Հա

Հասարակական

20/02/2014 - 11:00

Վերարժեւորելու եւ հանրահռչակելու պահը (Փետրւարի 18-ի առիթով)

Չգիտեմ քանի մարդ է Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը տօն համարում, իսկ քանիսը՝ «դաշնակցական աւանտիւրա», բայց անձամբ ինձ համար Փետրւարի 18-ը տօնացոյցում խոշոր, կարմիր գոյնով ընդգծւած ամենակարեւոր եւ սիրելի տօներից մէկն է:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Չգիտեմ քանի մարդ է Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը տօն համարում, իսկ քանիսը՝ «դաշնակցական աւանտիւրա», բայց անձամբ ինձ համար Փետրւարի 18-ը տօնացոյցում խոշոր, կարմիր գոյնով ընդգծւած ամենակարեւոր եւ սիրելի տօներից մէկն է:
Դեռ աւելին՝ եթէ փորձեմ ամբողջովին անկեղծ լինել, ապա պէտք է խոստովանեմ, որ այն ինձ համար հայոց տօների տօնի՝ Մայիսի 28-ից յետոյ, ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ազգային տօներից մէկն է, հաւասարազօր՝ Սեպտեմբերի 21-ին եւ Մայիսի 9-ին:

* * *

Փետրւարի 18-ի բնութագիրը

Փետրւարի 18-ի բնութագիրը միանշանակ է. «Այն ամէն ինչից առաջ եւ վեր համաժողովրդական ապստամբութիւն էր»:
«Ժողովրդային ըմբոստացման եւ ոչ թէ պետական յեղաշրջման քայլ էր Փետրւարի 18-ը: Գաղափարական կամ քաղաքական յեղափոխութիւն չէր պատահած: Նաեւ թելադրւած չէր Դաշնակցութեան ղեկավար մարմիններուն կամ գործիչներուն կողմէ, որոնք երկու ամիս առաջ՝ 2 դեկտեմբերի 1920-ին, ի տես Լենին-Քեմալ գործակցութեամբ նորանկախ Հայաստանի ամբողջական պաշարումին եւ պետական կործանման վտանգին, երկու չարեաց փոքրագոյնն ընտրելու քաղաքական հաշւարկով՝ իշխանութիւնը զիջած էին խորհրդայիններու լիազօր ներկայացուցիչ Լեգրանին եւ անոր հովանաւորած Կասեանի, Նուրիջանեանի եւ Աթարբէգեանի այսպէս կոչւած Յեղկոմին...»,- գրում է դաշնակցական տեսաբան Նազարէթ Պերպերեանը:
Փաստօրէն, երկու ամսից աւելի քիչ ժամանակ էր հարկաւոր, որպէսզի հատի համբերութեան սահմանը եւ հայ ժողովուրդն արձագանգի 1920 թւականի դեկտ. 2-ից յետոյ ծաւալւած իրադարձութիւնների ընթացքին, որոնք առաջին հերթին ոտնատակ էին տւել հայ մարդու մարդկային արժանաւորութիւնը:
Փետրւարեան ապաստամբութիւնը հայ ժողովրդի գերագոյն ճիգն էր՝ առաջին հերթին վերականգնելու հէնց ոտնատակ տրւած մարդկային արժանապատւութիւնը, որի մարմնաւորումն էր համարւում արեան եւ անասելի տառապանքների գնով նւաճւած անկախութիւնը:

