Հա

Քաղաքական

Կիրակի, 22 Յունւարի 2017 11:50

Դեսպան Սաջջադիին է ներկայացւել Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրման առաւելութիւնները

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանը յունւարի 19-ին հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

«ԱԼԻՔ» - ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանը յունւարի 19-ին հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարութեան լրատւական ծառայութիւնը՝ յաւելելով, որ հանդիպմանը ներկայ է եղել նաեւ «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲ ընկերութեան գլխաւոր տնօրէն Սերգէյ Վալկօն:

Նախարար Վահան Մարտիրոսեանը դեսպան Սաջջադիին է ներկայացրել Հայաստանի տարածքով Իրանից դէպի Եւրոպա եւ հակառակ ուղղութեամբ մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը, իսկ Սերգէյ Վալկօն ընդգծել է փոխադրման այս ճանապարհի առաւելութիւնները:

Մասնաւորապէս, շեշտադրւել է մուլտիմոդալ փոխադրման ընթացքում բեռների անվտանգութեան եւ փոխադրման մատչելիութեան գործօնները: Նախարարը դեսպանին առաջարկել է իրանական բիզնես հանրութեանը ներկայացնել այս հնարաւորութիւնը եւ սերտացնել շփումները բեռնափոխադրումների ոլորտում:

Դեսպան Սաջջադին, երախտագիտութիւն է յայտնել ընդունելութեան համար, եւ բարձր է գնահատել նախարարի մշտական պատրաստակամութիւնը: Սեյէդ Քազեմ Սաջջադին յայտնել է, որ անձամբ եղել է Երասխ կայարանում, ծանօթ է տերմինալի հնարաւորութիւններին եւ պատրաստակամ է իրանցի գործարարներին ներկայացնել բեռնափոխադրման այս ճանապարհը` որպէս բաւական արդիւնաւետ մոդել:

Վահան Մարտիրոսեանն առաջարկել է երկու երկրների գործարարների մասնակցութեամբ կազմակերպել համատեղ կլոր սեղան-հանդիպում եւ քննարկել բիզնես շփման ուղիներ:

Հանդիպման ընթացքում պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել Իրանի կապի նախարարի` Հայաստան այցելութեան կազմակերպչական հարցերի շուրջ:

Հանդիպման աւարտին դեսպան Սաջջադին ընդգծել է, որ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցւել Իրան-Հայաստան գործարար շփումների ոլորտում, դրան նպաստել է նաեւ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի վերացումը: Նա յայտնել է, որ մօտ ժամանակներս Իրանից Հայաստան է ժամանելու իրանցի գործարարների պատւիրակութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։