Հա

Քաղաքական

25/01/2017 - 14:40

Երեւանում իրանցի գործարարներին ներկայացւել են մուլտիմոդալ բեռնափոխադրման առաւելութիւնները

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան, «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲ ընկերութեան համատեղ նախաձեռնութեամբ եւ Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի աջակցութեամբ տեղի է ունեցել հանդիպում իրանցի գործարարների հետ:

«ԱԼԻՔ» - ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան, «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲ ընկերութեան համատեղ նախաձեռնութեամբ եւ Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի աջակցութեամբ տեղի է ունեցել հանդիպում իրանցի գործարարների հետ:

Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ այս մասին յայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան լրատւական ծառայութիւնից։

Հաղորդագրութեան մէջ ասւում է. «Հարեւան երկրից ժամանած հիւրերին ներկայացւել են Հայաստանի` որպէս տարանցիկ երկրի հնարաւորութիւնները Իրան-Եւրոպա եւ հակառակ ուղղութեամբ բեռներ տեղափոխելիս:

Հանդիպման ընթացքում «Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութեան ներկայացուցիչը գործարարներին ներկայացրել է իրենց բազմամեայ փորձառութիւնը բեռնափոխադրումների կազմակերպման ոլորտում:

Իրանցի գործարարները ծանօթացել են նաեւ մուլտիմոդալ փոխադրման առաջին յաջող փորձին: Անցած տարւայ նոյեմբերին տրւեց Եւրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեկնարկը. փորձնական տարբերակով 2 կոնտէյներ ջրային ճանապարհով տեղափոխւեց Փոթի, այնուհետեւ երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, այստեղից էլ աւտոտրանսպորտով՝ Իրան:

Փորձնական մեկնարկը տեսանելի դարձրեց Փոթիից Երասխ կոնտէյներների տեղափոխման համար անհրաժեշտ ժամանակը՝ 38 ժամ, որը բաւական լաւ ցուցանիշ է:

Բեռների փոխադրման այս մոդելը շահեկան է նաեւ յուսալիութեան առումով: Բաւական է նշել, որ Եւրոպայում կոնտէյների վրայ դրւած կապարակնիքը մնում է ամբողջական մինչեւ բեռը Թեհրան հասցնելը:

«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲ ընկերութեան ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գւոզդեւի խօսքով` փոխադրումներ իրականացնելիս հնարաւոր է նկատի ունենալ իւրաքանչիւր պատւիրատուի անհատական պահանջները եւ մատուցւող ծառայութիւնը հարմարեցնել այդ պայմաններին:

Դմիտրի Գւոզդեւը խօսեց նաեւ բեռների ապահովագրութեան եւ գործընթացի կազմակերպման «մէկ պատուհան» սկզբունքի մասին:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան գերակայութիւններից համարւող այդ ծրագրի իրականացումը հնարաւորութիւն կը տայ մեծացնել Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծաւալը՝ նպաստելով Իրանի հետ առեւտրային յարաբերութիւնների զարգացմանը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։