Հա

Քաղաքական

06/07/2019 - 11:30

Ռոհանիի` դոլարից հրաժարւելու առաջարկը. ի՞նչ կը շահի եւ ի՞նչ կը կորցնի Հայաստանը

Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առաջին հերթին ազդում են բանկային ոլորտի վրայ, եւ այդ առումով դոլարից հրաժարւելը թոյլ կը տայ հարեւան երկրների հետ աւելի հեշտ իրականացնել առեւտրային գործողութիւններ։

«alikonline.ir» - Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առաջին հերթին ազդում են բանկային ոլորտի վրայ, եւ այդ առումով դոլարից հրաժարւելը թոյլ կը տայ հարեւան երկրների հետ աւելի հեշտ իրականացնել առեւտրային գործողութիւններ։

Իրանը ձգտում է ամերիկեան պատժամիջոցների պայմաններում պահպանել գործընկերների հետ առեւտրատնտեսական յարաբերութիւնների մակարդակը։ Հէնց այդ համատեքստում պէտք է դիտարկել ԻԻՀ նախագահի առաջարկը Հայաստանի հետ փոխհաշւարկներում ազգային արժոյթի անցնելու մասին։ «Sputnik» Արմենիայի հետ հարցազրոյցում նման կարծիք յայտնեց Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը։

Յուլիսի 3-ին Թեհրանում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին առաջարկել է փոխադարձ առեւտուր իրականացնել ազգային արժոյթով։ Նրա կարծիքով` այդ քայլը թոյլ կը տայ երկու երկրներին զգալիօրէն աւելացնել ապրանքաշրջանառութեան ծաւալները։

Ոսկանեանը յիշեցրեց, որ Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առաջին հերթին ազդում են բանկային ոլորտի վրայ, եւ այդ առումով դոլարից հրաժարւելը թոյլ կը տայ հարեւան երկրների հետ աւելի հեշտ իրականացնել առեւտրային գործողութիւններ։ Թեհրանը հիմա նման առաջարկներ է անում իր միւս գործընկերներին` Ռուսաստանին եւ Չինաստանին։

«Իհարկէ, այդ առաջարկին լաւագոյն գնահատական կարող են տալ տնտեսական հատւածի ներկայացուցիչները։ Այնուամենայնիւ, հարցն առնւազն կարելի է քննարկել։ Եւ եթէ տնտեսական հետեւանքներն ուսումնասիրելիս պարզւի, որ մեզ դա ձեռնտու է, ապա ինչու ոչ, եկէք անցնենք ազգային արժոյթով առեւտրի»,- նշեց Ոսկանեանը։

Նա յիշեցրեց, որ Իրանի հետ յարաբերութիւնները չափազանց կարեւոր են Հայաստանի համար, եւ դրանք ունեն ոչ միայն տնտեսական, այլ նաեւ աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Գրիգորեանի հետ վերոյիշեալ հանդիպմանը կրկին հնչել է Պարսից ծոց - Սեւ ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցը։ Հայաստանին այդ միջանցքի ստեղծման մէջ յատկացւում է շատ լուրջ տեղ։

Իրադրութիւնն այլ տեսանկիւնից է դիտարկում ԱԺ ֆինանսավարկային եւ բիւջէտային հարցերի յանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկեանը։ Նա կարծում է, որ ազգային արժոյթի անցնելն առաջին հերթին կախւած է փոխադարձ առեւտրի ծաւալներից։ Ցաւօք, այդ ծաւալներն այդքան զգալի չեն, բացի այդ իրանական ռիալն աւելի շատ է հակւած փոխարժէքի տատանումների, քան հայկական դրամը։ Այդ տատանումները կարող են չափազանց բացասական ազդեցութիւն ունենալ կողմերից մէկի վրայ։

«Բանն այն է, որ իրանական ռիալը ազատ կոնւերսիայի ենթարկւող արժոյթ է, ուստի այստեղ ռիսկերը չափազանց շատ են։ Այդ ռիսկերը կարող էին աւելի քիչ լինել, եթէ ներկրումն ու արտահանումը մօտաւորապէս նոյն մակարդակի վրայ լինէին։ Հայաստանն աւելի շատ ներկրում է Իրանից, քան արտահանում այնտեղ»,- ասում է Մանուկեանը։

Նրա խօսքով` ազգային արժոյթի անցնելը տւեալ փուլում յատկապէս արդիական է Ռուսաստանի դէպքում, որից Հայաստանը գազ է ստանում։ Ազգային արժոյթով էներգակիրների առեւտուրն օգուտ կը տար հայկական տնտեսութեանը, քանի որ էներգակիրների գինը կախւած չէր լինի արժոյթների փոխարժէքի տատանումներից։ Բայց Իրանի դէպքում դժւարութիւններն աւելի շատ են, քան լուծումները։

«Մենք Իրանի հետ ունենք ֆինանսական շրջանառութեան, փոխանցումների այն մասշտաբները, որոնք ունենք Ռուսաստանի դէպքում։ Բացի այդ, իրանական արժոյթը չափազանց խոցելի է տւեալ փուլում` ի տարբերութիւն հայկական դրամի։ Դա լրացուցիչ խնդիրներ կը ստեղծի Հայաստանի համար»,- նշեց պատգամաւորը։

Փոխադարձ հաշւարկներում ազգային արժոյթների անցնելն իրատեսական եւ շահաւէտ կը լինի այն դէպքում, եթէ Իրանը միանայ ԵԱՏՄ-ին։ Այդ դէպքում միաւորման ներսում առեւտրի ապադոլարացումն աւելի շատ օգուտ կը բերեր բոլոր անդամ երկրներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։