Հա

Քաղաքական

Կիրակի, 19 Փետրւարի 2017 12:17

Դոկտ. Զարիֆ. «Տարածաշրջանային հիմնախնդիրները պէտք է կարգաւորւեն բացառապէս բանակցութիւնների միջոցով»

Միւնխէնի անվտանգութեան 53-րդ համագումարի շրջանակում, այսօր ելոյթով հանդէս է եկել ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir»- Միւնխէնի անվտանգութեան 53-րդ համագումարի շրջանակում, այսօր ելոյթով հանդէս է եկել ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին, նա նշել է, որ դրանք պէտք է կարգաւորւեն բացառապէս բանակցութիւնների միջոցով:

«Իրաքի, Սիրիայի եւ Բահրէյնի հիմնախնդիրները չունեն ռազմական լուծում: Դրանք պէտք է կարգաւորւեն քաղաքական բանակցութիւնների ճանապարհով»,- ասել է դոկտ. Զարիֆը:

Առկայ հիմնախնդիրները քաղաքական բանակցութիւնների միջոցով կարգաւորելու լաւագոյն օրինակը նա համարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցութիւնները. «Միջուկային բանակցութիւններն ու դրանց արդիւնքները քաղաքական յաջողութիւն էր բոլոր կողմերի համար»,- նշել է նա:

«Հաւատացած եմ, որ տարածաշրջանային բանակցութիւնների ընթացքում մենք միմեանց օգնութեան կարիքն ունենք: Մենք կարող ենք պրոբլեմն ախտորոշելուց յետոյ դրա կարգաւորման համար առաջարկենք լուծումներ: Կարծում եմ, թէ այդ կապակցութեամբ մենք կարող ենք որոշակի քայլեր ձեռնարկել, եւ աշխարհի առաջնորդներն ունեն այդ ուղղութեամբ շարժւելու անհրաժեշտ կարողութիւնը»,- յայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Իր ելոյթում, դոկտ. Զարիֆը կարեւորել է տարածաշրջանային կայունութիւնը: Նա քննադատել է արտատարածաշրջանային ուժերի միջամտութիւնը տարածաշրջանում՝ նշելով, որ դրանք յաճախ տարածաշրջանում անկայունութեան եւ կոնֆլիկտի պատճառ են դառնում:

Տարածաշրջանային հիմնախնդիրների կարգաւորման գործում նա կարեւորել է փոխվստահութեան մթնոլորտի ձեւաւորումը, ծայարայեղականութեան դէմ պայքարն ու անվտանգութեան ամրապնդումը:

«Տարածարջանային կայունութեան ձեւաւորման գործում պէտք է համագործակցեն տարածաշրջանի բոլոր երկրները: Տարածաշրջանային հիմնախնդիրները հնարաւոր է կարգաւորել բանակցութիւնների միջոցով, որոնք հիմնւած կը լինեն կողմերի համար ընդունելի սկզբունքների վրայ»,- ասել է ԱԳ նախարարը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։