Հա

Քաղաքական

Շաբաթ, 18 Փետրւարի 2017 09:17

4 դաշինք եւ 5 կուսակցութիւն կը մասնակցեն ՀՀ ԱԺ-ի 2017 թւականի ընտրութիւններին

Փետրւարի 16-ն ապրիլի 2-ին նախատեսւած ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւններին մասնակցութիւն ցանկացող կուսակցութիւնների եւ դաշինքների առաջադրման վերջին օրն էր:

«alikonline.ir»- Փետրւարի 16-ն ապրիլի 2-ին նախատեսւած ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւններին մասնակցութիւն ցանկացող կուսակցութիւնների եւ դաշինքների առաջադրման վերջին օրն էր:

Ինչպէս տեղեկացնում ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովը՝ ընտրութիւններին մասնակցելու յայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցութիւն: Դրանք են՝ Հայաստանի «Հանրապետական» կուսակցութիւնը (ՀՀԿ), Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) , «Հայկական վերածնունդ» կուսակցութիւնը (ՀՎԿ),  «Ազատ դեմոկրատներ» կուսակցութիւնը (ԱԴԿ) եւ Հայաստանի «Կոմունիստական» կուսակցութիւնները (ՀԿԿ): Իսկ դաշինքները, որոնք նոյնպէս ներկայացրել են առաջադրման փաստաթղթեր, հետեւեալն են՝ «Ծառուկեան», «Ելք», «ՀԱԿ-ՀԺԿ» եւ «Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան»:

ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխաւորելու են Վիգէն Սարգսեանը, Տարոն Մարգարեանն ու Արփինէ Յովհաննիսեանը: ՀՅԴ-ի նախընտրական ցուցակի առաջին եռեակը կազմել են Արմէն Ռուստամեանը, Աղւան Վարդանեանն ու Դաւիթ Լոքեանը: ՀՎԿ-ի ցուցակի առաջին հորզիոնականում Արթուր Բաղդասարեանն է, իսկ նրան հետեւում են Մհեր Շահգելդեանն ու Հեղինէ Բիշարեանը: ԱԴԿ-ի ցուցակի առաջին եռեակը ձեւաւորել են Խաչատուր Քոքոբելեանը, Հրանտ Բագրատեանն ու Ստեոպա Սաֆարեանը: ՀԿԿ-ի նախընտրական ցուցակը կը գլխաւորեն  Տաճատ Սարգսեանը, Վազգէն Սաֆարեանն ու Գագիկ Մանուկեանը:

«Ծառուկեան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականում Գագիկ Ծառուկեանն է: Նրան հետեւում են Իշխան Զաքարեանն ու Նաիրա Զոհրաբեանը: «Ելք»-ի առաջատար եռեակը ձեւաւորել են Էդմոն Մարուքեանը, Արամ Զաւէնի Սարգսեանն ու Նիկոլ Փաշինեանը: «ՀԱԿ-ՀԺԿ»-ի առաջին եռեակում են Լեւոն Տէր-Պետրոսեանը, Ստեփան Դեմիրճեանն ու Լեւոն Զուրաբեանը: «Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» դաշինքի նախընտրական ցուցակն էլ գլխաւորելու է Սէյրան Օհանեանը, իսկ նրան հետեւելու են Արմէն Մարտիրոսեանն ու Վարդան Օսկանեանը:

Հետաքրքիր են նաեւ ընտրութիւններին մասնակցութեան յայտ ներկայացրած քաղաքական ուժերի նախընտրական կարգախօսերը:

ՀՀԿ-ն դեռ չի հրապարակել, թէ ինչ կարգախօսով է մասնակցելու ընտրութիւններին: ՀՅԴ-ը կը ներկայանայ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախօսով: ՀՎԿ-ն՝ «Քւէարկի՛ր յանուն փոփոխութեան, քւէարկի՛ր յանուն վերածննդի» կարգախօսով: ԱԴԿ-ն ընտրել է «Մենք կարող ենք» կարգախօսը, իսկ ՀՀԿ-ի պէս դեռեւս պարզ չէ նաեւ ՀԿԿ-ի կարգախօսը:

«Ծառուկեան» դաշինք ներկայանալու է «Փոփոխութիւնների եւ կառուցելու ժամանակն է» կարգախօսով: «ՀԱԿ-ՀԺԿ»-ն՝ «Խաղաղութիւն, հաշտութիւն, բարիդրացիութիւն» կարգախօսով: «Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» դաշինքն ընտրել է «Ժառանգութիւն, համախմբում, յաղթանակ» կարգախօսը, իսկ «Ելք»-ն ընտրողներին կը ներկայանայ «Ընտրութիւն, փոփոխութիւն, յաղթանակ» կարգախօսով:

Նշենք, որ կուսակցութիւնների եւ դաշինքների գրանցման գործընթացը կիրականացւի փետրւարի 16-ից սկսեալ 10 օրերի ընթացքում։ Իսկ քարոզարշաւը կը մեկնարկի մարտի 5-ին եւ կը տեւի մինչեւ մարտի 31-ը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։