Փետրւարի 18-ի պատմական նշանակութիւնը

Առաջին հայեացքից թւում է, թէ Փետրւարեան ապստամբութիւնը 20-րդ դարի առաջին տասնամեակների խելայեղ յորձանուտում ծաւալւած շղթայական իրադարձութիւնների հերթական մի մասնիկն է, որի պատմական նշանակութիւնն ու արժէքը սահմանափակւում է հէնց 1920 թւականի դեկտ. 2-ից մինչեւ 1921 թւականի ապրիլի 2-ն ընկած ժամանակահատւածով, երբ ծաւալւել են այն իրադարձութիւնները, որոնց գագաթնակէտն էր Փետրւարեան ապստամբութիւնը:
Սակայն, ինչպէս ասացինք, դա ընդամէնը միայն առաջին հայեացքից: Իրականում՝ Փետրւարեան ապստամբութիւնն իր թողած նշանակալի հետքերով կարողացել է շղթայազերծել ժամանակի ամենազօր կապանքները եւ ձգւել, հասել է մեր օրերը՝ չկորցնելով իր պատմական նշանակութիւնն ու թարմութիւնը:
«Աշխարհաքաղաքական ծանր ու օրհասական պայմաններուն մէջ կատարւեցաւ Փետրւարեան ապստամբութիւնը, որ իբրեւ ազատութեան եւ արդարութեան ի խնդիր ծաւալւած համաժողովրդային ըմբոստացում՝ ոչ միայն արկածախնդրութիւն չէր, այլեւ՝ պատմական անհրաժեշտութիւն:
Անիկա անխուսափելի վիրահատման նշտրակի եւ փրկարար սրբագրումի նշանակութիւն ունեցաւ Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի համար»,- դիպուկ է ասել իմ գաղափարակից աւագ ընկերը՝ Նազարէթ Պերպերեանը:
Պատմական անհերքելի փաստ է, որ.
- Բոլշեւիկեան նորաստեղծ կայսրութեան առաջին ժողովրդական ըմբոստութիւնը Հայաստանին փրկեց քաղաքացիական արիւնահեղ պատերազմի վերահաս աղէտից, որի մասին այնքան երազում էին յեղկոմականների մոլագար ուղեղները:
Թէեւ, ի վերջոյ, 1921 թւականի ապրիլի 2-ին բոլշեւիկներին յաջողւեց վերադառնալ իշխանութեան, բայց արդէն Աւիսներին ու Կասեաններին փոխարինման եկաւ առաւել ազգային դիմագիծ ունեցող Ալեքսանդր Միասնիկեաններն ու Սարգիս Լուկաշինների Յեղկոմը՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմից խուսափելու լենինեան յստակ ցուցմունքով:
- Փետրւարեան ապստամբութեան շնորհիւ՝ վերահաս մահից փրկւեցին հայ ժողովրդի մտաւորականութեան սերուցքը, ժամանակի քաղաքականհասարակական ականաւոր գործիչները, որոնց արդէն հայրենիքից վտարանդի պայմաններում յաջողւեց ի մի բերել եւ կազմակերպել Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած հայ ժողովրդի բեկորներին՝ ձեւաւորելով սփիւռքեան հզօր գաղթօջախները:
- Աշնանացանի պէս, Փետրւարեան ապստամբութիւնը մայր հողին ի պահ տւեց ամենավեհ գաղափարի՝ անկախութեան սերմերը, լաւ ժամանակներում՝ գարնանը ծիլ տալու ակնկալիքով:
Ճակարագրի տնօրինմամբ բարեբեր գարունը վրայ հասաւ 1988 թւականի նոյն այդ փետրւար ամսին, երբ 67 տարի առաջ հողին՝ մեր պարագայում՝ ժողովրդի յիշողութեանը ի պահ էին տրւել անկախութեան սերմերը:

