը սկսեց դողալ: 

Արդէն աչքերս լցւել էին, ես էլ չդիմացայ… 

Արդէն այստեղից էլ սկիզբ է առնում վերնագրում տրւած երկու հարցից առնւազն առաջինի պատասխանը. Հրանտը զգացմունքային մարդ էր, հայերի իրաւունքներն էր պաշտպանում: 

Առաջին անգամ Ստամբուլում գտնւելուս ժամանակ նրա տանը ընթրում էինք, երբ բացայայտեցի նրա ինքնութեան շատ կարեւոր մէկ այլ տարր: Ինչպէս բոլոր անատոլիական տներ, այպէս էլ նրանց տուն ներս էիր մտնում յօղաթափ հագնելով: Հրանտը անատոլիացի հայ էր»,- գրում է Օրանը: 

Նա նշում է, Ստամբուլի հայերը, քիչ բացառութիւններով, ամբողջութեամբ ինտեգրւած էին Օսմանեան կայսրութիւնում եւ արւեստի ու արհեստի ոլորտում երկրի հիմնական սիւներն էին: «Նրանք գրեթէ անվնաս դուրս եկան 1915-ի ողբերգութիւնից: Սակայն Անատոլիայում գտնւող հայերը ոչնչացւեցին, իսկ նրանք, ովքեր կարողացան ողջ մնալ, ժամանակի ընթացքում տեղափոխւեցին Ստամբուլ: Մալաթիացի Հրանտն էլ նրանցից մէկն էր եւ նրանց ներկայացուցիչն էր, հետեւաբար լաւ գիտեր, թէ ինչերի միջով են անցել»,- նշում է թուրք մտաւորականը: 

Օրանը գրում է, որ Հրանտի դուրը չէին գալիս շատ պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների կողմից Ցեղասպանութեան մասին ընդունւող որոշումները: 

«Կանադայից Աւստրալիա՝ Սփիւռքից միշտ հետեւեալն եմ լսել. «Մինչեւ նրա հետ ծանօթանալն այլ կերպ էի մտածում: Սակայն ինձ փոխեցին նրա հետեւեալ խօսքերը. «Ձեզ համար որն է կարեւոր. Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ընդունումը, թէ ժողովրդավարացումը»: Հրանտը ամբողջ աշխարհով պտտւում եւ խօսում էր Սփիւռքի հետ: Դա շատ բարդ գործ էր, քանի որ «Ցեղասպանութիւն» եզրոյթը արգելք էր թէ՛ թուրքերի, թէ՛ հայերի համար. թուրքերը լսելիս, իսկ հայերը՝ չլսելու ժամանակ աւտոմատ կերպով փակում էին ականջները: 

Հրանտը չէր հաւանում հայկական բանաձեւերը, սակայն որպէս սարսափելի ցաւեր ապրած անատոլիացի հայերի ներկայացուցիչ դատապարտում էր Թուրքիայի կողմից 1915-ի ժխտումը: Դրա վերաբերեալ հետեւեալն է ասել. «Փարիզի Կոնկորդ հրապարակ կը գնամ, կը կանգնեմ մի քարի վրայ եւ կը բղաւեմ՝ Ցեղասպանութիւն տեղի չի ունեցել: Դրանից յետոյ կը գնամ Անկարայի Քըզըլայ հրապարակ, մի քարի վրայ կը կանգնեմ եւ կը բղաւեմ՝ Ցեղասպանութիւն է եղել»,- գրում է Օրանը: 

Թուրք մտաւորականն առանձնանցնում է Դինքի իրականցրած պատմական առաքելութեան երեք կարեւոր կէտ: Առաջինը՝ թուրքերի վրայ նրա ունեցած ազդեցութիւնն էր: «Թուրքերը շոկ ապրելով ի վերջոյ իմացան 1915-ի մասին: Անգամ եթէ շատերը նեարդացան: Ինձ նրա առաջին հեռախօսազանգը հէնց դրա մի մասն էր: «Ակօս»-ի հիմնադրումը հիմնական քայլն էր, թուրքական մտաւորականութեան հետ կապ հաստատւեց, որն էլ ծառայեց որպէս Թուրքիա ինտեգրւելու միջոց: Պարբերականը դա յաջողեց թուրքերէն հրատարակութեան շնորհիւ: Սակայն չպէտք է մոռացւի, որ սկզբում թերթը 3, ապա 4 էջ էլ հայերէն էր հրատարակւում եւ խորհրդանշում էր ասիմիլիացիայի մերժումը»,- նշում է մտաւորականը: 

Որպէս երկրորդ առաքելութիւն՝ Օրանն ընդգծում է Թուրքիայի հայերի վրայ Հրանտի ունեցած ազդեցութիւնը՝ նշելով, որ նա կարողացաւ հայերին դուրս հանել բարոյական գետտոյից եւ վստահութիւն ներշնչեց նրանց: «Նրա շնորհիւ Ստամբուլում հայերի մեծ վերածնունդ սկսւեց: Այնքան, որ ի վերջոյ յունական եւ ասորական համայնքներն էլ դրանից ազդւեցին եւ կրկին սկսեցին երեւալ: Դրա հետ մէկ տեղ, Անատոլիայի անկիւններում ծպտեալ հայ մնացած մարդիկ սկսեցին բարձրաձայնել հայ լինելն ու անգամ մկրտւեցին»,- գրում է Բասքըն Օրանը: 

Որպէս առաքելութեան երրորդ կարեւոր մաս մտաւորականն առանձնանցնում է Սփիւռքի նկատմամբ Դինքի ունեցած ազդեցութիւնը: «Նա ազդեց Սփիւռքի վրայ, նպաստեց բազմակողմ մտածողութեանը: Բարդ գործ էր: 2003 թւականի հոկտեմբերի 7-ից մինչեւ 2004 թւականի մայիսի 14 Սփիւռքին ուղղւած 8 մասանոց մի շարք հրապարակեց: Դրանում առաջարկում էր հայկական ինքնութեան առողջութիւնը չպայմանաւորել տարբեր երկրների կողմից Ցեղասպանութեան ընունման կամ չընդունման փաստով: Ցանկանում էր, որ Սփիւռքն արդէն հրաժարւի Ցեղասպանութիւնը որպէս ընտրւած ողբերգութիւն (chosen trauma) կիառելուց, ինքնութիւնը կառուցի դրական տարրերի վրայ: Հրանտից յետոյ Սփիւռքը շատ փոխւեց: Ճիշտ թուրքերի նման: 

Նրա բոլոր ջանքերն ուղղւած էին երկու ժողովրդի մերձեցմանը: Նա միակ մարդն էր, որ կարող էր այդ մթնոլորտում դա իրականացնել: 

Դրա համար էլ սպանւեց: Այդ տեսանկիւնից մարդասպանների հաշւարկը «ռացիոնալ» էր… 

Սակայն սպանւելով վերածւեց սրբի, առաջացած հանրային արձագանքը նրա սկսած գործը տարածեց ողջ աշխարհով մէկ, Հրանտի յիշատակը վերածւեց փարոսի: 

Բարեխիղճ եւ խելացի մարդիկ՝ «Ակօս»-ի եւ «Հրանտ Դինք» հիմնադրամի գլխաւորութեամբ,  նրա պատմական առաքելուիւնը շարունակում են: Այն արդէն անհնար է կասեցնել»,- եզրափակել է յօդւածը թուրք մտաւորական Բասքըն Օրանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։