Հա

Քաղաքական

25/01/2017 - 12:20

Թեհրանը, Մոսկւան եւ Անկարան հաւատարիմ են մնալու Սիրիայի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան սկզբունքներին

Բանակցութիւնների աւարտին, Ղազախստանի արտգործնախարարն Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի անունից ընթերցել է բանակցութիւնների արդիւնքներն ամփոփող յայտարարութիւնը, որը նախօրէին համաձայանեցրել էին երեք երկրների պատւիրակութիւնները:

Աւարտւել են Աստանայի բանակցութիւնները

 

«ԱԼԻՔ» - Աստանայում աւարտւել են միջսիրիական բանակցութիւնները:

Բանակցութիւնների աւարտին, Ղազախստանի արտգործնախարարն Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի անունից ընթերցել է բանակցութիւնների արդիւնքներն ամփոփող յայտարարութիւնը, որը նախօրէին համաձայանեցրել էին երեք երկրների պատւիրակութիւնները:

Ամփոփիչ յայտարարութիւնն ընթերցւել է երեք երկրների ներկայացուցիչների եւ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Ստեֆան դէ Միստուրայի ներկայութեամբ:

Ամփոփիչ յայտարարութիւնում, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան յայտնել են, որ հաւատարիմ են Սիրիայի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքներին, եւ շեշտել են, որ սիրիական հակամարտութիւնը ռազմական լուծում չունի:

Յայտարարութիւնում նշւած է, որ երեք երկրները հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի մեխանիզմ ստեղծելու որոշում են ընդունել: Նրանք յայտնել են նաեւ հրադադարի ռեժիմը չընդունող ահաբեկչական խմբաւորումների դէմ համատեղ պայքարի մտադրութեան մասին:

Նշենք, որ բանակցութիւնների ամփոփիչ յայտարարութիւնը հրաժարւել են ստորագրել սիրիական ընդդիմութեան ներկայացուցիչները, որից յետոյ Սիրիայի կառավարական պատւիրակութիւնը նոյնպէս չի ստորագրել այն:

Սիրիական ընդդիմութիւնը յայտարարել է, որ դժգոհ է բանակցութիւնների արդիւնքներից եւ, որ դրանք չեն կարողացել բաւարարել իրենց պահանջները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։