Փետրւարի 18-ը վերարժեւորելու անհրաժեշտութիւնը

Բնականօրէն, անկախութիւնը վերանւաճելուց յետոյ, Փետրւարի 18-ը պէտք է որ իր արժանի տեղը գրաւէր մեր տօնացոյցում՝ դառնալով մեր ազգային կարեւորագոյն տօներից մէկը:
Սակայն, դժբախտաբար, ինչպէս Մայիսի 28-ը Փետրւարի 18-ը եւս մնաց լուսանցքում:
Բնաւ զարմանալ պէտք չէ: Սա բնական եւ օրինաչափ է, քանզի անցեալ երկու տասնամեակներում մեզ ազգովի չի յաջողւել այնպիսի հասարակութիւն ձեւաւորել, որը ունակ է հրաժեշտ տալու ՀԱՆԳՈՒՑԵԱԼԻՆ:
Խոստովանենք, մենք դեռեւս զգում ենք սովետական անցեալի գարշահոտը: Մենք դեռ չենք ստեղծել անկախութեան շրջանին յատուկ մտածողութեան մոդելը, որտեղ անկախութիւնը կը հռչակւի ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԷՔ, որին անհնար է փոխանակել ընդամէնը մի քանի հազար խորանարդ մետր գազով:
Չենք ուզում հաւատալ (առնւազն մեր ազգի հայաստանեան հատւածի մի զգալի մասի կտրւածքով), որ արդի աշխարհում այլեւս հնարաւոր չէ ապրել, գործել ու գոյատեւել սովետական մտածողութեամբ, արժեհամակարգով, մեթոդներով ու չափանիշերով:
Եւ քանի դեռ «մեծ արջից» կախւածութեան մէջ մնալու ցանկութիւնն այսքան մեծ է, լուսանցքում կը մնան Մայիսի 28-ն էլ, Փետրւարի 18-ն էլ ու մենք կը շարունակենք ապրել արժէքային ճգնաժամ:
Կարծում եմ, որ վաղուց հասունացել է անկախութեան եւ մարդկային արժանապատւութեան արժեհամակարգը մարմնաւորող Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեան վերարժեւորման եւ հանրահռչակման պահը:
Սա օրհասական անհրաժեշտութիւն է, որը կարող է դառնալ մեր փրկօղակը՝ այս դժւարին օրերում:
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք...

Յարակից լուրեր

  • Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»
    Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»

    Անկախութեան 28 տարիների ընթացքում ձեռք բերածի, բացթողումների եւ Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին Sputnik Արմենիան զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պօղոսեանի հետ։

  • Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը
    Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը

    Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մէկը՝ քաղաքամայր Կիոտոյում, միւսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաեւ գորտի պալատական փոքրիկ ջրհորը, եւ գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կեանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կը տեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կը վայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորութիւնից։ Եւ գորտը դուրս է գալիս իր տնից եւ ուղեւորւում դէպի Օսակա։

  • Սեպտեմբերի 21-ի առիթով. Անկախութիւնը եւ մեր անելիքները
    Սեպտեմբերի 21-ի առիթով. Անկախութիւնը եւ մեր անելիքները

    Պատմական տարբեր փուլերում անկախութեան բովանդակութեան բաղադրիչները՝ կապւած  ժամանակի պատմաքաղաքական եւ հասարակական մարտահրաւէրների հետ, որոշակի փոփոխութիւնների են ենթարկւում: Սակայն, այն, որ խորքային իմաստով անկախութիւնը բացարձակ արժէք է, որին չկայ որեւէ այլընտրանք միանշանակ փաստ է, որի մասին երկու կարծիք լինել չի կարող:

  • Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...
    Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...

    Ժողովուրդների ինքնաճանաչման ու ինքնահաստատման մնայուն երաշխիքը, յատկապէս որպէս ազգ-միաւոր, պետական անկախութիւնն է… հայութիւնն ու Հայաստան աշխարհը դա ճաշակում են արդէն 28 տարի՝ օրինաչափ վերիվայրումներով հանդերձ, որոնց մեկնակէտը, եւ ամենանշանակալին, նոյնինքն Անկախութեան վերանւաճումն էր՝ եօթ տասնամեակ անց:

  • Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը
    Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը

    Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանութիւնը մէկ տարուց աւելի ալեկոծում է հայկական իրականութիւնը: Վերջապէս, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանութեան այս կամ այն քայլերը եւ ո՞րն է ընդհանուր ռազմավարութիւնը, որի շրջանակներում կատարւում են այդ քայլերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։